ԹՎԱՑՅԱԼ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՆԲԱՐԵՆՊԱՍՏ ՔԱՄԻՆԵՐԸ
«Մեր դարն է այդպես Այժմ կույրերին առաջնորդում են խելագարները…» Շեքսպիր («Լիր արքա») ![]() «Տեղեկատվական օպերացիաները» գործողություններ են, որոնք նպատակ ունեն կանխել հակառակորդի տեղեկատվական համակարգերի կողմից ինֆորմացիայի հավաքումը, մշակումը և տարածումը: «Տեղեկատվական պատերազմը» նպատակ ունի համալիր գործողությունների միջոցով խաղաղ պայմաններում ներգործել հակառակորդի սոցիալ-քաղաքական կառույցների, իսկ պատերազմական իրադրություններում՝ ռազմական ենթակառուցվածքների գործունեության վրա: Այս հասկացությունը առաջին անգամ օգտագործել է ամերիկացի գիտնական Թոմաս Ռոնը 1976թ.-ին իր՝ «Զենքերի համակարգեր և տեղեկատվական պատերազմ» զեկույցում: Տեղեկատվական պատերազմներում գործում են մի քանի մեխանիզմներ: Դրանցից է տեղեկատվության արագ հայթայթումը և տարածումը: Հաղթողը առաջինն է: Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել նաև տեղեկատվության բնույթը և ծավալը: Արդյունավետ ներգործության համար այն պետք է պարունակի քիչ գաղափարներ, բայց հրամցվի անընդհատ, այսինքն` գործի եռակողմ օրինաչափությամբ՝ կայուն, համաչափ և երկարատև: Բնույթով և բովանդակությամբ պետք է հասցեագրվի ավելի շատ մարդկանց զգացմունքներին, քան բանականությանը: Տեղեկատվական պատերազմը ենթադրում է նպատակի հստակեցում և ճշտում: Քարոզչության տեսաբանները նպատակը դիտարկում են երկկողմանի էֆեկտով՝ կոնվերսիոն կամ փոփոխող քարոզչությամբ, որի նպատակն է հեղաշրջել նշանառու խմբի արժեհամակարգը ու խարխլել ազգային-ավանդական գաղափարախությունը, և անջատողական քարոզչությամբ, որն ավելի կիրառելի է պատերազմական իրավիճակներում հեղափոխական տրամադրություններ ստեղծելու համար: Տեղեկատվական պատերազմներում պետք է ընտրել նշանառու խմբին: Դրանք կարող են լինել ըստ տարիքային, կրթական մակարդակի, սոցիալական խավի, էթնիկ դասակարգումների: Որքան մեծ է մասսան, այնքան տարրական բնույթ պետք է ունենա քարոզչությունը: Իսկ եթե այն ուղղված է ողջ ժողովրդին պետք է լինի առավելագույնս պարզ: Սա պայմանավորված է նրանով, որ մարդկային զանգվածներին բնորոշ չէ նյութի տրամաբանական վերլուծության անհատական առավելությունը. ընկալումները պարզ են և անմիջական: Տեղեկատվական գրոհների ռազմավարության մշակման և կազմակերպման դեպքում, որքան հանկարծակի լինեն գրոհներն, այնքան հաղթանակի հնարավորությունը մեծ կլինի: Դրանք կարող են լինել կարճաժամկետ կամ երկարաժամկետ: Տեղեկատվական պատերազմի ավարտին կատարվում է արդյունքների ամփոփում. այն անհրաժեշտ է ճշտելու համար, թե որքանով է իրագործվել նպատակը, որքան միջոցներ են ծախսվել, ինչքան են եղել կորուստները և որ մեթոդներն ու միջոցներն են եղել արդյունավետ: Տեղեկատվական պատերազմի ժամանակակից մեթոդաբանությունը և եզրույթաբանությունը ձևավորվել է 1990-ական թթ.-ին: Իսկ 1998թ.-ի ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարությունը հռչակեց «Տեղեկատվական գործողությունների միացյալ դոկտրին» փաստաթուղթը: Ռազմական գործողությունների ավանդական ոլորտներին (օդային, ցամաքային, ջրային և տիեզերական) ավելացավ նաև տեղեկատվականը: Տեղեկատվական պատերազմի կառուցվածքային միավորումներն են. 1.հոգեբանական օպերացիաներ. ենթադրում է տեղեկատվության նպատակաուղղված օգտագործումը մարդկանց (մասնավորապես զինվորների) վրա ներգործելու համար 2. էլեկտրոնային պատերազմ, որը նպատակն է թույլ չտալ հակառակորդին ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն 3. ապատեղեկատվության մատակարարում, որի նպատակն է խաբել հակառակորդին ծրագրված գաղտնի գործողություններ իրականացնելու համար 4. ֆիզիկական ոչնչացում. վերջինիս դիմում են, երբ անհրաժեշտ է խափանել հակառակորդի տեղեկատվական ռեսուրսների գործունեությունը 5. անվտանգության միջոցների կիրառում, որի նպատակն է թաքցնել հակառակորդից գաղտնի տեղեկությունները 6. ուղիղ տեղեկատվական գրոհներ. ենթադրում է տեղեկատվության խեղաթյուրում, առանց բովանդակային փոփոխությունների: ԱՆԻ ՍԱՄՍՈՆՅԱՆ | |
ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ | |
2502 reads | 29.01.2013
| |