ԲԱՔՎԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՎԱԾ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ` ՍՏԵՂԾԵԼ ՆԱԽԱՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿ
![]() «Ազդակ»-ի գլխավոր խմբագիր, ԼԻԲԱՆԱՆ Արցախ-Ադրբեջան-ՀՀ շփման գծերի կամ ընդհանրապես սահմանային գոտիների վրա արձանագրվող հրադադարի խախտումները թեւակոխել են նոր փուլ։ Թվում է, որ խոսքը խախտումների հերթական բնույթի մասին չէ, որքան նախապատերազմական իրավիճակի ստեղծման փորձի` Ադրբեջանի կողմից։ ![]() Ի՞նչն է տակավին, որ հակառակ հետախուզական ներթափանցման բոլոր գործողությունների ձախողմանը, հակառակ դիրքերի կորստին եւ հակառակ սպանվածների թվի աճին, Բաքուն շարունակում է ռազմական այս վարքագիծը։ Որքան էլ, թե՜ իր հասարակության եւ թե՜ միջազգային հանրության համար, ադրբեջանական քարոզչամեքենան խեղաթյուրված ներկայացնի պատահարները, այնուամենայնիւ իր ձեռնարկած գործողությունների անարդյունավետությունն ու սպանված զինվորների աճող թւերը կարող են բումերանգի ազդեցություն ունենալ ներադրբեջանական շրջանակներում։ Ուրեմն`դարձյալ հանկերգվող հարցումը. ինչո՞ւ է ադրբեջանական գործողությունների այս թափը։ Արդեն պաշտոնականացած է, որ օգոտսոսի 8-ին կամ 9-ին, երկարատեւ ընդմիջումից հետո տեղի կունենա նախագահներ Սարգսյան-Ալիեւ հանդիպումը։ Հանդիպման նախօրեին գերլարված իրավիճակի կամ ուղղակի նախապատերազմական իրավիճակի ստեղծումը առաջադրանք է. գուցե ոչ զուտ ադրբեջանական առաջադրանք։ ![]() ԱՄՆ-ի պետքարտուղարության հայտարարության այս բաժինը որոշ դիտարժան նշանակություն կարող է ունենալ. «Պատասխան գործողությունները և բռնության աճը ավելի են դժվարացնում խաղաղ կարգավորման հաստատումը»։ Վաշինգտոնի այս տրամաբանությամբ, եթե պատասխան գործողություններ կան, ուրեմն նախահարձակ գործողություններ պետք է եղած լինեն։ Ենթադրվում է, որ Վաշինգտոնը իրազեկ է, թե ո՞վ է նախահարձակը եւ ո՞վ է պատասխանողը։ Բայց առանց նախահարձակ կողմը քննադատելու պատասխանող կողմի վրա պատասխանատվություն բարդելը թե` դժվարացնում է խաղաղ կարգավորման հաստատումը, առնվազն մտածելու տեղիք է տալիս, քաղաքական հետաքրքիր այս տրամաբանության մասին։ ԱՄՆ պետքարտուղարությունը նաեւ կոչ է անում երկու նախագահներին հնարավորինս շուտ հանդիպելու։ Հնարավորինս շուտը արդէն 4 օր հետո է։ Այն, ինչ որ իբրեւ կոչ բացակայում է Մոսկվայի հրապարակած հայտարարությունում։ Հիմա լուսարձակի տակ կգա նաեւ այլ կարեւոր մի հանգամանք։ Միջնորդ երկրներից երկուսը երրորդի դեմ որոշել են դիմել պատժամիջոցների։ ՌԴ-ի դեմ պատժամիջոցային քաղաքականության առաջնորդ ԱՄՆ-ը հավաքագրում է այլ պետություններ, որոնց կարգին, իհարկե, ԵՄ-ի երկրները եւ դրանցից առաջինը Ֆրանսիան։ Իրար դեմ սառից դեպի գաղջ պատերազմի անցած երկրները միասնաբար ստանձնել են միջնորդություն` խաղաղորեն կարգավորելու նախապատերազմական մի իրավիճակ։ Այս հանգամանքների ստեղծած համապատկերի ճիշտ ընկալումը գուցե օգտակար կլինի հասկանալու Բաքվի գերաշխուժացումը եւ միջնախագահական ձեւաչափով կայանալիք հանդիպման նախօրեին նախապատերազմական իրավաճակի ստեղծման փորձերը։ ![]() Իր խիստ կեցվածքով միաժամանակ Երեւանը հասկացնում է, թե հնարավոր չէ ուժի լեզվով իրեն դիվանագիտական-քաղաքական զիջումներ պարտադրել, մյուս կողմից Արցախի տարբեր պաշտոնական ներկայացուցիչներ ավելի եւ ավելի ամուր կերպով ընդգծում են, որ Մադրիդյան սկզբունքները ԼՂՀ-ի համար ընդունելի չեն. մասնավորաբար ընդունելի չէ ներկայիս ձևավորված սահմաններից որեւէ չափով նահանջ։ Իրավիճակը լարված է, բայց հայկական ուժերի կողմից վերահսկելի։ | |
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԷԹՆԻԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ | |
2998 reads | 06.08.2014
| |