ՊԱՇՏՊԱՆԵԼ ԵՐԿՐԻ ՇԱՀԵՐԸ, ԱՆԳԱՄ ԵԹԵ ՆՐԱ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱԿԱՍԱԿԱՆ Է
![]() Արտակարգ և լիազոր դեսպան Դիվանագիտության մեջ գոյություն ունի առաջնային մի սկզբունք, առանց որի դիվանագետի աշխատանքը պարզապես իմաստազրկվում է և չի կարող գոյություն ունենալ: Այդ սկզբունքը կոչվում է լոյալություն (loyalty), որը նշանակում է հավատարմություն, նվիրվածություն: Աներկբա հավատարմություն և նվիրվածություն իր պետությանը, նրա վարած ներքին և արտաքին քաղաքականությանը: Անկախ այն հանգամանքից, թե ինչ համակարգ է ներկայացնում դիվանագետը` տոտոլիտար, թե դեմոկրատական, նրա լոյալությունն իր նախագահին և նախարարին անհրաժեշտ պայման է և կրում է պարտադիր բնույթ (pledge of loyalty): ![]() Իսկական դեսպանն այն դեսպանն է, որը պատշաճ ձևով ներկայացնում է իր երկիրը, իսկ երբ տեղն եկավ ատամներով պաշտպանում է նրա շահերը: Անգամ, եթե երկիր սխալ է և ինքը համոզված է, որ երկիրը սխալ է: Հայրենիքը միշտ ճիշտ է և կասկածից վեր, ինչպես «Կեսարի կինը»: Իր կասկածները կամ անհամաձայնությունը նա կարող է հետո ներկայացնել ղեկավարությանը: Իսկ եթե միանշանակ համաձայն չէ իր կառավարության քաղաքական գծի հետ, պարզապես, պետք է հրաժարական տա և առանց ավելորդությունների, առանց դերասանական էֆեկտների հեռանա դիվանագիտական ծառայությունից: Հեռանա գեղեցիկ: Լոյալության սկզբունքների անվերապահ պահպանումը դիվանագիտության ամենամեծ պրոբլեմներից մեկն է, որ գալիս է վաղնջական ժամանակներից: Հաճոյանա՞լ ղեկավարությանը, թե՞ մնալ անաչառ և օբյեկտիվ: Սրանցից ո՞րն է համապատասխանում դիվանագետի լոյալությանը, ո՞րն է պետությանն ավելի օգտակար և անհրաժեշտ: Դեռ Կալյերն է երեք դար առաջ դիվանագետների ուշադրությունը հրավիրել ճշգրիտ ինֆորմացիայի կարևորության վրա: Նա զգուշացրել է. «Չգայթակղվել և չասել այն, ինչը հաճո է կառավարության ականջին, այլ ասել ճշմարտությունը, որքան էլ որ այն դառը լինի»: Իսկ դրանից առաջ Մաքիավելին, Կառլ V արքունիքում հավատարմագրված իր դեսպանին զգուշացնում է, որ նա խուսափի «մի բան մտածող և մի այլ բան ասող դիվանագետի արգահատելի համբավից»: Ի դեպ նշանավոր ֆլորենցիացին հավասարության նշան է դնում տիրակալին դեզինֆորմացնողների և քծնողների միջև, որոնք «վխտում են» նրա շուրջը: Եվ այդ քծնանքը` համարելով կործանարար տիրակալի համար Մաքիավելին նշում է, որ «քծնանքից պաշտպանվելու այլ միջոց չկա, քան մարդկանց համոզելը, որպեսզի նրանք քեզ ճշմարտությունն ասեն»: Այնպես, որ հարկ է գիտակցել, որ երբ դու սխալ ինֆորմացիա ես հաղորդում ղեկավարությանդ, իջնում ես պնակալեզի արհամարելի աստիճանին: Կարող ենք վստահաբար ասել, որ սեփական ղեկավարությանը դեզինֆորմացնելը լոյալության կոպիտ խախտում է: Երբ դեսպանը` չցանկանալով վնասել իր և դեսպանընկալ երկրի հարաբերություններին հաղորդում է ոչ ճիշտ ինֆորմացիա, գունազարդում է այն, շեղում է Կենտրոնի ուշադրությունը գոյություն ունեցող դժվարություններից և զրկում հակազդելու հնարավորությունից, նա վստահաբար թույլ է տալիս ծառայողական, իսկ առանձին դեպքերում պետական հանցագործութուն: Պակաս վտանգ չի ներկայացնում հակառակ երևույթը: Կոնկրետ: Ասենք նախարարությունը հանձնարարում է դեսպանին իր աշխատած երկրի ղեկավարությանը ներկայացնել վերբալ նոտա կամ անել հայտարարություն: Հանձնարարկանի տոնը խիստ է: Ի՞նչ է անում անփորձ կամ անպատասխանատու (մեղմ ասած) դեսպանը: Առաջնորդվելով եսակենտրոն մոտիվներով (միայն թե չփչացնի հարաբերությունները դեսպանընկալ երկրի ղեկավարության հետ, չվաստակի ամբարիշտի համբավ) նա հանձնարաությունը կատարելիս գտնում է մատուցման անհարկի մեղմ ձևեր, արտահայտություններ, բառեր, դիմախաղ ու ժեստեր: Սա ևս լոյալության սկզբունքների կոպտագույն խախտում է, որը կարող է սահմանակցել ծառայողական, անգամ պետական կարգազանցության հետ: Դեսպանընկալ երկրում, ինչպես նաև միջազգային կազմակերպություններում լոյալությունը կորցրած դեսպանը վատ դեսպան է: …2010 թ. մայիսի 20-ին Եվրոպական խորհրդարանն իր թիվ 2216 բանաձևով պահանջեց «հայկական ուժերը դուրս բերել ադրբեջանական օկուպացված տարածքներից` թույլ տալով տեղահանվածներին վերադառնալ իրենց օջախները: Եվրոխրհրդարանը պնդում էր, որ հայկական ուժերը պետք է արագորեն լքեն Լեռնային Ղարաբաղին հարող բոլոր օկուպացված ադրբեջանական տարածքները»: Այն տպավորությունն էր ստեղծվում, որ ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման հարցում միջազգային կառույցները մասսայական հարձակման են անցել` որդեգրելով հակահայկական դիրքորոշում և մատը-մատին չխփելով ԼՂՀ-ի կարգավիճակի հարցում: Բանաձևի թանաքը դեռ չէր չորացել, երբ ՄԱԿ-ի ներկայացուցիչ, բռնի տեղահանվածների և փախստականների հարցերով գլխավոր քարտուղարի օգնական Վալտեր Կալինը հայտարարեց, թե «միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկի` Ադրբեջանի գրավյալ տարածքներն ազատելու ուղղությամբ»: Դրանց հաջորդեցին հանրապետության քաղաքական շրջանակներում ծայր առած խիստ քննադատական դիտողությունները միջազգային կազմակերպություններում մեր դեսպանների հասցեին: Նշվեց նրանց ցածր պրոֆեսիոնալ մակարդակը, պասսիվությունը, կոչումին չհամապատասխանելը և բազմաթիվ մյուս զանցառությունները: ՀՅԴ-ն անգամ հարց բարձրացրեց բոլոր դեսպաններին հետ կանչելու վերաբերյալ: Քանի որ արված քննադատությունը հիմնականում արդարացի է, հանգիստ խղճով կարող ենք փաստել, որ այստեղ գործ ունենք մեր դիվանագետների լոյալության կանոնների խախտման կոնկրետ արտահայտության հետ, որը, մեծ հաշվով հակասում է երկրի արտաքին քաղաքանության գլոբալ հետաքրքրություններին: | |
ԼՈՅԱԼՈՒԹՅՈՒՆԸ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ | |
2345 reads | 19.02.2013
|