ԶԼՄ-Ը՝ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐ
Գոյություն ունի մարդու վարքի վրա ներգործելու քաղաքականության երկու դրդապատճառ: Այն է՝ դրդել մարդկանց նպատակաուղղված գործողությունների, ինչպես նաև կանխարգելել անցանկալի հասարակական շարժումները, ցույցերը և բողոք արտահայտող այլ միջոցառումները: Լրագրության պատմությունը վկայում է, որ համաշխարհային մասշտաբով բոլոր հեղափոխական և հակահեղափոխական շարժումների էպիկենտրոնում եղել են մամուլը, ռադիոն և հեռուստատեսությունը (1789թ՝. Ֆրանսիա, 18-րդ դար՝Հյուսիսային Ամերիկա, 1917թ.՝ սոցիալիստական մեծ հեղափոխություն, 2003-2004թ.՝ Վրաստան և այլն): Քաղաքական քարոզչությունն իրականացվում է զանգվածային լրատվամիջոցների քաղաքական գործառույթներով՝ տեղեկատվական, կրթական, քաղաքական-սոցիալականացման և վերահսկիչ քննադատական: Քաղաքագետների եզրահանգմամբ լրատվամիջոցները կուսակցություններից յուրացրել են քաղաքական սոցիալականացման գործառույթը և իրականացնում են ավելի արդյունավետ, հատկապես ընտրական գործընթացներում: Ֆրանսիացի սոցիոլոգ Ժ. Պ. Գուրվիչի հաստատմամբ ներկա ժամանակներում Արևմուտքում ձևավորվում է «հեռուստավարական» պետական համակարգ: Հեռուստատեսությանը՝ որպես քարոզչության նպատակահարմար միջոցի տրվող նախապատվությունը պայմանավորված է դրա պատկերային և ոճական առանձնահատկություններով: Ի տարբերություն մամուլի, հեռուստատեսությունը հասանելի է նաև անգրագետ և կիսագրագետ զանգվածներին: Այն ունի հուզական ներգործության լայն հնարավորություններ: Բացի այդ, պատկերի և ձայնի համադրմամբ մարդու մի քանի զգայարաններ են ձևավորում մտապատկերներ, և արդյունավետ է աշխատում հիշողությունը: Կա ևս մեկ առավելություն՝ տեխնիկական լայն հնարավորությունների շնորհիվ (մոնտաժ) կարելի է ստեղծել պատկերային պատրանք կամ խեղաթյուրել իրողությունները: ![]() Ցանկացած քաղաքական էլիտա ունի իր «բարձրախոսը» մամուլի շրջանակներում: Դրանք կոչվում են էլիտար թերթեր, որոնք մեծամասամբ ներկայացնում են կառավարության պաշտոնական դիրքորոշումները և մասնակիորեն զբաղվում իշխանամետ քարոզչությամբ: Ամերիկացի լրագրության տեսաբան Ու. Շրամի մոտեցմամբ այդ թերթերն անդրադառնում են ներպետական և միջազգային իրադարձություններին, բացառում սոցիալական խոցելի հիմնախնդիրների, աղմկահարույց նյութերի և կառավարության մասին քննադատական մեկնաբանությունների լուսաբանումը: Խոսում են միայն քաղաքական, տնտեսական, սոցիալական ձեռքբերումների և առաջընթացի մասին: Սակայն էլիտար թերթերի մտահոգությունը ապագայի հանդեպ չունի հասարակական բնույթ. այն ավելի շատ մտահոգություն է այն սոցիալ- տնտեսական համակարգի մասին, որն ապահովում է իշխող էլիտայի և կառավարության շահերը: Ինչպես նաև կառավարում են հասարակական կարծիքը, այլ ոչ թե հաշվի նստում դրա հետ: Ամերիկյան լրագրության տեսաբանները առանձնացրել են աշխարհի տիպիկ էլիտար թերթերը: Դրանք են. «Նյու-Յորք թայմս» (ԱՄՆ, Նյու-Յորք 1851թ.), «Թայմ» (ԱՄՆ, Նյու-Յորք 1923թ.), «Կրիսչեն սայենս մոնիտոր» ( ԱՄՆ, Բոսթոն 1908թ.), «Գարդիան» (Մեծ Բրիտանիա, Մանչեսթեր 1821թ.), «Նոյե ցյուրխեր ցայտունգ» ( Շվեյցարիա ), «Վաշինգտոն փոստ» (ԱՄՆ, Վաշինգտոն 1877թ.), «Լա պրենսա» (Արգենտինա, Կոստա-Ռիկա 1889թ.), «Ասախի սիմբուն» (ճապոնիա, Օսակի 1879թ.), «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայտունգ» (Գերմանիա 1949թ.): ՀՀ-ում իշխանության ձայնը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթն է: Անի Սամսոնյան | |
ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ | |
2531 reads | 16.03.2013
| |