«ԵՐԿՈՒ ԴԵՄՔԵՐԻ» ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ. ԱԴՐԲԵՋԱՆԸ ԳՆԱՑ ՌԵՎԱՆՇԻ
![]() Լրագրող, տարածաշրջանային և միջէթնիկ հակամարտություններ, ԵՐԵՎԱՆ ![]() «Պարոն Ալիևի երկու դեմքը». այսպիսի վերնագրով հոդված օրեր առաջ տպագրեց հեղինակավոր The New York Times պարբերականը՝ մանրամասն ներկայացնելով այն վիճակը, որ տիրում է մեր հարևան երկրում 1969-ից մինչև այսօր: Հեղինակները նշում են, որ այդ ժամանակից մինչև 2003-ը Հեյդար Ալիևն էր Ադրբեջանում վարում բռնատիրական կարգեր՝ հետևողականորեն ճնշելով և ուծացնելով հայերին, լեզգիներին, թալիշներին ու մյուս տեղաբնիկ ժողովուրդներին: Հեյդարին փոխարինելու եկած որդի Իլհամը տարբերվում է երկու բանով՝ ճնշվողների ցանկում այլևս չկան հայերն ու Արցախը, նաև նոր նախագահն ունի ավելի ներկայանալի տեսք: ![]() Իլհամ Ալիևի վարչակարգն, իհարկե, չէր կարող հանդուրժել ամերիկյան պարբերականի, իսկ իրականում, այդ պարբերականին հոդված հրապարակել առաջարկած ամերիկյան իշխանության քայլը: Ադրբեջանական քարոզչամեքենան երկար մտածեց համարժեք քայլի մասին ու չկարողացավ գտնել ավելի հարմար պատասխան, քան նույն վերնագրով հոդված հրապարակելը. «Պարոն Օբամայի երկու դեմքը»: ![]() Ադրբեջանի իշխանությունը մեղադրում է Վաշինգտոնին՝ իր սպասումները չարդարացնելու և քաղաքական պայմանավորվածություններում բազմիցս հիասթափեցնելու համար: Բաքվի պատասխանն արտահայտվեց միջազգային կազմակերպությունների գրասենյակներ փակելով ու լրատվամիջոցներ խուզարկելով: «ԱՄՆ նախորդ վարչակազմերի ժամանակ կողմերը լսում էին իրար և կատարում խոստումները: Սակայն Օբամայի իշխանության օրոք Ադրբեջանին սատարող ոչ մի քայլ չի արվել: Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ-ը պետական մակարդակով երկակի ստանդարտներ է ցուցաբերել, ինչը արտացոլվել է նաև հայտնի ադրբեջանամետ դիվանագետ Մեթյու Բրայզային Բաքվում դեսպան նշանակելու Օբամայի անկարողությունում: Այդպիսի իրականության մեջ մենք ստիպված ենք լրտես համարել Ամերիկայի փողերով սնվող և Ադրբեջանում գործող կազմակերպությունները»: Վերջին նախադասությունը ևս բառացի պատասխան էր ամերիկյան մեղադրանքին: The New York Times-ի հոդվածում խոսվում է «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի մասնաճյուղի խուզարկության ու լրագրողների ձերբակալությունների մասին, նշվում, որ Արևմուտքը նավթագազային շահերի պատճառով հաճախ աչք է փակում ադրբեջանական պետական հանցանքների վրա, մինչդեռ դա իրական սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի ու նաև Արևմուտքի ապագա ներկայության համար: «Պարոն Ալիևը, իհարկե, միակ բռնապետը չէ, ում հմուտ քաղաքականությունն ու բնական պաշարների նկատմամբ հսկողությունը ստիպում են ամերիկյան ու եվրոպական քաղաքական գործիչներին բախվել արժեքների միջև սկզբունքային ընտրության հետ: Իլհամ Ալիևը նախագահ է ընտրվել հոր մահվանը հաջորդած և կասկած հարուցող երեք ընտրությունների շնորհիվ և անշեղորեն ստեղծում է հոր անձի պաշտամունքը: Միացյալ Նահանգներն ու Եվրոպան պետք է հասկանան՝ անկախ այն փաստից, որ ստիպված են բիզնես վարել Ադրբեջանի հետ, այնուամենայնիվ, Արևմուտքը տեսնում է, թե դա ինչ երկիր է և օրեցօր ինչքան վտանգավոր է դառնում» (The New York Times): Վտանգավոր ոչ միայն քաղաքական, այլև հոգեբանական կեցվածքի առումով: Ադրբեջանցի գործիչներն ու վերլուծաբանները Իլհամ Ալիևին համոզել են, որ ԱՄՆ, այսպես ասենք, հակաադրբեջանական քայլերի պատճառը պետք է փնտրել Օբամայի անձնական վիրավորանքի մեջ, և ինչպես միշտ՝ մեղավորը կրկին հայերն են: Պարզվում է՝ Բարակ Օբաման 2009-ի հայ-թուրքական սիրախաղերի ժամանակ Իլհամ Ալիևին հրավիրել է Ստամբուլ՝ համոզելու, որ չվիժեցնի հաշտեցման գործընթացը, բայց ինչպես նշում է ադրբեջանական թերթը, Ալիևի ամուր կամքը խափանեց թուրքերի համար հայերի և ամերիկացիների լարած այդ նենգ թակարդը: Ահա թե ինչու ՄՆ նախագահը չի ներում Ալիևին ու հետևողականորեն դավեր է նյութում նրա դեմ: | |
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԵՎ ՄԻՋԷԹՆԻԿ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ | |
3009 reads | 26.01.2015
| |