ԲԱՔՈՒ-ԱԽԱԼՔԱԼԱԿ-ԿԱՐՍ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ՝ ՄԵՌԵԼԱԾԻՆ ՆԱԽԱԳԻԾ
![]() Լրագրող, տարածաշրջանային և միջէթնիկ հակամարտություններ, ԵՐԵՎԱՆ ![]() 2007-ի նոյեմբերի 21-ին տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ժամանակ Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի ղեկավարները այնքան էին ոգևորվել նոր ձեռքբերումով, որ մի պահ մոռացան դիվանագիտական էթիկայի մասին ու չկարողացան թաքցնել, որ 800 մլն դոլարանոց Բաքու-Ախալքալակ-Կարս երկաթուղին ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական նախագիծ է, դրանով մենք կկարողանանք լուծել Հայաստանի հարցերը, հայտարարեց Իլհամ Ալիևը, իսկ Միխայիլ Սաակաշվիլիի լուռ համաձայնությունը ապացուցեց շատերի համար աննկատ մնացած քարտեզը: Հայաստանից անջատված է ոչ միայն Արցախը, այլև Սյունիքի մարզի մի հատված: ![]() Թուրքիայի նպատակն ավելի գլոբալ էր՝ երկաթուղու շնորհիվ քնել Ստամբուլում և զարթնել Պեկինում կամ Լոնդոնում: Թուրքական երկու պետությունների մեջտեղում Վրաստանի այն ժամանակվա առաջնորդը չէր թաքցնում, որ իր համար կարևոր չեն ապագայի ռազմավարության հետ կապված հաշվարկները, կարևորը այս պահն է, երբ ինքը Ադրբեջանից ստանում է 600մլն դոլարի չափ արտոնյալ վարկ, Վրաստանի տարածքով անցնելու է 29կմ-ոց նոր երկաթուղի, որը կդառնա ընտրանք ռուսական երկաթուղային ցանցին: Եղավ 2008-ի ռուս-վրացական քառօրյա պատերազմը, և Սահակաշվիլիի հաշվարկները, Ալիևի խոստացած վարկն ու կենարար երկաթուղու շինարարությունը մնացին օդում: Վրաստանի այն ժամանակվա նախագահը ստիպված էր նշել. «Ադրբեջանի նախագահ, իմ լավ բարեկամ Իլհամ Ալիևի հետ մենք քննարկեցինք Բաքու-Ախալքալակ-Կարս երկաթուղու շինարարությունը վերագործարկելու հարցը: Կան ֆինանսական խնդիրներ, բայց ամեն ինչ լուծելի է, եթե կա ցանկություն: Ես նպատակ ունեմ իմ նախագահության օրոք ավարտին հասցնել այս նախագիծը»: ![]() ![]() «Մեղմ ասած` այդ երկաթուղու կառուցումը հարցեր է առաջացնում: Հնարավոր է՝ ես ստիպված լինեմ այս թեմայով հարցեր ուղղել, թե որ փուլում է գործընթացը: Հնարավոր է՝ դա շահավետ չէ մեզ համար, և կարգավորման կարիք ունի»,-2013-ի աշնանը հայտարարեց Իվանիշվիլին, իսկ նախագահի ընտրությունից հետո նորընտիր նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին Անկարայում ասաց. «Վրաստանը չի դադարեցնի Բաքու-Ախալքալակ-Կարս երկաթուղու շինարարությունը, բայց մենք անհանգստացած ենք այն հաշվարկներից, որոնք ժամանակին չի արել Սահակաշվիլիի իշխանությունը: Այս նախագիծը կվնասի Փոթիի նավահանգստի աշխատանքին, սա մեզ համար չի լինի առավել շահութաբեր, ի վերջո, մենք կընկնենք լրացուցիչ մոտ 1 մլրդ դոլար վարկի պատասխանատվության տակ: Մենք նաև չենք ուզում հարաբերություններ վատացնել մեր պատմական հարևանների հետ»: Վրաստանի նոր նախագահի վերջին նախադասության հասցեատերը Հայաստանն է: Վրացական երազանքի որդեգրած ռեգիոնալ նոր քաղաքականությունը լրջորեն անհանգստացրել է հատկապես թուրքերին: Էրդողանը 2014-ի հունվարին նույնիսկ չթաքցրեց դժգոհությունը, որ վրացական կողմը տեր չի կանգնում խոստումներին և հարաբերություններ է ստեղծում հատկապես Ռուսաստանի ու Հայաստանի հետ՝ անտեսելով Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը: Ռեջեփ Էրդողանը 2013-ի գարնանը խոստացել էր մինչև տարվա վերջ ավարտին հասցնել երկաթուղու շինարարությունը, բայց 2014-ի փետրվարի վերջին դեռևս կառուցված չէ երկաթուղու 50%-ը: Միացյալ Նահանգները լուրջ չի վերաբերվում, իսկ ԵՄ արտաքին կապերի հանձնակատարը բացահայտ հայտարարեց, որ այս նախագիծը աշխարհաքաղաքական ու տնտեսական որևէ օգուտ չի բերի Եվրոպային, բացի եղած հակամարտությունները սրելուց, ուստի արևմտյան գերտերություններն ու միջազգային կառույցները չեն աջակցի այդ երկաթուղու շինարարությանը: Նույն դիրքորոշումն ունի նաև ՌԴ-ն՝ նախագիծը դիտարկելով որպես իր ռեգիոնալ շահերին վնաս: Ստացվում է, որ թուրք-ադրբեջանական համատեղ նախագծի համար ջանքեր չեն խնայում միայն այս երկու պետությունները: | |
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԷԹՆԻԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ | |
5705 reads | 01.03.2014
| |