ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՍՈՑԻԱԼ-ՊԱՏՄԱԿԱՆ ԵՐԵՎՈՒՅԹ
«Չէք մահանայ, որովհետև Աստուած գիտի, որ այն օրը, երբ դրանից ուտեք, կը բացուեն ձեր աչքերը, և դուք կը լինեք աստուածների նման` կիմանաք բարին ու չարը»: Աստվածաշունչ, Գիրք Ծննդոց ![]() Մի շարք տեսաբաններ գտնում են, որ քարոզչության առաջին սաղմերն ի հայտ են եկել աստվածաշնչյան պատմություններում: Դրանցից մեկում հիշատակվում է (Հին Կտակարան, Դատավորներ 7), որ Աստված կոչում է Գեդեոնին փրկելու Իսրայելը: Վերջինս հակառակորդի դեմ կիրառում է ապակողմնորոշելու միջոցներ, որի հետևանքով թշնամու բանակը խուճապի է մատնվում և մադիամացիները դիմում են փախուստի: Հույն փիլիսոփաներ Արիստոտելի «Հռետորություն» և Պլատոնի «Պետություն» աշխատությունները վկայում են, որ Հին Հունաստանի դասական մշակույթի շրջանում (մ.թ.ա. 5-4-րդ դարեր) հասարակական կարծիքը ենթարկվում էր վերահսկողության պոլիսային կյանքի միասնականության և ստրկատիրական-դեմոկրատական հասարակարգի գաղափարական հիմքերը չխարխլելու համար: Այս ժամանակաշրջանում խոսքը դառնում է համոզելու և քարոզելու արվեստ` հռետորություն: Չարաշահելով դիցարանի և կրոնի նկատմամբ մարդկանց կույր հավատը՝ տարբեր ժամանակներում (ընդ որում նաև այսօր) քրմերը և հոգևոր առաջնորդները, կիրառելով քարոզչության տարբեր մեթոդներ, ձեռք են բերել ահռելի իշխանություն հասարակական կյանքի բոլոր ոլորտներում ( քաղաքական, տնտեսական, մշակութային, սոցիալ-կենցաղային և այլն): Հատկապես երկու համաշխարհային կրոնների` քրիստոնեական և իսլամական դոգմատիկների ծայրահեղականությամբ են պայմանավորված պատմա-քաղաքական մի շարք իրողություններ:Բավական է նշել 10-11-րդ դարերի խաչակրաց արշավանքները: Ֆեոդալ ասպետները ոչ մի էական պատճառ չունեին արշավել դեպի հեռավոր արևելք, բացառությամբ այն բարիքների (մեղքերի թողություն, հավիտենական կյանք դրախտում, Արևելքի գանձերը և այլն) ակնկալության, որ 1095թ.-ին Կլերմոնի տաճարում խոստացել էր նրանց Հռոմի ՈՒրբանոս 2-րդ պապը և նրա նախորդները` «Ովքեր այստեղ թշվառ են ու աղքատ, այնտեղ կլինեն ուրախ և հարուստ»: Նույն երևույթը կարելի է վերագրել նաև իսլամական սուրբ պատերազմին` ջիհադին: 13-14-րդ դարերում կղերական քարոզչությունն ուժգնացավ: Կաթոլիկ եկեղեցու հատուկ վերահսկիչ օրգանը` Ինկվիզիցիան սաստկացրեց հետապնդումները «այլախոհների» դեմ, հաստատեց «արգելված գրքերի ինդեքսը», որի համաձայն գրաքննության էին ենթարկվում բոլոր այն հրատարակչական միջոցները, որոնք հակասում էին կղերական դոգմաներին և սպառնում եկեղեցու իշխանական նկրտումներին: «Կեղծ հաղորդագրությունը, որին երեք օր հավատում են, շատ օգտակար կարող է լինել պետության համար»: Եկատերինա Մեդիչիի (Ֆրանսիայի թագուհի, Հենրիխ 2-րդի կինը) համարձակ ակնարկը կանացի շաղակրատանք չի, այլ անպատկառ խոստովանություն: 17-18-րդ դարերի քաղաքագիտության տեսաբանները բազմիցս անդրադարձել են քարոզչությանը որպես քաղաքական գործունեության օժանդակ գործառույթ: Շառլ Լուի Մոնտեսքյոն որպես ներքաղաքական քարոզչության ժանրեր մատնանշում էր քաղաքական-փիլիսոփայական երկերը և զրույցները: Հատկանշական են ֆրանսիացի լուսավորիչ Վոլտերի հակակղերական ստեղծագործությունները, որոնք տարածվում էին Մադրիդից մինչև Պետերբուրգ: Վոլտերի, ինչպես նաև Ժան Ժակ Ռուսոյի առաջադիմական հայացքները բեղմնավորեցին Ֆրանսիական մեծ հեղափոխությունը: Տպագրության գյուտի (Յոհան Գուտենբերգ 1650թ.), հոգու և կեցության դրական վերափոխումների անհրաժեշտության ժամանակի հրամայականով ընդլայնվում են քարոզչության տարածական և ձևաչափային հնարավորությունները: Վերջինիս որդեգրում է մամուլը: «Դուք ինձ տեսնում եք որպես Ֆրանսիայի տեր, բայց ես չէի համարձակվի երեք ամիս Ֆրանսիան ղեկավարել մամուլի ազատության պայմաններում»: Նրանք, ովքեր կարծում են, որ նապոլեոնյան բռնապետությունը գոյատևում էր միայն զենքի և սպառնալիքի ուժով` չեն սխալվում, բայց թերանում են: Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտը (1769-1821), ով երեք թերթից ավելի էր վախենում, քան հարյուր հազար սվինից, վերահսկողություն էր սահմանել ոչ միայն տեղական, այլև գաղութային տարածքում հրատարակվող թերթերի («Գազետ դե Մադրիդ», «Գազետ դե Բեռլին», «Ժուռնալ դյու Կապիտոլ») վրա: Մամուլի` հասարակական կարծիքը կառավարելու հնարավորությունները գնահատելով համարժեք`խոհեմ կայսրը մշակում էր հատուկ մեթոդներ և ռազմավարություններ: Հենակետային պահանջներն էին լսարանի ընտրությունը, ասելիքի ճշտումը և նպատակը: Թերթերում անհետացան այն էջերը, որոնք անդրադառնում էին արտաքին և ներքին քաղաքականությանը: Արգելվեց խոսել հեղափոխության (1789թ.) և Բուրբոնների դինաստիայի մասին: Մասնավոր տպագիր միջոցների թիվը 73-ից դարձավ 13: Մի առիթով ֆրանսիական թերթերից մեկը հրատարակել էր տվյալներ նապոլեոնյան զորքի թվաքանակի մասին: Բոնապարտն արձագանքեց.«Եթե թերթը քառապատկեր թիվը, այդ դեպքում կարելի էր թույլ տալ»: Անի Սամսոնյան | |
ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ | |
3085 reads | 26.02.2013
| |