ԱԴՐԲԵՋԱՆԻ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՅԼ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ
![]() ![]() Ադրբեջանական արտադրության ամենահայտնի զենքը «Իսթիգլալ» կոչվող դիպուկահար հրացանն է, որը սեղծվել է թուրք մասնագետների հետ համատեղ: 2008 թվականին այս զենքը ներկայացվել է Պակիստանում տեղի ունեցած ռազմական արդյունաբերության ցուցահանդեսին: Ադրբեջանում աշխատանքներ են կատարվում նաև ռազմաարդյունաբերության ոլորտը նանոտեխնոլոգիական նորամուծություններով հարստացնելու համար: Այդ նպատակով Բաքվի պետական համալսարանում ստեղծվել է հատուկ խումբ, որն զբաղվում է այս ասպարեզում հաջողության հասնելու համար: Նպատակ է դրված մինչև 2015 թվականը այս ասպարեզում հասնել լուրջ հաջողությունների: Ադրբեջանը ռազմական արդյունաբերության ոլորտում լրջորեն համագործակցում է հիմնականում Թուրքիայի, ԱՄՆ-ի և Իսրայելի հետ: Պատահական չէ հենց այս երկրների հետ Ադրբեջանի համագործակցությունը տվյալ ոլորտում: Սրանք ևս ունեն իրենց նպատակներն ու շահերը: Թուրքիան, որ միշտ գտնվում է Ադրբեջանի շահերի պաշտպանության առաջին գծում, ունի բազմաթիվ նպատակներ, որոնք հասնում են մինչև պանթյուրքիզմի և պանիսլամիզմի խորքերը, որոնցից Թուրքիան ոչ միայն չի հրաժարվել, այլ նաև ավելի է կատարելագործել այդ գաղափարները: Ռազմական ոլորտում Թուրքիան Ադրբեջանին աջակցում է զենքով և զինամթերքով, հաստոցաշինական, մեքենաշինական զինագործական, գիտատեխնիկական նորամուծություններով, մասնագետների պատրաստմամբ և մատակարարմամբ, զորավարժությունների համատեղ անցկացմամբ: Ինչպես նաև ծառայում է որպես միջանցիկ երկիր զենքի ներկրման համար: ![]() Ինչ վերաբերում է ԱՄՆ-ին, այստեղ նա ունի մի քանի նպատակ: ԱՄՆ-ը Ադրբեջանին օգնում է հիմնականում ռազմածովային ուժերի հզորացման նպատակով: Ադրբեջանը ԱՄՆ-ին պետք է նախ` որպես պլացդարմ Իրանի վրա հնարավոր հարձակման, ապա անմիջապես Ռուսաստանի սահմանին ռազմական հենակետ ունենալու և տարածաշրջանում ռազմական գերակշռության համար: Ադրբեջանը համագործակցում է նաև Պակիստանի հետ: Քանի որ տարածաշրջանում համարվում է ԱՄՆ-ի դաշնակիցը, նա ևս, Իրանին թուլացնելով, հետապնդում է իր շահերը: Բացի այդ, Պակիստանը Հայաստանի նկատմամբ բռնել է թշնամական դիրք, որը ևս կարող է պատճառ հանդիսանալ Ադրբեջանի հետ ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցելու համար: Ռուսաստանի հետ համագործակցությունը բխում է երկկողմանի շահերից: Ադրբեջանն օգտվում է ռուսական ռազմաարդյունաբերական դարավոր ավանդույթներից, իսկ Ռուսաստանն այդ միջոցով փորձում է Ադրբեջանին պահել իր տրամադրության տակ, խոչընդոտել Թուրքիայի ծրագրերին և թույլ չտալ ԱՄՆ-ի լիարժեք հաստատմանը տարածաշրջանում, ինչպես նաև հավասարեցնող քար դնել հայ-ադրբեջանական կշեռքի նժարին: Ադրբեջանը Ռուսաստանից ներկրում է հիմնականում ռազմատեխնիկայի մասեր, ռազմաօդային տեխնիկա և հակաօդային պաշտպանության միջոցներ: Ուկրաինայից և Բելառուսից Ադրբեջանը ներկրում է հիմնականում հին ռազմատեխնիկա և դրանց անհրաժեշտ մասեր: Սրանք Ադրբեջանին օգնում են նաև ռազմական կրթության ոլորտում, ինչպես նաև որոշ դեպքերում տրամադրում են ռազմական մասնագետներ և այդ տեխնիկան օգտագործողներ: ՎԱՐԴԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ | |
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ | |
3614 reads | 01.04.2013
| |