ԱՍՔ ԱԶՆԻՎ ՀԵՏԱԽՈՒՅԶՆԵՐԻ և ԱՐԳԱՀԱՏԵԼԻ ԼՐՏԵՍՆԵՐԻ ՄԱՍԻՆ
![]() Արտակարգ և լիազոր դեսպան Որքան անարդար բաներ կան այս աշխարհում… Նրանք օժտված են նույն առաքելությամբ և անում են նույն գործը. ողջ կյանքում քայլում են ածելու սուր շեղբի վրայով, ոչ քուն ունեն, ոչ դադար և ամեն վայրկյան ենթարկվում են վտանգի: Իսկ վտանգը մահացու է, քանի որ քչփորում են այլ պետությունների գաղտնիքները, մտնում են ուրիշի սրբության սրբոցը` հանուն իրենց պետության շահերի ու անվտանգության: ![]() Ովքե՞ր են նրանք: Մարդիկ, որոնք մեկի համար խիզախ ու անձնազոհ հետախույզներ են` ազգային հերոսներ, իսկ մյուսի համար` ստոր և դավաճան լրտեսներ: Այս բաժանումը կամ նույն մասնագիտության երկվությունը գալիս է հին ժամանակներից: Եվ այսպես, լրտե՞ս, թե՞ հետախույզ: Այս սիմբիոզը (համակեցություն) առանձին սրությամբ էր ընկալվում սառը պատերազմի տարիներին: Մենք համոզված էինք, որ կապիտալի աշխարհի լրտեսները վխտում են մեր սիրելի ու անծայրածիր հայրենիքում` այն կործանելու ստոր նպատակով, իսկ Արևմուտքում սարսափում էին չեկիստներից, որոնք քայքայում էին ազատ աշխարհը` այնտեղ սոցիալիստական կարգեր հաստատելու համար: Եվ այս համատեքստում մեր հետախույզը հերոսամարտիկ էր, հայրենիքի քաջազն զինվոր, իսկ այնտեղի ամեն տեսակի Բոնդերն ու Պինկերտոնները` վերջին ստահակներ և մարդասպաններ: Այս բոլորով հանդերձ, տոտալիտար ռեժիմի պայմաններում խորհրդային բոլոր հետախույզների վրա կախված էր դամոկլան սուր ոչ միայն արտասահմանյան վտանգաշատ գործուղումների ժամանակ, այլև տանը: ![]() Զորգեն զոհվեց ճապոնական բանտում` մնալով լրտես և՛ Մոսկվայի, և՛ Տոկիոյի համար: Համընդհանուր վախի պայմաններում լինում էին խորհրդային հետախույզներ, որոնք փախչում էր արտասահման և քաղաքական ապաստան խնդրում: Այս դեպքում նա, բնականաբար, համարվում էր հայրենիքի դավաճան և հետախույզից անմիջապես անցնում էր լրտեսի կարգավիճակի: Հասարակությունը նզովում էր դավաճանին, պետությունը հեռակա կարգով դատապարտում էր մահվան, ինչը ստալինյան տարիներին երբեմն հաջողվում էր ի կատար ածել: Նույն պատկերն էր, երբ ՆԱՏՕ-ի երկրների հետախույզներն էին անցնում Խորհրդային Միություն. դա, սակայն, ավելի հազվադեպ էր տեղի ունենում: Մինչդեռ ԽՍՀՄ-ը միշտ էլ հաճույքով է հյուրընկալել արևմտյան հատուկ ծառայությունների նախկին գործակալներին: Նրանցից ամենահիշարժանը բրիտանական լրտեսական ցանցի ղեկավար Կիմ Ֆիլբին էր: Եվ ահա, այդ նշանավոր միջադեպից հիսուն տարի անց հետախուզական կրքերի սիրահարներն ականատես եղան մի նոր միջազգային սկանդալի, երբ ամերիկյան հետախուզության գործակալ Էդուարդ Սնոուդենը ԱՄՆ-ից փախավ Հոնգկոնգ` բացահայտելով պետական գաղտնիքներ, մասնավորապես` փաստեր հատուկ ծառայությունների կողմից հեռախոսային լսումների վերաբերյալ: ![]() Հետո դեպքերը զարգացան, ինչպես լրտեսական ֆիլմերում է լինում: Հոնգկոնգից երիտասարդ հետախույզ-լրտեսը հայտնվեց Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանի տարանցիկ ուղևորների սպասասրահում: Ու սկսվեց… Սպիտակ տունը պահանջեց Սնոուդենի էքստրադիցիան (արտահանձնում), իսկ նախագահ Պուտինը նախ հայտարարեց, որ ամերիկացին կարող է մնալ Ռուսաստանում` պայմանով, որ դադարեցնի վնաս հասցնել «ամերիկյան գործընկերներին», հետո արեց «քայլ ձիով». նրան տվեց Ռուսաստանում ապրելու մեկ տարվա իրավունք: Դա Սնոուդենին փաստորեն ապահովում է փախստականի կարգավիճակ, որը, ՄԱԿ-ի կանոնադրությամբ, կդյուրացնի նրա հետագա ճակատագիրը և որևէ երկրում քաղաքական ապաստան ստանալու հնարավորությունը: Ի դեպ, Ռուսաստանի նախագահի որոշումը միանգամայն համապատասխանում է միջազգային և մարդու իրավունքների սկզբունքներին: Հիշեք, թե քանի-քանի անգամ ամերիկացիները քաղաքական ապաստան են տվել մարդկանց, որոնց անվտանգությունը վտանգված է եղել իրենց երկրներում: Այնպես որ, Պուտինը նրանց վճարեց նույն դրամով: Ռուսաստանի որոշումը կատարյալ փոթորիկ առաջացրեց ամերիկյան քաղաքական իստեբլիշմենտում: Հանրապետական կուսակցության «անգղներն» ու հենց Օբամայի կուսակցության ռադիկալները, ինչպես նաև Կոնգրեսը պահանջեցին նախագահից կտրուկ միջոցների դիմել` ռուս-ամերիկյան հարաբերությունները սառեցնելու և «վերաբեռնավորման» գործընթացը կասեցնելու համար, որն առանց այդ էլ տեղապտույտ է տալիս: Առավել ծայրահեղական քաղաքական և պետական գործիչներն էլ հանդես եկան Պուտին-Օբամա սեպտեմբերին կայանալիք հանդիպումը չեղյալ հայտարարելու առաջարկով: Ինքը` ԱՄՆ-ի նախագահը, այդպես էլ չարտահայտվեց իր հետախույզի կապակցությամբ, իսկ նրա թիմի ռեալ և սթափ մտածող անդամների կարծիքով, պետք չէ բոլոր ձվերը դնել մեկ զամբյուղի մեջ. երկու նախագահների հանդիպումը շատ ավելի կարևոր է, քան որևէ գործակալի կասկածելի արկածախնդրությունը: Նրանք հիշեցնում են, որ Պուտին-Օբամա հանդիպման օրակարգում են Սիրիայի պատերազմը, Իրանի միջուկային ծրագիրը, սպառազինությունների կրճատումը և այլ հրատապ ու կենսական հարցեր: Մինչ պետական այրերը խաչաձևում են սուսերները, երկու երկրների քարոզչական մեքենաներն աշխատում են լրիվ թափով և մանիպուլացնում են հասարակ մարդկանց ուղեղներն ու վարքագիծը: Արդյունքում Նահանգներում հասարակության կարծիքը կիսվել է: Մի մասը համարում է, որ Սնոուդենը դավաճան է, լրտես, մյուս մասի կարծիքով` նա մերկացրել է հատուկ ծառայությունների մեքենայությունները, ուրեմն ազնիվ մարդ է, այսինքն (մեր հոդվածի տրամաբանության սահմաններում)` մնում է հետախույզ, այլ ոչ թե դավաճան-լրտես: Իսկ Ռուսաստանի համակրանքը Սնոուդենի նկատմամբ գրեթե կասկած չի հարուցում, և ռուսական հոգեբանությունն ու մենտալիտետը նրան զարդարում են զոհի ու հերոսի լուսապսակով: ![]() Պարզվում է, որ ԿՀՎ-ի երեկվա գործակալը արդեն լրջորեն տարվել է ռուսական գրականության ու մշակույթի ուսումնասիրությամբ, սկսել է կարդալ Դոստոևսկի: Եվ քանի որ Սնոուդենը գրեթե հերոս է, այն էլ խորհրդավոր հերոս, տասնյակ ռուս աղջիկներ նրան սիրային նամակներ են հղում: Իսկ Աննա Չապմանը, որը երեք տարի առաջ, կասկածվելով Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ, արտաքսվեց ԱՄՆ-ից, առաջարկում է իր ձեռքն ու սիրտը: Հետաքրքիր է, թե ինչ սերունդ կստացվեր երկու պրոֆեսիոնալների միությունից: Հավանաբար պատրաստի հետախույզ կծնվեր: Եվ վերջում` կրկին լրտես-հետախույզ սիմբիոզի մասին: Պատմությունը ցույց է տալիս, որ իր երկիրը լքած գործակալն այլ երկնքի տակ երբեք երջանկություն չի գտնում: Արևմուտքից Խորհրդային Միություն անցած հետախույզներն իրենց դժբախտ են զգացել և հաճախ փրկություն են փնտրել խմիչքի գավաթում: Նույնը վերաբերում է Եվրոպայում կամ Ամերիկայում ապաստան գտած խորհրդային հետախույզներին: Երդումը դրժած պրոֆեսիոնալը, վերջին հաշվով, դավաճան է: Իսկ դավաճանության խաչը ծանր է: Այդ ծանրությանը դիմանալը վեր է նորմալ մարդու հոգեկան կարողություններից: | |
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ | |
3189 reads | 06.08.2013
| |