ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՀՌՉԱԿԱԳԻՐԸ ԱՆՀԱՄԱՏԵՂԵԼԻ ԵՆ. ԴԻՎԱՆԱԳԵՏ
![]() Ագրեսիա քաղաքական, դիվանագիտական, մշակութային ու ռազմական ոլորտներում: Առաջին երեքը իրականացնում է Թուրքիան, սահմանային բախումներ հրահրելու դերը հանձնարարված է Ադրբեջանին: Ցեղասպանության 100-ամյակին սա է թուրքերի հիմնական ծրագիրը: Արման Նավասարդյանը հիշեցնում է դիվանագիտության փափուկ և կոշտ ձևերի մասին՝ շեշտելով, որ 100-ամյակի հռչակագիրը ճիշտ ձևակերպված և դիվանագիտության սահմաններում տեղավորվող փաստաթուղթ է: Հռչակագիրը առանձնահատուկ է նրանով, որ ցեղասպանության հետևանքների կրողն ու պահանջատերը ոչ միայն սփյուռքն է, այլև Հայաստանի Հանրապետությունը: Այդ առումով պետականությունը ավելի ուժեղ է և ադեկվատ՝ պայքարի մեջ մտնելու Թուրքիայի հետ: 15-ին այդ երկրում սպասվող խորհրդարանի ընտրությունը ճակատագրական է Էրդողանի համար, քանի որ հաղթելու դեպքում նրա գլխավորած կուսակցությունը Թուրքիան կվերածի նախագահական հանրապետության: Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները կարող են ձախողել Էրդողանի պլանները: «Եթե Թուրքիան դառնա նախագահական կառավարման երկիր, և եթե նրա հնարավորությունները մեծանան, նա անպայման պետք է սաստկացնի իր իսլամական և ազգայնական քաղաքականությունը, որը նույնպես մեր օգտին չի խոսում»,-նշում է Նավասարդյանը: Էրդողանի միապետական և հակահայ ծրագրերը ձախողելու ձևեր կան, այդ թվում հայկական կողմից: Դիվանագետի կարծիքով, նախ պետք է լուծել 2009-ին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների հարցը՝ չվնասելու 100-ամյակի հռչակագրին. «Պետք է ցյուրիխյան արձանագրությունները հետ կանչվեն, որովհետև ստացվում է երկու փաստաթղթերի՝ հռչակագրի և արձանագրությունների դիսոնանս, ասիմետրիա, որը կարող է մեզ խանգարել»: Խանգարող երևույթիների շարքից են նաև Մերձավոր արևելքի և Ուկրաինայի հակամարտությունները: Դեսպանը դրանք անվանում է երկնքում ճախրող մեծ պատերազմի վտանգ, որը ամեն վայրկյան կարող է ծածկել ամբողջ աշխարհը: Ուկրաինայում արդեն կա 5.000 զոհ, Իրաքում ու Սիրիայում Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը նոր տարածքներ է գրավում: Միավորվելու փոխարեն Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները իրար դեմ հզորացնում են միջուկային զինանոցները, իսկ մեր տարածաշրջանը ամեն պահ կարող է դառնալ մեծ պատերազմների թատերաբեմ և ենթարկվել սահմանային ձևափոխումների: Նաիրի Հոխիկյան | |
ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ | |
1985 reads | 12.02.2015
| |