ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԳԵՐՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ԲԱԽՄԱՆ ԿԻԶԱԿԵՏՈՒՄ
![]() Պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ, ԵՐԵՎԱՆ ![]() Հարավային Կովկասն իր աշխարհագրական դիրքով պայմանավորված մշտապես գտնվել է տարաբնույթ բախումների կենտրոնում: ԱՄՆ-ի հետաքրքրությունները հստակորեն պատկերացնելու համար պետք է նախ հասկանանք, թե ինչպիսի արտաքին քաղաքականության է դավանում այս պետությունը: Այդ մասին բավական բաց հայտարարեց ԱՄՆ նախագահ Օբաման ՄԱԿ-ի 2013թ. սեպտեմբերին կայացած համաժողովում, որից ակնհայտ դարձավ, թե այդ գերտերությունը մնում է որպես աշխարհի բոլոր կետերում և իրադարձություններում գլխավոր «ուղղորդողի» և «կարգավորողի» հավակնություններ ունեցող կողմ: Հասկանալի է, որ այդ, փաստորեն, անսահմանափակ հավակնությունների շրջանակներում է նաև հարավկովկասյան տարածքը: Հարավկովկասյան երկրները ԱՄՆ-ի համար առաջին հերթին հետաքրքրություն են ներկայացնում որպես Ռուսաստանին սահմանակից տարածաշրջանում գտնվող պետություններ, որոնց վրա վերահսկողություն սահմանելու և ազդեցություն գործելու միջոցով հնարավոր է թուլացնել իրենց աշխարհաքաղաքական թիվ մեկ հակառակորդին: Մյուս կողմից էլ Հարավային Կովկասը դիտարկվում է որպես Ռուսաստանին այլընտրանքային ճանապարհ Եվրոպայի և Ասիայի տնտեսական կապերն ապահովելու տեսանկյունից, ինչի հետևանքով ռուսական կողմը կարող է տնտեսական զգալի կորուստներ ունենալ: Եվրամիությունը ևս այս հարցում ունի իր շահագրգռվածությունը, քանի որ հակառակ դեպքում նա կարող է տնտեսական որոշակի կախման մեջ ընկնել Ռուսաստանից: Այս առումով ավելորդ չէ հիշել 2009 թվականին Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ծագած հակասությունը, ինչի հետևանքով եվրոպական մի շարք երկրներ զրկվեցին գազի մատակարարումից: Այդօրինակ կախումը թուլացնելու և ինչպես էներգառեսուրսների մատակարարման, այնպես էլ Արևմուտք-Ասիա տնտեսական կապերի ամրապնդման տեսանկյունից, Հարավային Կովկասը դիտարկվում է որպես հնարավոր այլընտրանք: Բնականաբար Արևմուտքի և առաջին հերթին ԱՄՆ-ի հետաքրքրությունները շոշափում են նաև տարածաշրջանում իրենց ռազմական տեղակայումն ապահովելու ցանկությունը: Պատահական չէ, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև 2008-ին տեղի ունեցած կարճատև պատերազմից հետո սկսեց ավելի ակտիվորեն քննարկվել Վրաստանի ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցության հարցը: Այդուհանդերձ մոտ ժամանակներում, մանավանդ Վրաստանում տեղի ունեցած վերջին փոփոխություններից հետո, այս հարցն այլևս նախկին շրջանի պես արդիական չէ, բայց հարկավոր է փաստել, որ ԱՄՆ-ն անպայմանորեն ցանկություն ունի այս կամ այն կերպ ապահովել իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում: ![]() ![]() Անդրադառնալով Ռուսաստանի հետաքրքրություններին մեր տարածաշրջանում կարելի է նշել, որ բացի այն, որ պատմական բավական երկար ժամանակահատվածում այս տարածաշրջանը եղել է Ռուսաստանի ազդեցության գոտում`լինելով նրա կազմում, այլ նաև ներկա պայմաններում` այն առաջին հերթին Ռուսաստանի համար կարևոր է սեփական երկրի անվտանգության ապահովման տեսանկյունից: Ռուսաստանը միտված է ընդլայնել իր ազդեցությունը տարածաշրջանում, ինչպես նաև դիմակայել Արևմուտքի` Ադրբեջանը որպես ռուսական կողմին շրջանցող գազի և նավթի մատակարարման միջոց օգտագործելու քաղաքականությունն ի կատար ածելուն: Բնականաբար, կարելի է ենթադրել, որ որպես Հայաստանի ռազմական դաշնակից Ռուսաստանի շահերից է բխում ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում հայանպաստ որոշումների կայացումը, բայց վերջիններս խուսափում են առանց կողմերի փոխհամաձայնության որոշումներ կայացնելու նախաձեռնությունից, քանի որ դա կարող է առիթ հանդիսանալ Ադրբեջանի կողմից թշնամական դիրքորոշման ձևավորմանը դեպի Ռուսաստան: Բացի այդ, ԼՂ հակամարտության գոյությունն ապահովում է Մոսկվային լծակներ, որոնք գործի դնելով նրանք զերծ են պահում Ադրբեջանին դեպի արևմուտք կողմնորոշվելուց: Հետևաբար Ռուաստանը ևս շահագրգրռված է ստատուս-քվոյի պահպանման հարցում, ինչը պատմական այս ժամանակաշրջանում բխում է նրանց պետական շահերից: Ինչ վերաբերում է տարածաշրջանային տերություններ հանդիսացող Թուրքիային և Իրանին, որոնց դերակատարումը ԼՂ հակամարտության կարգավորման գործում բնականաբար նվազ է քան ԱՄՆ-ինը կամ Ռուսաստանինը, ապա գաղտնիք չէ, որ Թուրքիան, լինելով Ադրբեջանի <<ավագ եղբայրն>> ու ռազմական թիվ մեկ դաշնակիցը, մեծապես շահագրգռված է խնդիրը հօգուտ Ադրբեջանի լուծման հարցում: Իրանի պարագայում խնդիրը մի փոքր այլ է: Նախ Իրանն ունի որոշակի լարվածություն Ադրբեջանի հետ, որի հիմնական պատճառներից մեկն է երկրի հյուսիսում գտնվող Իրանական Ադրբեջան կամ Ատրպատական նահանգի հանդեպ Ադրբեջանի կողմից դրսևորվող նկրտումները: Իհարկե ոչ պաշտոնական մակարդակով, բայց ադրբեջանական կողմը փորձում է տարածքային պահանջներ ներկայացնել Իրանին: Անգամ ադրբեջանական որոշ շրջանակների կողմից առաջարկություններ են հնչել Ադրբեջանն անվանել Հյուսիսային Ադրբեջան, ինչը հող կնախապատրաստեր իրենց հեռուն գնացող ծրագրերն իրականացնելու համար: Պաշտոնապես, բնականաբար, Ադրբեջանը չի կարող նման պահանջներ ներկայացնել, ինչի համար գոյություն ունեն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Առավել ևս քանի դեռ Ադրբեջանն ունի չլուծված խնդիրներ հայկական կողմի հետ, հարաբերությունների վատթարացումը ԻԻՀ-ի հետ հղի կլինի նրանց համար լուրջ վտանգներով: ![]() Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ հարավկովկասյան տարածաշրջանում շահեր ունեցող քաղաքական հիմնական խաղաղացողների համար ներկա պահին առավել ցանկալի է ստատուս-քվոյի պահպանումը: | |
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԷԹՆԻԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ | |
3139 reads | 14.02.2014
| |