Ի՞ՆՉ Է ՍԱՐՍԱՆԳԻ ՋՐԱՄԲԱՐԸ ԵՎ Ի՞ՆՉ ԿԼԻՆԻ ՆՐԱ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ. ՀԱՅԱՑՔ ԼՂՀ-ԻՑ
![]() Լրագրող, տարածաշրջանային և միջէթնիկ հակամարտություններ, ԵՐԵՎԱՆ ![]() Արցախի Մարտակերտի շրջանում Սարսանգի ջրամբարը կառուցվել է 1976-ին: 130մ հողե պատվար ունեցող հսկա այս ջրամբարում կա ավելի քան 600մլն խմ ջուր, որը սովետական տարիներին նախատեսված էր հիմնականում ադրբեջանաբնակ տարածքների ոռոգման համար, իսկ անկախության հռչակումից հետո ԼՂՀ-ն Սարսանգի ջուրն օգտագործում է ոչ միայն ոռոգման, այլև էներգետիկ նպատակներով: ![]() ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը հայկական երկու պետությունների համար անփոխարինելի գործոն է համարում ջրային անվտանգությունը: Ջուրը մեր հիմնական հարստություններից մեկն է, որը անհրաժեշտության դեպքում կարող ենք օգտագործել նաև այլ պետությունների հետ հարաբերություններում ռազմավարական նպատակներով: Հավանաբար նույն մտայնությամբ Ադրբեջանն այս տարի առաջին փորձն արեց՝ ԵԽԽՎ-ում առաջ քաշելու հակահայկական բանաձև՝ կապված հենց Սարսանգի ջրամբարի հետ: Եթե նախորդ տարիներին, այդ թվում 2013-ի աշնանը նույն կառույցը կոշտ արձագանքներով մերժել էր ադրբեջանցիների նախաձեռնությունը, ապա այս անգամ ոչ միայն որոշեց քննարկման դնել այն, այլև եվրոպական տարբեր երկրների պատգամավորներ ստորագրեցին դրա ընդունման օգտին: Դավիթ Բաբայանը հեռախոսազրույցում նշեց. «Սա էլ է մի օրինակ, որը մենք պիտի հասկանանք: Օրինակ, միայն Արցախի Շահումյանի շրջանում՝ Քարվաճառում, սկիզբ են առնում Արփա և Որոտան գետերը, որոնք սնում են Սևանա լիճը: Նույն այդ տարածքից են սկիզբ առնում Թարթառ և Խաչեն խոշոր գետերը, և մենք տեսնում ենք, որ եթե հիմա ադրբեջանցիները վիրտուալ ձևով են իրենցը համարում Սարսանգի ջրամբարը և մեր դեմ այդպիսի պայքար տանում, ապա պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի, եթե ստանա այդ տարածքների վրա վերահսկողություն: Դա կարող է իսկական աղետի պատճառ դառնալ»: Արցախի նախագահի ներկայացուցիչը վստահ է՝ եթե նույնիսկ բանաձևն ընդունվի, ու եվրոպացիները մեր առաջ պահանջներ դնեն, ողբերգություն չի լինի: Նախ՝ պաշտոնական Ստեփանակերտը դեռևս 98-ին է Բաքվին առաջարկել համատեղ օգտագործել Սարսանգի ջուրը, հետո էլ հայկական երկրորդ հանրապետությունը ինքն է տնօրինում սեփական ջրային պաշարները. կարող է հարևաններին ջուր տալ կամ չտալ: ![]() | |
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԷԹՆԻԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ | |
5732 reads | 17.04.2014
| |