ԿՈՍՈՎՈՅԻ ԳՈՐԾՈՎ ՄԱԿ-Ի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ԷՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
![]() Սահմանադրական և միջազգային իրավունքի մասնագետ, ԵՐԵՎԱՆ ![]() Դատարանը քննարկել է նաև անջատման` որպես պետությունից իր վարչատարածքային միավորի կամ միավորների առանձնացման և անկախության հռչակման միջև կապը: Դատարանը գտնում է, որ այդ երկու երևույթների միջև կապ չկա` նշելով, որ ԳԱ-ն իր առջև խնդիր չի դրել մեկնաբանել և պարզաբանել անկախության հռչակման կամ անջատման իրավունքի իրավական հետևանքները: Դատարանը սահմանափակվում է հարցի նեղ մեկնաբանությամբ` կենտրոնանալով անկախության հռչակման ակտի վրա: Անկախության հռչակագիրը և անկախության հռչակման այլ ձևերը բավարար չեն տարածքի անկախության համար, քանզի ՄԱԿ-ի դատարանի կարծիքով, անկախության հռչակումը երբեմն հանգեցնում է նոր պետության ստեղծման, իսկ երբեմն` ոչ: Միջազգային իրավունքի մասնագետներից Ռ. Մուհհարեմին իր հոդվածում քննադատում է ՄԱԿ-ի դատական ատյանին այն բանի համար, որ վերջինս խուսափում է հայտնել իր կարծիքը անջատման և նոր պետության ստեղծման հարցերի կապակցությամբ: Ըստ նույն հեղինակի`Դատարանն այդպիսով տարանաջատում է կատարում երկու հասկացության` անկախություն «հռչակելու» և այն «իրացնելու» միջև, ինչն արհեստական և անհամոզիչ է թվում: ՄԱԿ-ի դատարանն առաջ է քաշում այն թեզը, որ պետությունը նախ հռչակում է իր անկախությունը, հետո քայլեր ձեռնարկում այն փաստացի վավերացնելու, գործադրելու ուղղությամբ: Այս մոտեցումն իրականում չի արտացոլում նոր պետության և մասնավորապես Կոսովոյի պետության ստեղծման գործընթացը: 1999թ. հունիսին` Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից Սերբիայի ռմբակոծության և Միլոշևիչի կապիտուլյացիայից հետո ՄԱԿ-ի ԱԽ-ը ընդունեց 1244 բանաձևը` իրավազորելով ՄԱԿ-ի միջանկյալ վարչակազմին Հարավսլավիայի ինքնիշխանութան շրջանակում հիմնադրել և վերահսկել Կոսովոյի ինքնակառավարման միջանկյալ ժողովրդավարական ինստիտուտները մինչև Կոսովոյի հիմնահարցի վերջնական հանգուցալուծումը: ՄԱԿ-ի միջանկյալ վարչակազմը ստեղծեց ինքնակառավարման անցումային մարմիններ և աջակցեց դրանց զարգացմանը: Երբ 2008թ. Կոսովոն իրեն անկախ հռչակեց, կառավարման բոլոր օղակներն ու կառուցակարգերը, այդ թվում միանգամայն նոր իրավական համակարգը Կոսովոյում արդեն գործում էին` պետության գործառույթներն իրականացնելու համար: ![]() Lex specialis-ը, ելնելով Դատարանի հրապարակած ակտի տրամաբանությունից, էական նշանակություն ունի հակամարտող կողմերի միջազգային-իրավական պարտավորությունների ու հակամարտության կարգավորման կարգի և հիմնական ուղղությունների սահմանման մեջ: lex specialis–ի այս դերը երևաց Կոսովոյի հակամարտության պարագայում: Կարելի է պնդել, որ Արդարադատության միջազգային դատարանը լոկ վերահաստատում է ստատուս քվոն: Ողջ քաղաքական գործընթացը, ինչպես պետության ներսում, այնպես էլ միջպետական հարաբերություններում քաղաքական սակարկումների և կոմպրոմիսի գործընթաց է, որտեղ հաջողության հնարավորությունը պայմանավորված է քաղաքական նպաստավոր իրադրությամբ, կողմերի միջև ուժերի իրական հարաբերակցությամբ և հիմնական աշխարհաքաղաքական բևեռների շահերով: Այդուհանդերձ Կոսովոյի խնդրի համատեքստում կարևոր է այն հանգամանքը, որ ՄԱԿ-ի միջազգային դատարանն ի սկզբանե իրավաչափ է համարում անջատման պահանջը, եթե այն հիմնված է միջազգային իրավունքի նորմերի վրա և պատշաճորեն հիմնավորված է: Դա նշանակում է, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի ճանաչումը քաղաքական գործընթացի արդյունք չէ. ինքնորոշման իրավունքը հիմնարար իրավունք է, որը գոյություն ունի քաղաքական գործընթացներից անկախ: Քաղաքական գործընթացները պարզապես ապահովում են այդ իրավունքի բյուրեղացումը, կոնկրետացումը և կիրառումը: ![]() Դատարանի մոտեցումը պետությունների տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների հարաբերակցության վերաբերյալ Չնայած Կոսովոյի գործով ՄԱԿ-ի դատարանի խորհրդատավական եզրակացությունը քննադատվում է ինքնորոշման սկզբունքի և անջատման կապակցությամբ իր անհստակ մոտեցման համար, դատարանի հակիրճ անդրադարձն այդ խնդրին բավարար է փաստելու համար, որ ՄԱԿ-ի դատական մարմինը դեմ չէ ինքնորոշման սկզբունքի ժամանակակից, հետգաղութատիրական մեկնաբանության միջազգային ճանաչման գործընթացին: ՄԱԿ-ի դատական ատյանի խորհրդատվական եզրակացության 80-րդ մասի համաձայն՝ «Տարածքային ամբողջականության սկզբունքը վերաբերում է միայն պետությունների միջև հարաբերություններին»: Այսպիսով Դատարանը տարանջատում է միջազգային իրավունքի երկու հանրաճանաչ սկզբունքների գործողության ոլորտները` հերքելով մի շարք պետությունների պնդումներն այն մասին, թե «տարածքային ամբողջականության սկզբունքը ենթադրում է անկախության միակողմանի հռչակման դեպքերի բացառում»: Դատարանը հղում է անում ՄԱԿ-ի կանոնադրության 4-րդ հոդվածի 2-րդ մասին, որի համաձայն`«Բոլոր Անդամները պարտավոր են միջազգային հարաբերություններում ձեռնպահ մնալ ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից որևէ Պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության նկատմամբ կամ որևէ այլ ձևով, որը հակասում է Միացյալ ազգերի նպատակներին»: Դատարանը նաև վկայակոչում է Հելսինկյան եզրափակիչ ակտը, ըստ որի`«Մասնակից Պետությունները հարգելու են մասնակից յուրաքանչյուր Պետության տարածքային ամբողջականությունը» (նույն տեղում): Ընդհանրապես նմանատիպ դրույթներ կարելի է հանդիպել բազմաթիվ իրավական ակտերում: Այդպիսի դրույթներ կան Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրում, Միջազգային իրավունքի սկզբունքների մասին հռչակագրում և այլն: Բոլոր այս փաստաթղթերը ճանաչում են նաև ժողովուրդների և՛ ներքին, և՛ արտաքին ինքնորոշման իրավունքը: Առաջինն ընդգրկում է պետության կողմից հիմնարար, միջազգայնորեն ճանաչված իրավունքների և ազատությունների պաշտպանությունը` առանց որևէ խտրականության: Այդ իրավունքների թվին է պատկանում նաև ինքնիշխան պետության տարածքում ինքնավարության ստեղծումը: Արտաքին ինքնորոշման իրավունքը փաստացի որևէ ինքնիշխան պետության տարածքում բնակվող հանրույթի իրավունքն է անջատվել այդ պետությունից, եթե վերջինս չի ապահովում այդ հանրույթի` միջազգային համաձայնագրերում ամրագրված իրավունքները: Իրավաբան գիտնականների կարծիքով, որն ապացուցվում է նաև պետությունների գործունեության պրակտիկայով, որպեսզի անջատումը լինի իրավաչափ, պետության կողմից տվյալ հանրույթի իրավունքների ոտնահարումը պետք է լինի այն աստիճան, որ տվյալ հանրույթի համար անհնարին դարձնի մնալը իրավախախտ պետության կազմում` առանց վտանգելու իր ազգային, մշակութային, էթնիկական, կրոնական ինքնությունն ու բնականոն զարգացումը, և անջատումը պետք է հանդիսանա խնդրի լուծման միակ միջոցը: Կոսովոյի դեպքը համապատասխանում է անջատման իրավաչափության` վերը նշված չափանիշներին: Երկար ժամանակ պետությունների գործունեության պրակտիկան ինքնորոշման իրավունքի արտաքին դրսևորումը դիտարկում էր միայն գաղութային կամ օտարերկրյա ռազմական տիրապետության տակ գտվող ժողովուրդների դեպքերում: Այս երկու դեպքերում ինքնորոշման սկզբունքի գերակայությունը պետությունների տարածքային ամբողջականոթյան սկզբունքի նկատմամբ դարձել է սովորութային իրավունք: Օտարերկրյա ռազմական տիրապետությանը վերաբերող Արևելյան Թիմորի գործով իր հրապարակած ակտում Դատարանն ինքնորոշման իրավունքը դասեց միջազգային իրավունքի այն հիմնարար սկզբունքների թվին, որոնք ունեն erga omnes բնույթ: Կոսովոյի գործն ինքնորոշման սկզբունքի հետգաղութատիրական մեկնաբանության վերաբերյալ առաջին գործն է ՄԱԿ-ի դատարանի պրակտիկայում, որում Դատարանն ըստ էության հաստատում է ինքնիշխան պետության տարածքում բնակվող ժողովուրդների ինքնորոշման իրավունքը՝ իր վերը նշված երկու դրսևորումներով, թեպետ մասամբ դա անում է անուղղակի ձևով: Ընդ որում ինքնորոշման իրավունքի դրսևորումներից մեկի ընտրությունը վերապահվում է իրավատեր հանրույթին: Կոսովոյի ժողովուրդն ընտրեց անջատումը, և այդ ընտրությունը լեգիտիմացվեց միջազգային հանրության կողմից` ի դեմս մի շարք ազդեցիկ պետությունների և մանավորապես ԱՄՆ-ի, ինչպես նաև ՄԱԿ-ի մարմինների, որոնցից է ՄԱԿ-ի Դատարանը: Հետևյալ փաստերը հավաստում են այս տեսակետի իրավացիությունը. 1. Նախ գաղութատիրական ժամանակաշրջանը մնացել է անցյալում. Աֆրիկայի, Ասիայի և Ամերիկայի ժողովուրդներն արդեն ձեռք են բերել անկախություն արտաքին ինքնորոշման միջոցով: 2. Ինքնորոշման արտաքին դրսևորումը թույլատրող երկրորդ դեպքը, որի մասին նշվեց վերևում, ներկայում էլ ունի արդիականություն, բայց Կոսովոյի գործում բացակայում է: Կոսովոյի ալբանացիները չէին գտնվում օտարերկրյա ռազմական տիրապետության տակ: Նրանք հանդիսանում էին էթնիկական, մշակութային և կրոնական փոքրամասնություն, որը բնակվում էր Հարավսլավիայի կազմի մեջ մտնող Կոսովոյի երկրակասում և կազմում էին երկրամասի բնակչության մեծ մասը: Հարավսլավիայի կառավարության ճնշումներն ալբանացի փոքրամասնության նկատմամբ, նրա իրավունքների զանգվածային խախտումները հանգեցրին անջատական շարժման ծավալամանը, որն արժանացավ միջազգային հանրության աջակցությանը: Դրա արդյունքն է նաև ՄԱԿ-ի դատարանի դիրքորոշումը Կոսովոյի խնդրի նկատմամբ, այն է` Կոսովոյի անկախության հռչակագրի իրավաչափության ճանաչումը: 3. ՄԱԿ-ի դատարանը, ԱԽ-ի բանաձևերը ճանաչելով միջազգային իրավունքի աղբյուր, որն առաջ է բերում միջազգային պարտավորություններ, հղում է անում 1244 բանաձևի վրա, որը ՄԱԿ-ի միջանկյալ վարչակազմի գործառույթների շարքում նշում է. «…աջակցել Կոսովոյի ապագա կարգավիճակի որոշմանը՝ հաշվի առնելով Ռամբուեի համաձայնագրերը և եզրափակիչ փուլում վերահսկել իշխանության փոխանցումը Կոսովոյի անցումային մարմիններից քաղաքական կարգավորման համաձայն ստեղծված մարմիններին»: Բանաձևի այս դրույթը և առհասարակ ՄԱԿ-ի միջազգային դատարանի վերաբերմունքը ԱԽ-ի բանաձևերին ցույց է տալիս, որ 1244 բանաձևը չի բացառում Կոսովոյի անկախությունը որպես այդպիսին՝ Կոսովոյի վերջնական կարգավիճակի հարցը թողնելով կողմերի քաղաքական համաձայնությանը: Այսպիսով Դատարանի դիրքորոշումը Կոսովոյի գործով դրական հեռանկար է ստեղծում փոքրասմանությունների ինքնորոշման իրավունքի ապագա ճանաչման և պաշտպանության համար: Արդարադատության միջազգային դատարանի կողմից տարածքային ամբողջականության և ժողովորդների ինքնորոշման սկզբունքների հարաբերակցության խնդրի մեկնաբանությունը համընկնում է մի շարք միջազգայնագետների հայացքների հետ, ինչպիսիք են Վ. Քոչարյանը, Թ. Սամուելյանը, Ա. Պապյանը և այլք: Պապյանը մասնավորապես, հղում անելով միջազգային հարաբերությունների ԱՄՆ-ի դոկտրինի վրա, տարածքային ամբողջականության սկզբունքը դիտում է որպես մի պետության կողմից մեկ այլ պետության նվաճման կամ պետության կառավարությանը տապալելու նպատակով այդ պետության տարածքային ամբողջականոթյան հանդեպ ոտնձգության արգելք: Հետևաբար, ըստ Պապյանի, տարածքային ամբողջականոթյան սկզբունքը չի հակասում ինքնորոշման սկզբունքին, քանզի միջազգային իրավունքը չի նախատեսում տարածքային ամբողջականության պահպանման սկզբունք, որը կբացառեր պետության մեջ որևէ տարածքային փոփոխություն: Այս համատեքստում որոշակի հետաքրքրություն է ներկայացնում Կանադայի գերագույն դատարանի որոշումը Կվեբեկի գործով: Ի հակառակ Կոսովոյի գործով ՄԱԿ-ի դատարանի խորհրդատվական եզրակացության` Կանադայի բարձրագույն դատական ատյանը հստակ նշում է այն դեպքերը, երբ ժողովորդը կարող է պահանջել արտաքին ինքնորոշում. 1. «…Ժողովուրդը կառավարվում է որպես գաղութային կայսրության մի մաս: 2. «…Ժողովուրդը ենթարկվում է օտար տիրապետության կամ շահագործման»: 3. «Ժողովուրդն այն պետության կազմում, որի մասն է հանդիսանում, զրկված է ինքնորոշման իրավունքի բնականոն իրացման հնարավորությունից»: Կանադայի գերագույն դատարանի կողմից մատնանշված առաջին երկու դեպքերը հանդիսանում են միջազգային սովորութային իրավունք: Ինչ վերաբերում է երրորդ դեպքին, Կանադայի դատարանը հստակ մատնանշեց արտաքին ինքնորոշման իրավունքի հետգաղութատիրական դրսևորումը որպես անջատման իրավական հիմք, բայց մերժեց այդ հիմքով Կվեբեկի պրովինցիայի անջատման պահանջը: Չնայած ՄԱԿ-ի դատարանը գիտակացաբար ձեռնպահ մնաց անջատման խնդրի լուսաբանումից, սակայն Կոսովոյի գործով դատական ակտի ընդհանուր վերլուծությունը ցույց է տալիս, որ ՄԱԿ-ի դատարանն անուղղակիորեն հաստատում է Կոսովոյի անջատման իրավաչափությունը: ![]() Այսպիսով՝ Կոսովոյի գործով ՄԱԿ-ի դատարանը սահմանեց ինքնորոշման ձգտող հանրույթի անկախության հռչակման իրավաչափության հետևյալ բանաձևը՝ անկախության միակողմանի հռչակումը, որն իրականացվել է անջատման ձգտող ժողովրդի ներկայացուցիչների կողմից և որը կապված չէ և չի կարող կապված լինել jus cogens նորմերի և միջազգային իրավունքի այլ նորմերի ակնհայտ խախտման հետ, հանդիսանում է իրավաչափ: ՄԱԿ-ի դատարանի կողմից արված հաջորդ կարևոր շեշտադրումն այն էր, որ տարածքային ամբողջականության և ինքնորոշման սկզբունքների միջև բախում չկա, քանզի տարածքային ամբողջականության սկզբունքը վերաբերում է միայն պետություններին: Մենք գտնում ենք, որ Կոսովոյի գործով ՄԱԿ-ի դատարանի կողմից ընդունված ակտը դրական հեռանկար է ստեղծում անջատական այլ շարժումների համար հասնելու անկախության: Միաժամանակ Դատարանի եզրակացության մեջ ընդգծվում է տարածքային հակամարտությունների քաղաքական, այն է` կողմերի միջև բանակցությունների միջոցով կարգավորման կարևորությունը, որը կհանդիսանա կողմերի փոխզիջման արդյունք:
Կոսովոյի գործով դատական ակտի հիմնական թերությունն այն է, որ դրանում շատ հարցերի անդրադարձ է կատարվել անուղղակի ձևով, բայց այն փաստը, որ ՄԱԿ-ի միջազգային դատարանը չի բացառում անկախության միակողմանի հռչակումը որպես այդիսին, ի հեճուկս միջազգային հանրության հայտարարությունների` անկախության հռչակագրի իրավաչափությունը չի սահմնափակում միայն Կոսովոյի դեպքով, ընդգծում է անկախության ձգտող ժողովրդի` որպես անկախություն հռչակող սուբյեկտի կարևորությունը և սահմանազատում է տարածքային ամբողջականության ու ինքնորոշման սկզբունքների գործողության ոլորտները, ՄԱԿ-ի դատարանի այս խորհրդատվական եզրակացությունը դարձնում է ուղենիշ` անկախության համար պայքարող ժողովուրդների, այդ թվում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար: | |
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԷԹՆԻԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ | |
2300 reads | 17.09.2013
| |