ԹՈՒՐՔ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՆ. ՎԵՐԱԴԱՐՁԻՆ Ի՞ՆՉ ԵՆ ԶԵԿՈՒՑԵԼՈՒ ԱԳՆ-ԻՆ
![]() Մինչև Խորհրդային Միության փլուզումը հայոց ցեղասպանության մասին չէին խոսում ոչ միայն Հայաստանում, այլև Թուրքիայում: Ավելի քան 20 տարի հայաստանցիներն ունեն խոսքի ազատություն, թուրքերը շարունակում են լռեցնել հանրությանը, բայց պատմությունը չի սիրում երկար լռել: Մենք պետք է ձգտենք վերականգնել արդարությունն ու երկու ժողովուրդների բարեկամությունը: Թուրքիայի կանաչների կուսակցության առաջնորդն այսկերպ է պատկերացնում հայ-թուրքական հարաբերությունների առաջին քայլը: ![]() «Ժխտողական քաղաքականությունը պետության պաշտոնական գործելակերպն է, և այն պետական մակարդակով է մտցվել հանրության դաստիարակության մեջ: Վերջին 4-5 տարիներին մենք շատ աշխատանք ենք արել, որպեսզի մարդկանց մեջ բարձրացնենք ցեղասպանություն գործած ազգի գիտակցությունը: Մենք սկսում ենք հաշտության ձեռք մեկնել ձեզ, և շատ կարևոր է, որ այդ ձեռքը կախված չմնա օդում»,-նշում է Ուֆուկ Ուրասը: Այշե Օքթեմ, Բյուլենտ Բիլմեզ, Ադնան Գենչ, Ուֆուք Ուրաս: Թուրք գործիչները շնորհակալություն են հայտնում հայ պատգամավոր Արագած Ախոյանին՝ ընդառաջ գնալու իրենց պարզած ձեռքին և խաղաղության արդար ճանապարհ գծելու փորձի համար: Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ պետք է արվեն հակամարտությունը լուծող, ոչ թե ավելի խորացնող քայլեր: ![]() Հայ-թուրքական համատեղ կոնֆերանսում բարձրացվում է մեկ հիմնական հարց՝ ի՞նչ անել տեղահանված հայերի կրած վնասների հատուցման, արդարության վերականգնման և թուրքերի հետ կրկին խաղաղ ապրելու պայմաններ ստեղծելու համար: Ուֆուկ Ուրասը նշում է. «Եթե արդարության պահապանն ու տերն ենք, նախ պետք է տեր լինենք մեր կատարած գործողություննների հետևանքներին: Պետք է բացենք երկու երկրների սահմանները, բայց դրա համար նախ պետք է բացենք մեր մտքի սահմանները: Մենք ներողություն ենք խնդրելու հայերից և նույնը պահանջելու ենք իշխանությունից»: Էմոցիոնալ դաշտում արված և ըստ էության ոչինչ չասող հրապարակային կոչերից անդին թուրք գործիչները շեշտում են՝ Անկարա վերադառնալով՝ հանդիպումների մասին մանրամասն կզեկուցեն արտգործնախարար Դավութօղլուին, բայց կշարունակեն անել ամեն ինչ՝ միջպետական և միջհասարակական հարաբերությունները կարգավորելու համար, հատուցման մասին խոսելու համար էլ դեռ շուտ է. դա այսօր առաջնային չէ: Նաիրի Հոխիկյան | |
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԷԹՆԻԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ | |
1968 reads | 24.04.2014
| |