ՔԵՌԻ ՍԵՄԸ ՎԵՐԱԴԱՐՁՆՈՒՄ Է ՔԻՄԻԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆԻ ԿՈՉՈՒՄԸ
Վահե Սալահյան![]() Անկասկած Երրորդ աշխարհամարտի ստվերը վաղուց է պտտվում Մերձավոր Արևելքի տաքարյուն փողոցներով: Տարածաշրջանը ոչ պատահաբար նմանեցնում են «պայթյունավտանգ տակառի»: Սակայն առհասարակ տարածաշրջանային մակարդակում դրսևորվող հակամարտությունները պատմության (նամանավանդ սառըպատերազմյա և հետսառըպատերազմյա պատմափուլերի) հավատարիմ ուղեկիցներն են: Օրինակ` 1948 թ. արաբա-իսրայելական հակամարտության մեկնարկը, 1950-1953 թթ. Կորեական պատերազմը, 1955-1975 թթ. Վիետնամի պատերազմը, 1962 թ. Կուբայական ճգնաժամ, 1967 թ. Վեցօրյա պատերազմ, 1991-1994 թթ. Արցախյան պատերազմ, 2008 թ. ռուս-վրացական կամ Հնգօրյա պատերազմ: Շարքը երկար կարելի է թվել: Այս իմաստով բազմաթիվ են այն տարածաշրջանային զինված հակամարտությունների օրինակները, որոնք ունեն համաշխարհայինի վերաճելու ներուժ: Հետևաբար զարմանալի չէ, որ մարդկության գրավոր պատմության հազարամյակներում դրանցից խաղաղ են հաշվվում ընդամենը 292 տարիները: ![]() Այստեղ հարկավոր է ուշադիր լինել 2 կանգառում: 1. Թրամփի կարգադրության ընդունման ժամանակը համընկնում է Չինաստանի նախագահ Սի Ծինպինին Ֆլորիդայի Մար-ա-Լագո հանգստյան գոտում հանդիպելու հետ (ի դեպ, Թրամփի խոսքերով, այդ գոտին «իր ամառային Սպիտակ տունն» է): ՆԱՏՕ-ի բրյուսելյան նիստի մասնակցության փոխարեն չինական պատվիրակությանն ԱՄՆ-ում դիմավորած ամերիկյան կողմը Սիրիային հասցված ավիահարվածների թողած ազդեցության միջոցով չինական կողմի նկատմամբ սպասվելիք բանակցություններում դիվանագիտական ճնշում գործադրելու նկրտումներ է ունեցել: Չին-ամերիկյան երկօրյա գագաթաժողովի ընթացքում 4 կարևոր հիմնախնդիր է քննարկվել, որոնցից առաջինը Հյուսիսային Կորեայի միջուկային հիմնախնդիրն է: Հաջորդ երեք հարցերն են եղել չին-ամերիկյան առևտրային հարաբերությունները, Հարավչինական ծովում Պեկինի գործողություններն ու Թայվանի ճանաչման հարցը: ![]() 2. Իրավամբ կարող ենք ասել, որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի իշխանության վերջին տարում ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մերձավորարևելյան վեկտորի արդյունավետությունը զգալիորեն անկում էր ապրել: Իբրև պատճառահետևանք՝ սիրիական հիմնախնդրում ամերիկյան վճռական ազդեցությունը ստվերվել էր, և, հիշենք, ի վերջո, նախագահական ընտրությունների թոհուբոհում «քեռի Սեմին» և իր դաշնակիցներին ընդհանրապես «չէին խաղացնում»՝ հանձին Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի անհավանական եռյակի: ![]() Տարբեր հաշվարկներով, շուրջ վեց տասնյակ «Tomahawk» տեսակի հրթիռների կիրառումն արժեցել է ավելի թանկ, քան աշ-Շայրաթ ավիաբազայի կործանման վնասները: Բայց դա չէ կարևորը, քանի որ Դոնալդ Թրամփի քայլն առավել շատ կրեց խորհրդանշանական-քաղաքական բնույթ, քան ռազմական: Թեպետ ռազմական տեսանկյունից այն չափազանց գրագետ է մշակված եղել՝ փաստում են մասնագետները: Ըստ տողերիս հեղինակի անձնական մտահանգումների՝ ապրիլի 4-ին Իդլիբ նահանգի Խան Շեյխուն քաղաքում սիրիական ազգային բանակի օդուժի կողմից, այնուամենայնիվ, տեղի ունեցել է օդային հարված, սակայն ոչ զանգվածային ոչնչացման մարտագլխիկներով: Բանն այն է, որ սիրիական հետախուզական օղակները, երևում է, թերացել են: Ազգային բանակի հրամանատարությանը փոխանցելով տեղեկատվություն առ այն, որ նշված վայրում ընդդիմադիր ուժերը զինապահեստում մեծ ծավալի սպառազինություն են թաքցնում, համապատասխան կոորդինատների համաձայն՝ օդային ռազմուժն անցել է իր պարտականությանը՝ ոչնչացնող հարվածներ հասցնելով զինապահեստին: Այնինչ, դրանով բանակը ինքն է հայտնվել ծուղակում, մասնավորապես՝ քիչ անց ընդդիմադիր խմբավորումներն ի լուր աշխարհի աղաղակ են բարձրացնում, ըստ որի՝ Ասսադի ռեժիմը իր իսկ քաղաքացիական բնակչության նկատմամբ օգտագործել է միջազգային իրավունքով խիստ արգելվող քիմիական զենք: Պարզ ասած՝ նախապես զինապահեստում դիտավորությամբ իբրև կենդանի վահան թաքցվել են անմեղ մարդիկ, ովքեր որ դարձել են օդուժի հարձակումից բռնկված քիմիական զենքի պաշարների պայթյունի զոհեր: ![]() Ուշագրավ է, որ չին-ամերիկյան կողմերի հանդիպումից առաջ բրիտանական BBC-ն ապրիլի 3-ի երեկոյան Թրամփի նախազգուշական հայտարարությունների մասին իր հրապարակման մեջ նշել էր, որ «ամենևին զարմանալի չի լինի, եթե առավոտյան արթնանանք և հայտնաբերենք, որ ամերիկյան զինված ուժերը խոցել են Սիրիային»: | |
ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ | |
2004 reads | 15.04.2017
| |