ՄԵԾԱՀՌՉԱԿ ԵՐԳԱՀԱՆՆԵՐԻՆ ԿՈՐԾԱՆՈՂ «9-ՐԴ ՍԻՄՖՈՆԻԱՅԻ» ԼԵԳԵՆԴԸ ԿԱՄ «ՀԵՔԻԱԹՆԵՐԻ» ԱՆԵԾՔԸ
![]() Ում հայտնի չէ պատմությունն այն մասին, թե ինչպես գորշագույն թիկնոցով խորհրդավոր անծանոթը Մոցարտին պատվիրեց թաղման երաժշտություն: Պարզվեց, որ պատվիրատուն կոմս ֆոն Վալզեգ-Շտուպախն էր, որը մտադիր էր այդ ստեղծագործությունը նվիրել իր հանգուցյալ կնոջ հիշատակին և յուրաքանչյուր տարի կատարել այն: Գորշ համազգեստով մարդը նրա տան կառավարիչն էր… «Ռեքվիեմի» վրա աշխատելու ընթացքում Մոցարտի առողջությունը սկսեց արագորեն վատանալ: Պատվերը նա ստացավ 1791 թ. հուլիսին: Նույն թվի դեկտեմբերի 5-ին երգահանը մահացավ: Ինչպես գիտենք, նրա մահը դարձավ բազմաթիվ լուրերի և ենթադրությունների առարկա, այդ թվում նաև թունավորման վարկածը` Մոցարտին նախանձող Սալիերիի կողմից: Հետագայում այդ վարկածը լիակատար սնանկ դուրս եկավ… Այսպես թե այնպես, Մոցարտը չհասցրեց ավարտել աշխատանքը «Ռեքվիեմի» վրա, իսկ առաջին անգամ այն հնչեց նրա թաղման ժամանակ… ![]() Պարզվում է, որ ճակատագրական «թաղման» սիմֆոնիաներ գոյություն են ունեցել նաև ուրիշ երգահանների ստեղծագործություններում: Օրինակ, Բեթհովենի համար վերջինը եղավ նրա Իններորդ սիմֆոնիան, որը նա գրել էր 1823 թվականին: Տասներորդը նա այդպես էլ ավարտել չհասցրեց: Շուբերտի «Մեծ սիմֆոնիան» գրվեց մահից անմիջապես առաջ, որը նույնպես իններորդն էր: Չկարողացավ հաղթահարել Իններորդ սիմֆոնիայի սահմանը նաև Գուստավ Մալերը: Ճիշտ է, նա ավարտեց իր Իններորդ սիմֆոնիան, բայց Տասներորդը մնաց անավարտ` նա վախճանվեց 1911 թվին: 1998 թ. մահացավ հանրահայտ Ալֆրեդ Շնիտկեն: Նրա մահից մի քանի ամիս առաջ Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում հնչեց նրա Իններորդ սիմֆոնիան: Ի դեպ, վերը հիշատակված բոլոր երգահաններն էլ ռեքվիեմի հեղինակներ էին: Զուգադիպությու ՞ն է դա… ![]() Ինչպես հայտնի է, այն հեքիաթները, որոնք գրել էր Հոֆմանը, ամենևին էլ զվարճալի չէին: Նրանցում հաճախ գոյություն ունեին մահը, սև մոգությունը և այլ սատանայական բաներ… Սկզբում Օֆֆենբախը իր նոր ստեղծագործությունը մտադրվել էր նվիրել իր բարեկամ և օգնական, թատերական գործիչ Վիլմեսանին: Բայց նա անսպասելիորեն մահացավ: Ճիշտ է, նա ծեր էր և զառամյալ: Այն ժամանակ երգահանը այն ձոնեց իր որդի Օգյուստին: Բայց նա էլ էր դատապարտված մահվան: Եվ դա էլ ոչ մեկին չզարմացրեց` Օգյուստը շատ հաճախ էր հիվանդանում: Օպերայի վրա աշխատելիս Օֆֆենբախի առողջությունը նույնպես սկսեց տեղի տալ: Կարծես թե «Հեքիաթները» քամել էին նրա բոլոր ուժերը: 1880թ. հոկտեմբերին երգահանը մահացավ: «Հեքիաթների» առաջին ներկայացումը կայացավ Փարիզում, 1881 թ. փետրվարի 10-ին և ունեցավ մեծ հաջողություն: Սակայն դրանից անմիջապես հետո նրանց, ովքեր կապ ունեին օպերայի ստեղծման հետ, սկսեց հետապնդել ինչ-որ չարաբաստիկ ճակատագիր: Օֆֆենբախի բարեկամ և ընկերակից Էռնեստ Գիրոն, որին վիճակված էր ավարտել «Հեքիաթների» պարտիտուրան և գործիքավորումը` ընկավ և կոտրեց ոտքը: Թատերագիր Մելյակը և Գալեվին, որոնք գրել էին օպերայի տեքստը` լրջորեն հիվանդացան, իսկ Կարվալյոն` «Օպերա կոմիկ» թատրոնի տնօրենը, որն առաջինն էր բեմադրել «Հեքիաթները»` անհաջող վերցնելով թատրոնի աստիճաններից մեկի բազրիքը` ընկավ և ձեռքը դուրս ջարդեց: ![]() 1881թ. վերջերին «Հեքիաթները» բեմադրեցին վիեննական «Ռինգտեատրում»: Այն հասարակության մեջ ունեցավ շռնդալից հաջողություն, բայց երկրորդ բեմադրության ժամանակ թատրոնի շենքում հրդեհ բռնկվեց, որի հետևանքով մի քանի մարդ զոհվեց և մի քանի հարյուր մարդ էլ տուժեց հրմշտոցի պատճառով: Թատրոնի շենքը ամբողջությամբ այրվեց: Հենց այդ ժամանակ էլ հիշեցին հենց իր` Հոֆմանի «Ունդինա» օպերան (հանրաճանաչ գրողը, այսպես ասած, համատեղության կարգով նաև երաժիշտ էր ու երգահան), որի բեմադրության ժամանակ այրվեց Բեռլինի թագավորական թատրոնը… Անցավ որոշ ժամանակ, և 1887թ. հրդեհ բռնկվեց «Օպերա կոմիկի» շենքում` նույնպես «Հեքիաթների» բեմադրության ժամանակ: Այնուհետև «Հոֆմանի հեքիաթները» արժանացան վատ համբավի: Այն սկսեցին անվանել «սատանայական օպերա» և դադարեցին բեմադրել` հավատալով, որ նա միայն դժբախտություն է բերում: Եվ միայն 1905 թ. այն նորից հայտնվեց բեմում, այս անգամ էլ պարզվեց, որ Օֆֆենբախի ստեղծագործության պարտիտուրայի բնագիրը ինչ-որ մի տեղ անհետացել է: Որոշեցին, որ այն այրվել է «Օպերա կոմիկի» հրդեհի ժամանակ: Բայց առեղծվածը դեռ շարունակվում էր: 70-ական թվականներին գերմանական կինոյի Շաբաթօրյակում ցուցադրեցին «Հեքիաթների» էկրանավորումը: Այս անգամ էլ ժապավենը կտրվեց և այն վերականգնել այդպես էլ չհաջողվեց: Միանգամից չստացվեց նաև օպերայի հեռուստացուցային բեմադրությունը, որտեղ Հոֆմանի դերերգը կատարում էր Պլասիդո Դոմինգոն: 2004 թ. ամռանը անսպասելիորեն գտնվեց «Հոֆմանի հեքիաթների» պարտիտուրան: Այն հանգիստ սպասում էր իր ժամին Փարիզյան օպերայի գրադարանում: Այդ ժամանակից սկսած «սատանայական օպերայի» բեմադրություններն անցնում են առանց որևէ միջադեպի: Ըստ երևույթին, հանելուկային անեծքը դադարել էր գործել: Ինչպես ասում են` «չարը խափանվեց»: Մարգարիտա Տրոյցինա | |
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ | |
4460 reads | 22.05.2013
| |