ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԸ ՌՈՒՍ-ՉԵՉԵՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ
![]() Չեչնիայի ինֆորմացիոն գերատեսչության ղեկավար Մովլադի ՈՒդուգովը Ջոհար Դուդայեվի գլխավորությամբ մշակում և իրագործում էր հակառուսական քարոզչական գործողություններ՝ միաժամանակ կոորդինացնելով թե՜ տեղական, թե՜ ռուսական լրատվամիջոցների աշխատանքը: Բացի այդ, այն լրագրողներին, ովքեր ընկնում էին չեչեն մարտիկների հսկողության տակ, ստիպում էին ծառայել դուդայեվյան պրոպագանդային: Մինչև 1995-ի փետրվարը ռուս և արտասահմանյան լրատվական գործակալությունները տեղեկատվությունը ստանում էին չեչենական տարբերակներով, ինչն էլ նպաստում էր բացասական կարծիք ձևավորել տարածաշրջանային բախումը ուժային մեթոդներով լուծելու հարցի մասին: Մոսկվայում գործում էր նաև «Չեչենմամուլ»-ի գործակալությունը, որն անմիջական կապ էր հաստատում Դուդայեվի հետ: ԶԼՄ-ները ռուս հասարակությանը նախապատրաստում էին, որ. • այս պատերազմում Ռուսաստանը չի կարող հաղթել • չեչեն մարտիկը ֆիզիկապես, բարոյապես և տեխնիկապես գերազանցում է ռուս զինվորին • ռուսական բանակը չեչենների հետ համեմատաբար կրում է ավելի շատ վնասներ • չեչեն հրամանատարները մարտական պատրաստվածությամբ գերազանցում են ռուսներին • ռուսական բանակը բարոյալքված է, ընդունակ չէ կռվելու, այլ զբաղվում է ավազակությամբ և կողոպուտով • չեչեն մարտիկները պայքարում են հանուն իրենց երկրի անկախության: Նրանք մարդասիրությամբ են մոտենում գերիներին: ![]() Ի պատասխան չեչեններին ՌԴ-ի Ներքին գործերի նախարարության միավորված խմբագրությունը 10.000 տպաքանակով հրատարակում էր պաստառներ, որոնք վարկաբեկում էին Դուդաեվին և նրա զորքին: Սակայն 1995-ին ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի Ռազմական ակադեմիայի ղեկավար գեներալ-գնդապետ Իգոր Ռոդիոնովը իր ելույթում անդրադարձավ դաշնային կառավարության կողմից ԶԼՄ-ների վրա ազդելու անընդունակությանը. «Չեչնիայում հոգեբանական և տեղեկատվական մասը մարտական գործողություններում չի ապահովվում: Մենք ոչինչ չունենք հակադարձելու թշնամական քարոզչությանը: Ոչ մեր և ոչ էլ արտասահմանյան հոգեբանական գործողությունների կազմակերպման փորձը չենք օգտագործում: Մենք տանուլ ենք տվել տեղեկատվական պատերազմը Չեչնիայում, բայց հետևություններ չենք անում: Մենք չկարողացանք տեղեկատվական ներգործող միջոցներով աջակցել մեր զորքերին, ազդել հասարակական կարծիքի ձևավորման վրա»: Եվ մինչ կառավարությունը զբաղվում էր «օբյեկտիվ» լուսաբանմամբ, Մ. ՈՒդուգովը զբաղվում էր պատերազմով… Անի Սամսոնյան | |
ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ | |
4081 reads | 06.03.2013
|