ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է, ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՎԱՃԱՌՈՒՄ, ԵՎՐՈՊԱՆ՝ ԱՂԱՂԱԿՈՒՄ, ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՌԱՋ Է ԳՆՈՒՄ
![]() Լրագրող, տարածաշրջանային և միջէթնիկ հակամարտություններ, ԵՐԵՎԱՆ ![]() 12 տարվա ընթացքում 1000 հրետանային համակարգ միայն Ռուսաստանից, Բելառուսից և Ուկրաինայից: 120 մմ տրամաչափի «Սանի» տեսակի ականանետ, «Մստա-С» և «Վենա» տեսակի 36 ինքնագնաց հաուբից, ТОС-1А 18 ծանր հրանետ, «Սմերչ» տեսակի 18 համազարկային ռեակտիվ համակարգ: Այսքան զենք ադրբեջանցիները վերջին մեկ տարում ջեռք են բերել Ռուսաստանից: 12 հատ Սմերչ Ադրբեջանը գնել է նաև Ուկրաինայից: Միջազգային ռազմական փորձագետները շեշտում են՝ հարևան պետության իշխանությունն այնքան ցինիկ է, որ պաշտոնապես է հայտարարում ՄԱԿ-ի սահմանափակումները խախտելու և դրանցից հաճույք ստանալու մասին: Զենքի կուտակման ու պատերազմ վերսկսելու մասին ԵԽԽՎ-ում ասաց նաև Իլհամ Ալիևը: ![]() «Հայերը Ադրբեջանի պատմական տարածք Լեռնային Ղարաբաղում եկվորներ են: Երևանը ևս Ադրբեջանի պատմական տարածք է և որպես մայրաքաղաք Հայաստանին է տրվել 20-րդ դարի սկզբին։ Եթե ուշադիր կարդանք Հելսինկյան եզրափակիչ ակտը, ապա այնտեղ կկարդանք, որ ինքնորոշում կարող է լինել այն դեպքում, եթե չի խախտվում ուրիշի տարածքային ամբողջությունը: Հայերն արդեն օգտվել են ինքնորոշման իրավունքից և Ադրբեջանի տարածքում ստեղծել Հայաստան պետություն, հետևաբար երկրորդ հայկական պետություն չի կարող լինել: Մենք ուզում ենք, որ խնդիրը լուծվի խաղաղ ճանապարհով, որ հայերը առանց պատերազմի հանեն զորքերը Ղարաբաղից, բայց եթե հիմա նրանք չհամաձայնեն, մենք այլևս չենք սպասի և մեր ունեցած զինամթերքը կօգտագործենք հայերի դեմ»: Եվրոպայի կենտրոնում Ադրբեջանի նախագահի ելույթը պարծենկոտություն ու մոլեգին անվանեցին բրիտանացի պատգամավորները, Նիդեռլանդների ներկայացուցիչը Ալիևին անվանեց կռվարար, իսկ ԵԽԽՎ-ի նախագահ Անն Բրասերը վտանգավոր համարեց նրա անհավասարկշիռ պահվածքը: Քանի դեռ Ստրասբուրգում Ադրբեջանի նախագահի ռազմատենչ ելույթը դատապարտում էին եվրոպացի պատգամավորներն ու վերլուծաբանները, Բաքվում ընդունվեց նույն ԵԽԽՎ-ի հռչակագիր՝ ընդդեմ Ռուսաստանի՝ պահանջելով Ուկրաինային վերադարձնել Ղրիմը: Նույն օրերին Մեծ Բրիտանիայի կառավարությունը արգելեց որևէ զենք վաճառել Ադրբեջանին կամ Հայաստանին, քանի որ դրանք կարող են կիրառվել Լեռնային Ղարաբաղի դեմ հնարավոր պատերազմում: Բրիտանացիները պաշտոնապես անհանգստացան Ալիևի հայտարարությունից, թե շուտով վերսկսվելու է պատերազմը: Նույն օրերին հակառակ խոստովանություն արեց Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: ![]() ![]() Ադրբեջանի պաշտպանության նախարարի անուղղակի խոստովանությունը ապացուցվեց Razm.info-ի լուսանկարներով, որտեղ երևում են ոչ միայն հայկական նոր՝ առաջ գնացած դիրքերը, այլև ամբողջությամբ անպաշտպան դարձած ադրբեջանական խրամատները, այնքան անպաշտպան, որ հակառակորդի զինվորները նույնիսկ չեն մտածում թաքնվելու մասին: Ստացվում է՝ Ադրբեջանը միջազգային ամբիոններից հայտարարում է մեր ռազմավարական դաշնակիցներից մեծ քանակությամբ զենքի ձեռքբերման մասին ու սպառնում դրանցով կրակելու հայերի վրա, իսկ հայկական բանակը ոչ միայն չի հայտարարում, այլև դանդաղ, բայց հաստատուն ձևով առաջ է տանում սեփական դիրքերը՝ ապացուցելով ճշմարտությունը՝ սահման պահելու և առաջ գնալու համար դաշնակիցների խոստումը հուսալի չի, կարևորը բանակի ուժն է: ![]() | |
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԷԹՆԻԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ | |
3771 reads | 11.07.2014
| |