ՉԻՆԱՍՏԱՆԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆ «ԱՐԱԲԱԿԱՆ ԳԱՐՆԱՆ» ՆԿԱՏՄԱՄԲ (ՄԱՍ ՅՈԹԵՐՈՐԴ)
![]() ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Արևելյան Ասիայի երկրների բաժնի ավագ գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու ![]() Մինչ այդ Եգիպտոսում ՉԺՀ-ի դեսպանը (Song Aiguo) Կահիրեում հանդիպել էր «Սիրիայի Ընդդիմադիր Ազգային կոալիցիայի» և «Հեղափոխական Ուժերի» նախագահ Ահմեդ Մուազ ալ-Խաթիբին` նշելով, որ Պեկինը հետևում է ալ-Խաթիբի վերջին շրջանի դիվանագիտական գործունեությանը սիրիական խնդրի կարգավորման ուղղությամբ և հույս ունի, որ սիրիական հակամարտության բոլոր կողմերը հետևողական և հավասար հիմունքներով բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով քաղաքական համակողմանի երկխոսության և կարգավորման կհասնեն: Չին դիվանագետը հորդորեց սիրիական հակամարտող կողմերին` քաղաքական անցումային գործընթացը վարել Սիրիայի վերաբերյալ Գործողությունների խմբի ընդունած ժնևյան հուշագրի ոգուն համապատասխան: Այսպիսով, Չինաստանն իրեն դրսևորեց իբրև միջազգային հարաբերությունների հիմնարար նորմերի պաշտպանությամբ հանդես եկող և գլոբալ կառավարման գործերին մասնակցող ու պատասխանատվություն ստանձնող մեծ տերություն: ՉԺՀ-ը սիրիական ճգնաժամի ողջ ընթացքում ամուր կանգնելով Սիրիայի ազգային ինքնիշխանության պաշտպանության դիրքերում` ամբողջովին բացառեց որևէ հիմքով, այդ թվում` մարդու իրավունքների ոտնահարման պատճառաբանությամբ, երկրի ներքին գործերին միջամտության հնարավորությունը: ![]() ![]() Պեկինում կարծում են, որ սիրիական վարչախմբի անկումը կարող է առավել ծանր հետևանքների հանգեցնել, քան ներկայիս քաղաքական ճգնաժամը: Տասնյակ հազարավոր քաղաքացիների մահվան փաստը մեծ ողբերգություն գնահատելով հանդերձ, Պեկինում ենթադրում են, որ արևմտյան երկրները թերագնահատում են իսլամական արմատականների իշխանության գալու կամ երկրում իշխանության հնարավոր վակուումի առաջացման հետևանքները: Ուշագրավն այն է, որ ըստ «Global Times» օրաթերթի` «Արևելյան Թուրքեստանի Ազատագրական շարժման» (ETIM) մարտիկները Սիրիայում պայքարում են ընդդիմության կողմից: Վերջիններս 2012թ. մայիս ամսից Սիրիա են տեղափոխվել Ասադի վարչախմբի դեմ պայքարում ալ-Ղաիդան և ծայրահեղական այլ կազմակերպություններին միանալու նպատակով: Պեկինում համոզված են, որ Ասադի պաշտոնաթողությունը չի հանգեցնի երկրում իրականացվող բռնությունների դադարեցմանը: Սիրիական իրադարձություններում նրանք տեսնում են ոչ թե բռնակալի և ապստամբների, այլ զինված խմբավորումների միջև պայքար, որում չի կարելի որևէ կողմին նախապատվություն տալ: Այդ պատճառով էլ սիրիական ճգնաժամում չինացիներն ընտրություն են անում առկա ստատուս-քվոյի, և ոչ թե անկանխատեսելի ապագայի պաշտպանության օգտին: | |
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԷԹՆԻԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ | |
2367 reads | 19.12.2013
| |