ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ
![]() ԱՆԻ ՍԱՄՍՈՆՅԱՆ «Արմնյուզ» հեռուստաընկերության լրագրող, վերլուծաբան «Քարոզչությունն օգնեց մեզ գալ իշխանության գլուխ: Քարոզչությունը կօգնի մեզ պահել իշխանությունը: Քարոզչությունը կօգնի գրավել ողջ աշխարհը» ![]() Առաջին քարոզչական կառույցները հայտնվեցին Անտանտի երկրներում: Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի նախարարությունում բացվեց Ռազմական քարոզչության բյուրոն, որի ղեկավարը դարձավ հրատարակչության մագնատ լորդ Մ. Բիվերբրուկը: Հրատարակվում էին «Պատերազմը պատկերազարդումներում» ամսագիրը, հազարավոր բազմաբովանդակ տեղեկատվական թերթիկներ, նկարահանվում փաստագրական և խաղարկային ֆիլմեր: ![]() Ֆրանսիայում բացվեց «Մամուլի տուն»-ը և ոչ պաշտոնական «Ալյանս Ֆրանսե» կազմակերպությունը: Միաժամանակ ճշտվեցին ռազմական քարոզչության գլխավոր նպատակները. 1. Համոզել բնակչությանը սեփական գործողությունների ճշտության հարցում, բարձրացնել մարտական ոգին, բոլոր ուժերը կենտրոնացնել և ուղղել թշնամու դեմ: 2. Բոլոր հնարավոր միջոցներով պառակտել թշնամու ճամբարը, հիասթափեցնել, թուլացնել և ապաբարոյականացնել զինվորներին: 3. Ստեղծել բարեկամական կապեր չեզոք երկրների հետ դաշնակցության նպատակով: Մինչև 1916-ը տեղեկատվական թերթիկները և թռուցիկները Ֆրանսիայի և Բելգիայի օկուպացված տարածքներում տարածում էին օդաչուները: Այնուհետև գործածվեցին ցրող օդապարիկները, որոնց թռիչքը հասնում էր 600կմ-ի: Յուրաքանչյուր օդապարիկ կարող էր կրել մինչև 400 թերթիկ: Տարածում էին նաև ֆրանսիական "Lavoix du pays” թերթի և "Courrier de 1’ air” թռուցիկների կեղծված համարները: Դրանք ունեին փախուստի, դասալքության, հեղափոխության կոչերով բովանդակություն: ԱՄՆ-ը Եվրոպայի իր ռազմական գերագույն շտաբերում ստեղծեց «Հոգեբանական պատերազմի ենթասեկցիաներ», որոնք զբաղվում էին ոչ միայն տեղեկատվական թերթիկներ տարածելով, այլև հակառակորդի մարտավարության սոցիալ-հոգեբանական մեթոդների ուսումնասիրությամբ: Իսկ ԱՄՆ-ի տարածքում ստեղծվեց «Հասարակական տեղեկատվության կոմիտեն», որն ուներ լուրերի, գովազդի և այլ բաժանմունքներ և զբաղվում էր ակտիվ քարոզչությամբ: Ինչպես նշում է Պ. Լայնբարջերը, «գերմանական քարոզչությունը նրանք անվանում էին քարոզչություն, իսկ իրենց քարոզչական միջոցառումները՝ տեղեկատվություն, մշակութային կապեր, գրականություն…»: 1915-ին Ցարական Ռուսաստանում կազմավորվեց «Մամուլի բյուրոն». այն տեղեկատվություն էր տրամադրում ոչ միայն ռուսական, այլև դաշնակից և չեզոք երկրների մամուլին: Բյուրոն հաստատում էր նաև մամուլի տեղեկատվական քաղաքականությունը, այն է թե՝ ա) չբացահայտել սկսված և ավարտված գործողությունները, որպեսզի թշնամին չկռահի մեր ծրագրերը: բ) չհայտարարել մեր կողմից բացահայտված թշնամու ծրագրերի մասին, որպեսզի խաբենք հակառակորդին մեր անտեղյակությամբ: գ) մեր անհաջողությունները մեկնաբանել անորոշ արտահայտություններով, իսկ հաջողությունները ամբողջությամբ: դ) չլուսաբանել մեր կորուստները և չհաջողված գործողությունները : ե) երբ մենք հարվածում ենք գերմանացիներին, գրել «գերմանացիներին», իսկ եթե ավստրիացիներին՝ գրել «հակառակորդին»: զ) գերիների թիվը հաշվել հաճախ, տարբեր տարեթվերով, որպեսզի ստեղծենք հաջողության պատրանք: Գերմանիայում քարոզչությունը թույլ էր և անարդյունավետ: Սխալները ծնում էին անհաջողություններ: Պրոպագանդայով զբաղվում էին 27 ինքնուրույն գերատեսչություններ, այնուհետև Արտաքին գործերի նախարարության կազմում բացվեց «Կենտրոնական բյուրոն»: Սա քարոզչությունն իրականացնում էր կրոնական համատեքստում: Դրան մասնակցում էին նաև կաթոլիկ քսյոնձները (լեհ քահանա) և լյութերական քահանաները: Չեզոք երկրների վրա ազդելու նպատակով արտասահման էին ուղարկվում գերմանական թերթերի մեծ տպաքանակներ՝ «Ճիշտը արտասահմանի համար» կարգախոսով: Սակայն որոշ ժամանակ անց այդ երկրների հասարակական, քաղաքական գործիչները պահանջեցին չուղարկել նույն թերթերի կրկնվող համարները: Հիմնականում տարածում էին "Deutsche Tages-zeitung”, "Post”, "Tagliehe Rundschau” թերթերը: «Կենտրոնական բյուրոյի» ղեկավար գեներալ Էրցբերգերը, գնահատելով տեղեկատվության հնարավորությունները, օգնում էր չեզոք երկրների լրագրողներին ներթափանցել գերմանական ռազմաճակատ, սակայն բանակի հրամանատարները, վախենալով լրտեսությունից, մերժում էին տեղեկություններ և հարցազրույցներ տալ: Քարոզչական թերթիկների վրա հակառակորդին պատկերում էին ծիծաղելի տեսքով, բայց երբ գերմանացի զինվորը ռազմաճակատում դեմ առ դեմ հանդիպում էր թշնամուն, հուսալքվում էր և աստիճանաբար համոզվում, որ սեփական մամուլը իրեն խաբում է: ![]() Գերմանական քարոզչության սխալն այն էր, որ նրանք փորձում էին ապացուցել, որ պատերազմի պայթման հարցում ոչ ոք մեղավոր չի, այնինչ անհրաժեշտ էր մեղավորությունը վերագրել հակառակորդին: Պարտությունն ակնհայտ էր: «Բանակը,-գրում է տոտալ պատերազմի հայեցակարգի հեղինակ Է. Լյուդենդորֆը,-երկրի ներսում չգտավ քարոզչության ուժեղ դաշնակից: Հաղթելով մարտի դաշտերում՝ Գերմանիան անզոր գտնվեց հակառակորդ ժողովուրդների հոգեբանության դեմ պայքարում»: | |
ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ | |
4527 reads | 02.04.2013
| |