ՉԻՆԱՍՏԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆ «ԱՐԱԲԱԿԱՆ ԳԱՐՆԱՆ» ՆԿԱՏՄԱՄԲ (ՎԵՐՋԻՆ ՄԱՍ)
![]() ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Արևելյան Ասիայի երկրների բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Հարկ է նկատել, որ Պեկինը հազվադեպ է դիմում ՄԱԿ-ի ԱԽ-ում վետոյի օգտագործմանը, որի հետ կապված շարժառիթները տատանվում են ներքին քաղաքական և տնտեսական նկատառումներից մինչև աշխարհառազմավարական հաշվարկներ: Պեկինում գտնում են, որ Արևմուտքի միջամտության սահմանափակումը տարածաշրջանում կարող է ծառայել իրենց շահերին:
![]() Մոսկվայում ու Պեկինում կարծում են, որ Արևմուտքն ամբողջությամբ, մասնավորապես ԱՄՆ-ն, արաբական աշխարհում ընդդիմադիր շարժումները սնուցում են իրենց սեփական շահերն առաջ տանելու նպատակով: Այդ իսկ պատճառով էլ Սիրիայում բռնի փոփոխություններից խուսափելու նպատակով Մոսկվան և Պեկինը գնալով ավելի են մերձենում Արևմուտքին բարեկամաբար տրամադրված վարչախմբերի իշխանության գալու կանխարգելման փորձերում: ![]() Կարելի է ենթադրել, որ Սիրիայի հետ կապված տարաձայնությունների պատճառով ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական հնգյակի արևմտյան գործընկերների հետ Պեկինի և Մոսկվայի հարաբերությունների սրումը «ստվեր են նետում» Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ Օբամայի վարչակազմի կողմից Թեհրանին մեկուսացնելու և ճնշելու ուղղությամբ ջանքերի վրա: Չին փորձագետների կարծիքով` դիվանագիտական մեկուսացման, ռազմական զսպման և ցանցային տեղեկատվության տարածման միջոցով Վաշինգտոնը փորձում է խստացնել պատժամիջոցների կիրառումն իրանական նավթի արտահանման և ֆինանսական համակարգի նկատմամբ: Իրանասիրիական դաշինքը «սպառնալիք» է դիտվում ոչ միայն ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակից Իսրայելի համար, այլև մտահոգում է Սաուդյան Արաբիային, Ծոցի արաբական երկրներին ու Թուրքիային: Ուստի Ասադին ճնշելու նպատակը շիական «աղեղը կոտրելը» և Իրանին մեկուսացնելն է: ![]() Գործնականում Սիրիան ու Իրանը կենտրոնական դեր են խաղում Չինաստանի աշխարհաքաղաքական ազդեցության ամրապնդման ռազմավարությունում, որին նա հետամուտ է ճիշտ այնպիսի վճռականությամբ, ինչպես ԱՄՆ-ը, սակայն Չինաստանը, ի տարբերություն ԱՄՆ-ի, խուսափում է ռազմական միջամտությունից: Սիրիան Պեկինի համար ամենակարճ ցամաքային ելքն է դեպի Միջերկրական ծով և, իբրև Միջերկրածովյան միության անդամ, հավելյալ մուտք դեպի ԵՄ` վերջինիս կողմից ՉԺՀ-ի դեմ առևտրային արգելքների կիրառման դեպքում: Ըստ Պեկինի՝ Սիրիայի անկումը կարող է հանգեցնել իրանամետ ճակատի (Իրան, Սիրիա, «Հըզբոլլահ» կազմակերպություն) թուլացմանը` միաժամանակ ուժեղացնելով արևմտամետ դաշինքը (Սաուդյան Արաբիա, ԱՄԷ, Քաթար և այլն), ինչպես նաև Թուրքիան` իբրև ՆԱՏՕ-ի անդամ: Չինաստանն Իրանը խոշոր տարանցիկ երկիր է դիտում Ծոցի երկրների, միջինասիական և հարավկովկասյան հանրապետությունների հետ հարաբերությունների զարգացման ճանապարհին: Իրանը ՉԺՀ-ին դիտում է իբրեւ կապիտալի եւ տեխնոլոգիաների ներգրավման այլընտրանքային աղբյուրի, ինչպես նաև իր ազգային շահերի պաշտպանի: Սա էականորեն օգնում է Չինաստանին` տարածաշրջանում իր շահերն առաջ տանելու հարցում, հատկապես ԱՄՆ-ի հետ մրցակցության համատեքստում: ![]() Միանգամայն ակնհայտ է, որ ՄԱ-ում Արևմուտքի գլխավոր նպատակներից մեկը Չինաստանին էներգետիկ առումով թուլացնելն է: Ուստի սիրիական ճգնաժամն ու նրա հետևանքները չափազանց ծանր կարող են անդրադառնալ Արևմուտքից ունեցած Չինաստանի էներգետիկ կախվածության վրա: ՉԺՀ-ն ամեն կերպ կփորձի կանխել դա, քանի որ արդեն հսկայական վնասներ է կրել հակաիրանական պատժամիջոցների կիրառումից, լիբիական, սուդանական, արևմտաաֆրիկյան խնդիրների հետ բախումից: Իսկ Իրանի` ՉԺՀ-ի նավթի և բնական գազի կարևորագույն մատակարարներից մեկի դեմ ռազմական գործողությունները Չինաստանին կարող են հասցնել էներգետիկ ճգնաժամի եզրին: Այս է թերևս պատճառը, որ Սիրիայի պաշտպանությամբ Պեկինը ձգտում է, առաջին հերթին` թույլ չտալ տարածաշրջանում ԱՄՆ-ի դիրքերի ամրապնդմանը, և երկրորդ` թույլ չտալ, որպիսի Իրանը դառնա Արևմուտքի հաջորդ թիրախը: Չինաստանը կշարունակի ճկուն քաղաքականություն վարել նաև հետագայում` ելնելով իր աշխարհաքաղաքական շահերի պաշտպանության անհրաժեշտությունից: Սրան նպաստում է նաև ԱՄՆ-ի կողմից Չինաստանին ռազմավարական հակառակորդ գնահատելու հանգամանքը, հատկապես ՉԺՀ-ի տնտեսական բուռն աճի և ՄԱ-ի տարածաշրջանում վերջինիս դիրքերի ամրապնդման, մասնավորապես նավթարդյունահանող երկրների հետ վերջինիս կապերի խորացման համատեքստում: | |
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԷԹՆԻԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ | |
3832 reads | 26.12.2013
| |