ԵԿԵՔ ԿԱՌՈՒՑԵՆՔ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐԸ. ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ
![]() «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր, ԱՄՆ ![]() Վերաքննիչ դատարանի դատավորներ Գառլանդը, Ուիլկինսը և Գինսբուրգն ահա այսպես ամփոփեցին դատական գործերի և հակընդդեմ հայցերի շարքը, որ վիճարկող կողմերը ներկայացրել էին վերջին 7 տարիների ընթացքում. Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարությունը, այդ թվում` Հրայր Հովնանյանը և Ջերարդ Գաֆեսճյանը, «ապահովել էին խոշոր ֆինանսական ներդրումներ և ստեղծել շահույթ չհետապնդող ընկերություն` «Հայոց ցեղասպանության թանգարան-հուշահամալիրը»: Նրանք նաև համաձայնության էին եկել և գնել մի պատմական շենք թանգարանի համար` Սպիտակ տնից ընդամենը մի քանի թաղամաս հեռավորության վրա: ![]() Սակայն տարիներն անցնում էին, իսկ նրանք չէին կարողանում համաձայնության գալ շատ հարցերի շուրջ: Առաջխաղացումը դանդաղում էր, լարվածությունը՝ աճում: Աննշան հաջողություններ ձեռք բերվեցին: Ի վերջո, ծրագրի գլխավոր հիմնադիրներից և բարերարներից մեկը՝ հանգուցյալ Ջերարդ Գաֆեսճյանը, որոշեց հեռանալ խմբից և հրաժարական տվեց Հայոց ցեղասպանության թանգարան-հուշահամալիրի նախագահի իր պաշտոնից: Պառակտումը հեռու էր բարեկամական լինելուց: Եվ այսպես, սկսվեց իրադարձությունների մի երկար շղթա, որի գագաթնակետն այս խճճված դատավարությունն է: Մի քանի տարվա դատական վեճերից հետո կողմերն ի վերջո դիմեցին շրջանային դատարան: Բացի մի հարցից, բոլոր մյուս պահանջները համարվեցին չապացուցված: Դատաքննություններից հետո առաջ եկան բազմաթիվ խնդիրներ, և առաջին ատյանի դատարանի բազմաթիվ որոշումներից հետո դրանք բողոքարկվեցին մաս-մաս, իսկ հիմա բողոքարկման մասնատված գործերը համախմբվել և ներկայացվել են մեզ որոշում կայացնելու համար»: Իրենց կայացրած որոշման վերջին էջում վերաքննիչ դատարանի դատավորները հիասթափություն և անհանգստություն էին արտահայտել անիմաստ դատավարությունների շարքի համար: Ցասումով լցված նրանք գրել էին. «Այս իրավական ոդիսականը երկարաշունչ էր: Այն սկսվեց որպես մեկ եզակի դատավարություն` չվճարված մուրհակները հավաքելու համար, և արագորեն վերածվեց իրավական վեճերի ճահճի: Ավելի քան յոթ տարիների ընթացքում իրավաբանական ծառայությունների համար միլիոնավոր դոլարներ ծախսելուց հետո, կողմերի հսկայածավալ աշխատանքն իրենց երազած թանգարանն իրագործելու համար, թվում է թե ապարդյուն էր, որը շատ ցավալի է: Ինչ էլ որ լինի հետագայում, մենք հուսով ենք, որ այսօրվա մեր որոշումը կարող է առնվազն վերջակետ դնել այս ձգձգված դատական վիճաբանությանը»: ![]() Շատ ցավալի է, որ երկու կողմերն էլ մերժել էին երրորդ կողմերի բոլոր առաջարկները` միջնորդելու նրանց վեճը: Դատական հայցերի վրա վատնված միլիոնավոր դոլարները կարող էին օգնել Ցեղասպանության թարգարանի ֆինանսավորմանը: Սա ևս մեկ ցավալի օրինակ է, թե ինչպես են հայերը ոտնահարում իրենց սեփական շահերը: Դեռևս կարող է հրաշք տեղի ունենա... Թեև պարոն Գաֆեսճյանը վախճանվել է անցյալ տարվա սեպտեմբերին, սակայն նա բազմիցս հայտարարել էր, որ իր ջերմ փափագն է եղել կառուցել Հայոց ցեղասպանության թանգարան-հուշահամալիրն Ամերիկայի մայրաքաղաքում: Աշխարհասփյուռ ողջ հայությունը ցանկանում է, որ նրա ժառանգորդները և «Գաֆեսճյան ընտանիք հիմնադրամի» հոգաբարձուները հարգեն Ջերարդ Գաֆեսճյանի նվիրվածությունն այս վեհ գաղափարին և իրականացնեն նրա անմար երազը: Հայաստանի ղեկավարները, Սփյուռքի կազմակերպությունների առաջնորդները և համայնքի անդամները պետք է տեղեկացնեն «Գաֆեսճյան ընտանիք հիմնադրամի» հոգաբարձուներին, որ իրենք լիովին պատրաստ են ամեն տեսակ աջակցություն ցուցաբերելու, որպեսզի իրականություն դառնա պարոն Գաֆեսճյանի երազանքը: Թանգարանը պետք է հավերժական հարգանքի տուրք լինի Ջերարդ Գաֆեսճյանին, ով տասնյակ միլիոնավոր դոլարներ է նվիրաբերել մարդասիրական ծրագրերի համար Հայաստանում և Միացյալ Նահանգներում: Այժմ, երբ այս տհաճ դատական գործն արդեն հետևում է, ժամանակն է ամերիկահայ համայնքի համար` «Գաֆեսճյան ընտանիք հիմնադրամի» հոգաբարձուների հետ միասնաբար, համախմբվել և ստեղծել համահայկական հանձնախումբ, ներառյալ Հայկական համագումարը, և սկսել այս հույժ կարևոր կառույցի ձեռնարկումը Վաշինգտոնում: Ցեղասպանության թանգարանը միլիոնավոր այցելուների հավերժ կհիշեցնի ոչ միայն սարսափելի ողբերգության մասին, որ պատուհասել էր հայ ժողովրդին 1915 թվականին, այլև, որն ավելի կարևոր է՝ նրա աննկուն ոգու գոյատևման և բագավաճման մասին: Հետևաբար, ավելի ճիշտ կլինի թանգարանը անվանել «Ցեղասպանությունից Հայ ժողովրդի վերապրումի հուշահամալիր»: Եթե «Գաֆեսճյան ընտանիք հիմնադրամի» հոգաբարձուները և ամերիկահայ համայնքը կիսեն այս տեսլականը, ապա հիմնարկեքի արարողությունը կարող է տեղի ունենալ Հայոց հուշահամալիրի ապագա տարածքում 2015 թվականի ապրիլի 24-ին... Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի | |
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԷԹՆԻԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ | |
2563 reads | 26.07.2014
| |