ՄԵԶ ԱՆԾԱՆՈԹ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄԸ. ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
![]() պատմաբան, հրապարակախոս, ԵՐԵՎԱՆ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ ![]() – 449 թ. սկիզբ: Արքայից արքա Հազկերտ Բ.-ի անունից Միհրներսեհ Մեծ հազարապետը հատուկ նամակ է հղում Հայոց Մեծաց՝ կրոնափոխության առաջարկությամբ: – 449թ. սկիզբ: Արտաշատում գումարվում է ժողով, որին մասնակցում են 17 եպիսկոպոս և 17 նախարար՝ Հայաստանի մարզպան Վասակ Սյունու և Հայոց կաթողիկոս Հովսեփ Ա. Հողոցմեցու (Վայոց- ձորցու) գլխավորությամբ: Ժողովը մերժում է զրադաշտականություն ընդունելու Հազկերտի առաջարկը: Հայերի հետ, բնականաբար, համաձայնում են նաև վրացիներն ու աղվանները: – 449 թ. գարուն: Հայոց, Վրաց և Աղվանից իշխանները կանչվում են Տիզբոն՝ պատասխանատվության: Մահապատժի սպառնալիքի ներքո նրանք դիմում են հավատուրացության: Հազկերտ Բ.-ն մովպետան մովպետի գլխավորությամբ 700 մոգերի և հսկիչ զորախմբի ուղեկցությամբ նախարարներին արձակում է Հայաստան՝ մեկ տարվա ընթացքում զրադաշտականությունը տարածելու հանձնարարությամբ: Լուրը մեծ խռովություն է առաջացնում Հայաստանում: Եպիսկոպոսների ժողովը սրբազան պատերազմի կո- չով դիմում է ժողովրդին: – 449 թ. սեպտեմբերի վերջ: Անգղում մոգերը փորձում են եկեղեցին ատրուշանի վերածել: Ժողովուրդը Ղևոնդ Երեցի գլխավորությամբ կոտորում է նրանց: Նմանօրինակ դեպքեր են տեղի ունենում նաև Զարեհավանում: – 449 թ. աշուն - 450 թ. ձմեռ: Սկսվում է ապստամբությունը: Հայոց զորաբանակի հրամանատար է նշանակվում սպարապետ Վարդան Մամիկոնյանը: Ոչնչացնելով պարսկական կայազորները, զորահրամանատարներից ու երևելիներից շատերին իբրև պատանդ են պահում: Հայաստանն ու Աղվանքն ամբողջովին ապստամբների իշխանության տակ են անցնում: Նույնիսկ ներխուժումներ են կատարվում բուն պարսկական տարածք. Արևելյան կողմից ոմանք հարձակվեցին Ատրպատական աշխարհի վրա և զանազան տեղերում մեծ վնասներ տվին՝ բազմաթիվ ատրուշաններ առնելով, ավերելով ու կործանելով: Ռազմական դաշինք է կնքվում վրացիների, աղվանների, հետագայում նաև հոների հետ: – 450 թ. սկիզբ: Պատվիրակություն է գնում Բյուզանդիա՝ օգնության խնդրանքով: Մարկիանոս կայսրը մերժում է: Նման մի պատվիրակություն դիմում է նաև Անտիոքի մեծ սպարապետին: Այս բոլոր թղթերը գրվում էին Հովսեփ Ա. Հողոցմեցու և Վասակ Սյունու անունից և վավերացվում վերջինիս մատանիով: Այսինքն՝ ապստամբությունը ղեկավա1րում էին նրանք՝ կաթողիկոսական տեղապահը և Հայաստանի մարզպանը: – 450 թ. գարուն: Ճորա մարզպան Սեբուխտ Նիխորականը պարտության է մատնում աղվան ապստամբներին: Վերջիններս քաշվում են Կապկոհ (Կովկասյան) լեռները և օգնություն խնդրում հայերից: – 450 թ. ամառ: Բյուզանդիայից օգնության հույսը կտրելուց հետո Եկեղեցու սուրբ ուխտը, ինքնուրույն գործողությունները կազմակերպելու նպատակով, Հայոց զորքը բաժանում է երեք գնդի: Առաջին գունդը մնում է ընդհանուր հրամանատարության ներքո՝ Վասակ Սյունու գլխավորությամբ երկրի ամբողջական պաշտպանությունը ապահովելու, մյուս գունդը Ներշապուհ Ռեմբոսյանի հրամանատարությամբ ուղարկվում է երկիրը պաշտպանելու Ատրպատական աշխարհի սահմաններին մոտիկ, իսկ երրորդը տրվում է Հայոց Վարդան զորավարի ձեռքը, որպեսզի նա մտնի Քարթլի՝ այնտեղից Աղվանքի պարսից զորքին թիկունքից հարվածելու համար: Խաղխաղի մոտ տեղի ունեցած ճակատամարտում հայերը գլխովին ջախջախում են թվով իրենց գերազանցող պարսկական զորաբանակին: Այնուհետև Վարդան Մամիկոնյանը ոչնչացնում է Ճորա պահակի պարսկական կայազորը, ռազմական այդ կարևոր հենակետը հանձնում գործողությանը մասնակցած աղվաններին՝ Աղվանից Վահան իշխանի պատասխանատվությամբ, փոխօգնության դաշինք կնքում հոների հետ և վերադառնում Հայաստան: – 450 թ. ամառ: Պարսկական մի զորաբանակ՝ արքունի հազարապետ Միհրներսեհի առաջնորդությամբ ճամբարում է Փայտակարանում՝ նպատակ ունենալով այնտեղից ներխուժել Հայաստան: Մինչ այդ, Միհրներսեհն իր մոտ է կանչում մարզպան Վասակ Սյունուն: Պայմանավորվածություն է ձեռք բերվում, որ հայերը դադարեցնեն ապստամբությունը և ընդունեն Սասանյան Պարսկաստանի գերակայությունը, իսկ Պարսից արքունիքը խոստանում է չհետապնդել ապստամբներին, դավանանքի ազատություն շնորհել, հարկերը թեթևացնել և հայկական թագավորությունը վերականգնել: Ապստամբության հանդարտեցումը պիտի ապահովեր Վասակ Սյունին: Միհրներսեհը չի մտնում Հայաստան: – 450 թ. աշուն: Արտաշատում գումարված ժողովում ուխտապահ նախարարներն ու եպիսկոպոսները, ի հակակշիռ Հայաստանի մարզպան Վասակ Սյունու, Հայոց տանուտեր ու սպարապետ են ընտրում Վարդան Մամիկոնյանին, և վերջինիս գլխավորությամբ հակադիր մի կառավարություն կազմում: – 450 թ. վերջ-451 թ. սկիզբ: Հակապարսկական ընդհանուր ապստամբությունն ավարտվում է: Երկու գաղափարական անհաշտ ուժերի միջև Հայաստանում սկսվում է բացահայտ և զինված պայքար: Հակամարտությունը վերածվում է քաղաքացիական պատերազմի: Եկեղեցին Հայաստանում իշխանություն նվաճելու համար իրեն հավատարիմ նախարարական ուժերով դուրս է գալիս մարզպան Վասակ Սյունու դեմ: – 451 թ. գարուն: Հայոց տանուտիրական կառավարությունը նախահարձակման որոշում է կայացնում: Ապրիլին 66 հազար կարգավարժ ռազմիկներ և աշխարհազորայիններ գումարվում են Վասպուրականի Արտազ գավառում: Մայիսին պարսկական 80–90 հազարանոց զորքը ճամբարում է Արտազի Տղմուտ գետի ափին: – 451 թ. մայիսի 26: Ավարայր գյուղի մերձակա դաշտում տեղի է ունենում մեծ ճակատամարտը: Պարսիկների կորուստը կազմում է բանակի շուրջ 20 %–ը, իսկ հայերինը՝ մոտ 8 %: Մարտից հետո հայերը բարձրանում են լեռները և ամրանում բերդերում: – 451 թ. ամառ-աշուն: Պարտիզանական կռիվների ձևով շարունակվում է Եկեղեցու ուխտի նախարարների պայքարը պարսկական և մարզպանական (Սյունյաց) զորքերի դեմ: – 451 թ. վերջ: Պարսից արքունիքը, դժգոհ լինելով Վասակ Սյունուց, նրա փոխարեն մարզպան է նշանակում Ատրորմիզդ Արշակունուն: Նա պետք է մեղմացված քաղաքականությամբ խաղաղեցներ ապստամբներին՝ նախարարների արտոնությունները կրկին ճանաչելու և բռնի կրոնափոխությունից հրաժարվելու վերաբերյալ Փայտակարանում տված խոստումներն իրականացնելու միջոցով: – 452 թ. սկիզբ: Հազկերտ Բ.-ն Հայոց ապստամբության պատճառները քննելու և հանցավորներին պատիժ սահմանելու համար իր ձմեռոցում ՙհարցուփորձի ատյան է կազմում՚: Պատասխան են տալիս հայ հոգևորականները և ապստամբ նախարարները: Դատը վարում է հազարապետը: Հակապետական խռովություն բարձրացնելու մեջ մեղավոր ճանաչված 35 նախարարներ դատապարտվում են երկարաժամկետ (ցմահ) բանտարկության: Նախկին մարզպան Վասակ Սյունին սկզբնական շրջանում ապստամբությունը փաստացի կազմակերպելու և ղեկավարելու, ապա պաշտոնական պարտականությունների մեջ թերանալու, ինչպես նաև պետական հարկերը յուրացնելու մեղադրանքով Պարսից թագավորի կողմից դատապարտվում է մահվան (Եղիշե): Սակայն Փարպեցին ասում է, որ Վասակը, աստիճանազրկված և պատվազրկված՝ մի քանի տարի ապրում է արքունիքում և մեռնում հոգեկան ծանր ապրումներից: Անգղում և Զարեհավանում մոգերին սպանելու և ատրուշանը ջրով հանգցնելու հանցանքն ապացուցված համարելով` կալանված հայ հոգևորականները դատապարտվում են մահվան: – 454 թվական: Նյուշապուհ քաղաքում Հազկերտ Բ.-ի հրամանով Ղևոնդեան քահանայք՝ Հովսեփ Ա. Հողոցմեցի կաթողիկոսական տեղապահը, Սահակ Ռշտունյաց եպիսկոպոսը և վեց քահանաներ սրատվում են: – 459 թվական: Պարսից արքայից արքա Պերոզը հայ նախարարներին ազատում է բանտարկությունից և պահում արդեն որպես աքսորականներ: – 463 թվական: Նախարարները վերադառնում են Հայաստան: Վերականգնվում են նրանց ժառանգական իրավունքները: Այս հաջորդականությամբ և այս պատճառներով են տեղի ունեցել դեպքերն ու իրադարձությունները հինգերորդ դարի մեծ ապստամբության ժամանակ, որը հայտնի է Վարդանանց պատերազմ կամ Հայոց պատերազմ անունով և որը մեզ անծանոթ է իր բուն էությամբ: Մինչև Նվարսակ դեռ 21 տարի կար... | |
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ | |
4071 reads | 04.11.2014
| |