ԿԱՐՈ՞Ղ ԷՐ ՍՏԱԼԻՆԸ ՓՐԿԵԼ ԻՐ ՈՐԴՈՒՆ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԳԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ
![]() VIP-գերին 34-ամյա Յակով Ջուղաշվիլին գերի ընկավ պատերազմի հենց սկզբում` 1941-ի հուլիսի 16-ին, Վիտեբսկի մոտ սովետական զորքերի նահանջի ժամանակ: Նա «մի անփորձ» ավագ լեյտենանտ էր, որը հենց նոր էր ավարտել հրետանային ակադեմիան և իր հորից խրատ էր ստացել` « Գնա, կռվի՛ր»: 14-րդ հրանոթային գնդի 14-րդ տանկային դիվիզիան, որտեղ Ջուղաշվիլին մարտկոցի հրամանատար էր, կռիվը տանուլ տալուց հետո ընկավ շրջապատման մեջ: Յակովը, ի տարբերություն մյուսների, չկարողացավ վերադառնալ յուրայինների մոտ, և նրան հաշվեցին անհայտ կորած: Մի քանի օր անց գերմանական հակահետախուզությունը սովետական տարածքների վրա թափեց թռուցիկներ, որոնցում Ստալինի որդին նկարված էր ֆաշիստների շրջապատում: Թռուցիկում ասվում էր, որ Յակով Ջուղաշվիլին «գերի է հանձնվել մի քանի հազար այլ հրամանատարների և մարտիկների հետ» և այդ պատճառով էլ «կենդանի է, առողջ և իրեն հոյակապ է զգում»: ![]() Գերմանացիները բոլորին խորհուրդ էին տալիս հետևել նրա օրինակին` «Ինչի՞ համար գնալ դեպի անխուսափելի մահ, եթե նույնիսկ ձեր գերագույն պարագլխի որդին է հանձնվել»: Ստալինի մյուս պատկերավոր արտահայտությունը` «Ես այդպիսի որդի չունեմ», իբր թե ասվել էր այն բանից հետո, երբ նա տեսել էր այդ թռուցիկը: Ի՞նչ նկատի ուներ Ստալինը: Այն, որ թռուցիկը կեղծված է և այնտեղ Յակո՞վը չէ պատկերված, թե՞ այն, որ Ստալինը այլևս չի ուզում ճանաչել իր դավաճան որդուն: Հայտնի չէ: Մեզ են հասել գերության մեջ գտնվող Յակով Ջուղաշվիլու հարցաքննության արձանագրությունների բնօրինակները: Դրանցից հետևում է, որ Ստալինի որդին իրեն շատ արժանավայել է պահել, գերմանացիներին չի հաղորդել ոչ մի զինվորական գաղտնիք և հրաժարվել է համագործակցել նրանց հետ: Ինչպես հետագայում գրել է պատմաբան Սերգեյ Կուդրյաշովը «Ընդհանուր առմամբ Յակովը, իր ապրումներից բացի, գերմանացիներին առանձնապես պատմելու բան էլ չուներ…»: Հայտնի է, որ Յակովը գերմանական համակենտրոնացման ճամբարներում երկու տարի պահվում էր որպես VIP-ի բանտարկյալ` սկզբում Համմելբուրգում, հետո Լյուբեկում, իսկ հետո Զակսենհաուզենում: Նրան ջանասիրաբար հսկում էին որպես քաղաքական խաղերի խաղաքարտ և Ստալինի վրա ճնշում գործադրելու հատուկ միջոց: Այդ խաքաքարտը գերմանացիները փորձեցին օգտագործել 1942-43թթ. ձմռանը, Ստալինգրադի տակ կրած պարտությունից հետո: Կարծիք կա, որ Հիտլերը շվեդական «Կարմիր խաչի» ներկայացուցիչ կոմս Բերնադոտի միջոցով դիմել էր Ստալինին` Յակովին գերեվարված ֆելդմարշալ Պաուլուսի հետ փոխանակելու առաջարկով: Եվ մերժում էր ստացել: Ստալինի դուստր Սվետլանա Ալիլուևան տարիներ անց իր «20 նամակ բարեկամիս» գրքում գրել է. «42-43 թվականների ձմռանը հայրս մեր հազվադեպ հանդիպումներից մեկի ժամանակ շատ անսպասելիորեն ինձ ասաց` «Գերմանացիները ինձ առաջարկել էին Յաշային փոխանակել իրենցից որևէ մեկի հետ: Նրանց հետ ես առևտուր չեմ անում: Պատերազմում, ինչպես պատերազմում»: Այդ զրույցից մի քանի ամիս անց Յակովը զոհվեց»: ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ԿԱՐՈ՞Ղ ԷՐ ՍՏԱԼԻՆԸ ՓՐԿԵԼ ԻՐ ՈՐԴՈՒՆ. ԺՈՒԿՈՎԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ | |
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ | |
4545 reads | 02.08.2013
| |