ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ԴԻՎԱՆԱԳԵՏ, ՖԵՄԻՆԻԶՄԻ ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿ ԱԼԵՔՍԱՆԴՐԱ ԿՈԼՈՆՏԱՅԸ` ՆԱԵՎ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒ՞ՅԶ
![]() ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրոս, ԵՐԵՎԱՆ «Ես պետք է աշխարհին ապացուցեմ, որ կանայք ոչ պակաս, նույնիսկ երբեմն ավելի լավ դիվանագետներ են, քան տղամարդիկ»: Ալեքսանդրա Կոլոնտայ Ժամանակակից աշխարհում վերոնշյալ հասկացությունները համարվում են անցյալի պատմական մեծ սխալներ: Բայց դժվար է ժխտել, որ հենց այդ ժամանակաշրջանի արգասիք են հանդիսանում ներկայումս միանգամայն բնական այնպիսի կենցաղային հարմարություններ, ինչպիսիք են պետական մանկապարտեզները, վճարովի դեկրետային արձակուրդը, սոցիալական նպաստները, որոնց ստեղծման դժվարին ուղին ուրվագծել են ուժեղ, ակնառու, նույնիսկ հզոր մարդիկ: Նրանց մեջ կարելի է առանձնացնել Ալեքսանդրա Կոլոնտային` աշխարհում առաջին կին-նախարարին և կին-դեսպանին, ֆեմինիզմի գաղափարախոսին, ով գենդերային հավասարության հեղափոխության ադեպտն էր, ոգեշնչողն ու կազմակերպիչը: ( Այս տարի Հայաստանում ևս անդրադարձան գենդերային հավասարությանը` «այդ վարակին» , որը կործանարար է մեր հինավուրց քրիստոնյա երկրի կարևորագույն բջջի` ընտանիքի համար): Կնոջ կարգավիճակը բավականին պրիմիտիվ էր նախահեղափոխական Ռուսաստանում. կանայք զուրկ էին մի շարք իրավունքներից և թվում էր, թե ուղղակի ճենապակյա տիկնիկի դեր էին խաղում: Նրանք զրկված էին քվեարկելու, բարձրագույն կրթություն ստանալու, պետական պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից: Ամուսնացած կանայք նույնիսկ անձնագիր չունեին. նրանց անունները գրանցվում էին ամուսնու անձնագրում: Եվ այդ ֆոնին Կոլոնտայը հանդես է գալիս ոչ թե ռեֆորմիստական, այլ հեղափոխական դիրքերից: Նա Ինեսա Արմանդի և Լարիս Ռայսների հետ հիմնում է հետհեղափոխական ‹‹Հոյակապ եռյակը››, որը հանդես էր գալիս սեռերի հավասարության, կանաց շղթայազերծման և ազատ սիրո փիլիսոփայությամբ ու գաղափարախոսությամբ: Փայլուն կրթություն, սուր միտք և ուժեղ կամք… Մի՞թե նման հնարավորություններով օժտված կինը կստանձներ երկրորդական դերեր: Իհարկե, ոչ: Նույնիսկ ապստամբած ու անհանգիստ դարաշրջանն էր Ալեքսանդրային շշնջում, որ նա կարող է, պարտավոր է ավելին անել: Տարօրինակ չի՞ թվում արդյոք այն փաստը, որ գեներալի ազնվական ընտանիքից սերված օրիորդն ընտրեց հասարակ ժողովրդի հետ պայքարի ճանապարհը: Հմայիչ արտաքինով ու պայթյունավտանգ բնավորությամբ օժտված Ալեքսանդրային սիրահարվում էին շատերը` կորցնելով սթափությունն ու դիմելով ընդհուպ մինչև ինքնասպանության: Արդյունքում` Ալեքսանդրան ամուսնացավ իր զարմիկի` Վլադիմիր Կոլոնտայի հետ: Սակայն ամուսնական երջանկությունը երկար չտևեց: Թողնելով ընտանիքը` Ալեքսանդրան սկսեց կերտել իր փառավոր ուղին: Առաջին հաջողությունը եկավ 1917 թվականին: Հայտնվելով Հոկտեմբերյան հեղափոխության կիզակետում ` նա ստացավ «Հեղափոխության Վալկիրիա» կոչումը (Վալկիրիան սկանդինավյան դիցաբանության մեջ քաջ զինվորի դուստրն է, որը թռչում է թևավոր ձիով մարտադաշտի վրայով և հավաքում զոհված զինվորներին)։ Գնահատելով Կոլոնտայի ակտիվ ներգրավվածությունը հեղափոխությանը` Լենինը նրան նշանակեց Աշխատանքի և սոցիալական զարգացման ժողկոմիսար: Այսպիսով, դառնալով համաշխարհային պատմության առաջին կին-նախարարը, Ալեքսանդրան հասավ նշանակալից արդյունքների: Հոգ տանելով ժողովրդի մասին ` Կոլոնտայը չէր մոռանում սեփական անձը: Նախաձեռնելով քաղաքացիական ամուսնության ինստիտուտի ստեղծումը` Ալեքսանդրան դարձավ առաջինը, ով կիրառեց դա իր անձնական կյանքում` երկրորդ անգամ ամուսնանալով Բալկանյան ռազմաճակատի կենտրոնական կոմիտեի նախագահ Պավել Դիբենկոյի հետ: Վերջինս Կոլոնտայից փոքր էր 17 տարով: Նրան հաջողվեց կազմակերպել Նորվեգիայից ծովատառեխի ներկրումը Ռուսաստան` դրանով իսկ օգնելով հայրենիքին սննդամթերքով, իսկ նորվեգացիներին` աշխատանքով: Մոսկվայից չուշացավ հերթական հրամանը. Նորվեգիայում Կոլոնտային նշանակել արտակարգ և լիազոր դեսպան: Կարծես թե նա հենց այս մասնագիտությամբ էր ծնվել: Գոյություն չուներ այնպիսի մի խնդիր, որն անլուծելի լիներ Ալեքսանդրիայի համար: Նա ազատ խոսում էր վեց լեզուներով ` ֆրանսերեն, գերմաներեն, ֆիններեն, անգլերեն, նորվեգերեն և շվեդերեն: Կոլոնտայն օժտված էր քաղաքական վերլուծության փայլուն ընդունակություններով, հմուտ և ճկուն բանակցող էր: Դեսպանության ընդունելություններին այդ կնոջ էլեգանտ հանդերձանքը, հաղորդակցվելու նուրբ արվեստը կախարդում էին բոլորին: Նոր հաջողությունների ու դիվանագիտական հաղթանակների Կոլոնտայը հասավ Շվեդիայում: Հենց նրա ջանքերով Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդա-ֆիննական բանակցություններում որպես միջնորդ ընտրվեց Շվեդիան, որի շնորհիվ Ֆինլանդիան դուրս եկավ պատերազմից: Ավելին, ով կմտածեր, որ Երկրորդ աշխարհամարտի տարիներին ռուս կինն ի վիճակի կլինի նաև ինֆորմացիոն պատերազմ վարել. նա խորհրդամետ այնպիսի ակտիվ և ճկուն քարոզչություն էր իրականացնում, որ ապահովում է Շվեդիայի չեզոքությունը հակախորհրդային պայքարում, որը նրա դիվանագիտական առաքելության դոմինանտն էր: Եվ այս ամբողջ ծանրությունը նա վերահսկում էր հաշմանդամի սայլակից (պատճառը կաթվածն էր): Հիվանդությունն անգամ նրան ծնկի չէր բերում: Կոլոնտայը փայլուն դիվանագիտական կարիերա ստեղծեց: Բայց, թերևս այդ տարիների հիմնական ձեռքբերումը ողջ մնալն էր. մինչ Ալեքսանդրա Միխայլովնան գերում էր օտարերկրյա գործարարներին և պաշտոնյաներին, տանը նրա համախոհ ընկերներին մեկը մյուսի հետևից վերացնում էին: Ի՞նչ գաղտնիք գիտեր, որի բացահայտումն այդքան անցանկալի էր և ապահովում էր նրա անվտանգությունը: Կա տարբերակ, որ Կոլոնտայի և Ստալինի միջև կային հատուկ հարաբերություններ: Կարծում եմ` դա ոչ թե ինտիմ կապ էր կամ համակրանք, այլ բարեկամական դիրքորոշում: ![]() Ո՞վ գիտե, գուցե, այդ էր պատճառը, որ երբ նորվեգական պառլամենտը` ստորտինգը, երկրի կանանց կազմակերպությություններն ու անվանի գործիչներն առաջադրեցին Կոլոնտայի թեկնածությունը Նոբելյան խաղաղության մրցանակ շնորհելու համար` այդ կազմակերպությունը մերժեց առաջարկը: Բացառված չէ, որ նման որոշման վրա ազդեց նաև այն, որ երկու աշխարների վրա սկսել էին կուտակվել սառը պատերազմի ամպերը: Ալեքսանդրա Կոլոնտայը դեսպանի էր մինչև 1945 թվականը: Բազմաթիվ հիվանդություններն ու մարդկային կորուստները չընկճեցին անվեհեր Վալկիրիային. նա մնաց ուժեղ, հպարտ ու անկախ, պատնեշի վրա` ապացուցելով որ դիվանագիտությունը ցմահ պրոֆեսիա է: Մինչև կյանքից հեռնալը Կոլոնտայը արտգործնախարարության քաղաքական կարևոր հարցերով խորհրդական էր: Ավա՛ղ, այսօր Կոլոնտայի մասին քչերն են հիշում: Ժամանակները փոխվում են, հերոսները` նույնպես: Սակայն պատմությունը չես փոխի. այն ստույգ է` հավաստի: Ալեքսանդրա Կոլոնտայի անունը դրոշմվեց պատմության մեջ` որպես կնոջ, ով համարձակվեց ստանձնել մասնագիտություններ, որոնք մինչ այդ բացառապես պատկանում էին տղամարդկանց: | |
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ | |
3942 reads | 21.07.2014
| |