ԻՐԵՆ ՍԵՆԴԼԵՐԻ ԽԻԶԱԽ ՍԻՐՏԸ (ՓԱՍՏԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄ)
![]() ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրոս, ԵՐԵՎԱՆ ![]() Մինչ 2007 թվականը Սենդլերի մասին քչերն էին տեղյակ: Նրա անունը սկսեց արծարծվել բազմաթիվ ամսագրերի, թերթերի կողմից, երբ վերջինս առաջադրվեց որպես Նոբելյան մրցանակի թեկնածու: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Իրեն Սենդլերը, լինելով Վարշավայի Առողջապահության վարչության աշխատակից, լեհական ընդհատակյա դիմադրության շարժման և հրեաների օգնության «Ժեգոդա» խորհրդի անդամ, հաճախ այցելում էր Վարշավայի գետտո, որտեղ խնամում էր հիվանդ երեխաներին։ Նմանատիպ այցելությունների հիմնական առիթը գետտոյի ներսում տարածված տիֆի վարակն էր. գերմանացիները վախենում էին հիվանդության տարածումից: Քողարկվելով այս գործունեությամբ, նա և իր համախոհները գետտոյից փախցրել են 2500 երեխա, որոնք հետագայում ապաստանել են լեհական մանկատներում, ընտանիքներում և վանքերում։ Երեխաներին թաքցնում էին մեքենայի թափքում, արկղերի և պայուսակների մեջ: Աշխատանքի գալիս նա իր հետ բերում էր նաև շանը, որն իրեն պաշտպանում էր և օգնում հեշտությամբ դուրս պրծնել գետտոներից: Երբ մեքենան անցնում էր պահակների մոտով, շունը սկսում էր հաչալ և անլսելի դարձնել երեխաների ձայները: Իրեն Սենդլերը բոլոր փրկված երեխաների տվյալները գրում էր թղթի նեղ շերտերի վրա և պահում ապակե սրվակներում։ Սրվակը թաղում էր բակի խնձորենու տակ։ Նպատակը՝ պատերազմից հետո երեխաների հարազատներին գտնելն էր։
1943 թվականին Իրեն Սենդլերը ձերբակալվեց։ Հարցաքննության ժամանակ նրանից փորձում են իմանալ, թե որտեղ են երեխաներն ու նրանց անունով սրվակները, սակայն ոչ մի տանջանք, անգամ երկու ձեռքերի և ոտքերի կոտրումը նրան չեն ստիպում խոսել: Այնուհետև ողջ կյանքում Իրենը ստիպված էր քայլել հենակներով: Տանջանքներից հետո այդ անկոտրում կնոջը դատապարտում են մահվան, սակայն նա փրկվում է շնորհիվ այն բանի, որ մահապատժի վայր ուղեկցող պահակները կաշառված էին և կեղծել էին նրա մահը։ Ստացվում էր, որ Իրենը փաստաթղթերով մահապատժի էր ենթարկվել և սպանվել, բայց իրականում ընդհատակյա կյանք էր վարում և ամենակարևորը՝ շարունակում էր օգնություն ցուցաբերել իր իսկ փրկած հրեա երեխաներին:
![]() Վերջերս ամերիկացիները նկարահանել են «Իրեն Սենդլերի խիզախ սիրտը» զգայացունց կինոնկարը, որը գոնե այդկերպ սերունդներին հիշեցնում է անվեհեր և ազնվագույն կնոջ դյուցազներգության մասին, որն իր մահկանացուն կնքեց չորս տարի առաջ՝ 98 տարեկան հասակում: | |
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ | |
4084 reads | 14.03.2014
| |