ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՍՏՎԱԾ ՀԵՐՄԵՍԻ ՄԱՍԻՆ
![]() Արտակարգ և լիազոր դեսպան Հերմեսը առանցքային դեր է խաղացել հունական դիվանագիտության սկզբնավորման կարևոր փուլում՝ թեկուզ որպես գեղարվեստական գրականության և դիցաբանության «փառապանծ» կերպար: ![]() Ինչ կարելի էր սպասել մեկից, որը բացեիբաց հովանավորում էր աթենական գողական և քրեական աշխարհը: Բայց որ նրան կարող էին կարգել գերկարևոր քաղաքական ոլորտի ղեկավար, վեր էր մարդկանց երևակայությունից: Դե, եղածը եղած էր: Դիվանագետներն այսօր էլ զարմացած են այդ անիմաստ նշանակումով: Իսկ Հերմեսը դեռ այն ժամանակ իր արգահատելի վարքով գրավել էր Հոմերոսի ուշադրությունը: Նա իր «Ոդիսականում» նկարագրում է, թե ինչպես է Աֆրոդիտեի կաղ ու խորամանկ ամուսինը` Հեփեստոսը, իր ձեռքով պատրաստած ցանցի մեջ գցում ռազմի աստված Արեսի հետ դավաճանած կնոջը: Հեփեստոսը, ըստ երևույթին, սիրահարներին խայտառակելու նպատակով դեպքի վայր է հրավիրում բոլոր կարևոր աստվածներին, որոնք, տեսնելով այդ տեսարանը, ծիծաղից թուլանում են (ինչպիսի՛ ազատամտություն): Հետո Ապոլլոնը հարցնում է Հերմեսին, թե կուզե՞ր արդյոք Արեսի տեղը լիներ: Եվ, կարո՞ղ եք պատկերացնել, ինչ է պատասխանում ավագ դիվանագետը. Երանի՛ թե այդպես լիներ, ո՛վ նետաձիգ իմ Ապոլլոն. Թող սրանից եռապատիկ կապանքներով ինձ կապեին, Եվ դուք` բոլոր աստվածներդ, այսպես գալով ինձ տեսնեիք. Բայց երջանիկ կզգայի ինձ Աֆրոդիտի հետ քնելով: Հոմերոս, «Ոդիսական», երգ ութերորդ, թարգմ.՝ Սիմոն Կրկյաշարյանի Կարդալով Հոմերոսին` գալիս ես այն եզրակացության, որ Հերմեսը հաստատ ունեցել է սեռական շեղվածություն: Նախ` նրա վրա ամենևին չի ազդում, որ սիրուհին ուրիշի հետ է: Հավանաբար ուզում է ի ցույց դնել այն, ինչն ուրիշի աչքերի համար չէ, հետո էլ փաստում է, որ աստվածները սիրում են Այդ նայել: Սա էլ ձեզ` հին աստվածները: …Զևսը, ոգևորված Հերմեսի «տաղանդով», որոշում է նրան հանձնարարել դիվանագիտական նուրբ առաքելություն. բանակցությունների է ուղարկում Պրոմեթևսի մոտ, որը, ըստ ավանդության, կրծքով պաշտպանում էր մարդկանց կյանքն ու շահերը, պայքարում նրանց բարօրության համար: Նա բոլորին սովորեցնում էր գիր ու հաշիվ, արհեստներ ու գիտություն, տներ ու նավեր կառուցել, պաշտպանվել բնության արհավիրքներից, պատրաստել դեղաբույսեր և այլ հազար ու մի օգտակար բաներ: Սակայն նրա ամենամեծ գործը հետևյալն էր: Երբ Զևսը, դառնալով աշխարհի տիրակալ, մտադրվում է կործանել ողջ մարդկությունը, Պրոմեթևսն ըմբոստանում է: Նա գողանում է Զևսից աստվածային կրակը և փոխանցում մարդկանց` կյանքի հարատևման համար: Կարո՞ղ էր Զևսը ներել այդ վեհանձն քայլը: Անշուշտ, ոչ: Տեղի է ունենում բարու և չարի բախում: Զևսը, լինելով իշխանություն և բռնություն, գործադրում է անարդար, բիրտ ուժ. շղթայում է Պրոմեթևսին և գամում Կովկասյան լեռների մի խուլ քարանձավում: Այսօրվա մեր ամբողջատիրական համակարգի տարբերակով՝ դարձնում է քաղաքական բանտարկյալ: Մարդկանց մատուցած ծառայությունների դիմաց Պրոմեթևսը դատապարտված է տանջանքների: Զևսի գործողություններում կան նաև անձնական շարժառիթներ՝ նենգություն ու քինախնդրություն: Նույնպես ծանոթ պատկեր է ժամանակակից քաղաքական իրականությունից: Խնդիրն այն է, որ Պրոմեթևսն արյունահեղությունից խուսափելու համար չի տալիս այն կնոջ անունը, որից Զևսը զավակ պիտի ունենար, և այդ զավակը գահընկեց պիտի աներ հորը ու խլեր աշխարհակալության իրավունքը: ![]() Տե՜ս, եթե դու իմ խոսքերին չենթարկվես, Սպասում է քեզ չարյաց ալիք, փոթորիկ: Չես խուսափի դրանից. նախ խորդուբորդ Ժայռդ հայրս որոտներով, շանթերով Կփշրի և քո մարմինը կծածկի Մոխրակույտով, դու կթաղվես ընդերքում: Երկար, անվերջ մի ժամկետի ընթացքում Լույս չես տեսնի. Զևսի շունը թևավոր` Արյունարբու արծիվն, ագահ կլափի Ծվենները քո բզկտված մարմնի: Էսքիլես, «Շղթայված Պրոմեթևսը», թարգմ.՝ Արամ Թոփչյանի Ինչպես բոլոր հեքիաթներում, այնպես էլ Պրոմեթևս-Զևս-Հերմես պայքարում արդարությունը, ի վերջո, հաղթում է. հազար տարի հետո Հերակլեսը փշրում է շղթաները և ազատում Պրոմեթևսին: Հետո նա և Զևսը հաշտվում ու բարեկամանում են: Զևսն առաջվանը չէ: Խելքը գլուխն է եկել. նա արդեն հանդես է գալիս որպես ազատության, արդարության և դեմոկրատիայի ջատագով: Ի հիշատակ իր ազատագրման՝ Պրոմեթևսը բազկին ամրացնում է փշրված շղթայի օղակներից մեկը: Մարդկանց օղակներ և օղեր կրելու սովորույթը գալիս է այդտեղից: Կլոր մատանին հավաստում է զույգերի սերը, համերաշխությունն ու հավատարմությունը: Իսկ կրակը խորհրդանշում է ոգու ազատության խոյանքը, առաջնթացի և ազատության ձգտումը: Պրոմեթևսը սիրված հերոս է շատ սերունդների և ժողովուրդների համար: Նրա կերպարին անդրադարձել, նրան փառաբանել են Վոլտերը, Գյոթեն, Բայրոնը, Բեթհովենը և ուրիշներ: Նրա մասին առասպելն իր փոխակերպված արտացոլումն է գտել շատ էթնոսների բանահյուսություններում: Մենք, օրինակ, ունենք առասպել Արտավազդ թագավորի մասին, որը հոր անեծքով շղթայվում է Մասիսի քարանձավներից մեկում: Մի ուրիշ հայր էլ իր որդուն` Փոքր Մհերին, խորհուրդ է տալիս աշխարհից մեկուսանալ կամ բանտարկվել Ագռավաքարում: Հետաքրքիր է, ինչ կպատահի, եթե այժմյան հայրիկները փորձեն նույն բանն անել իրենց երես առած և շփացած երեխաների հետ: | |
ՀԵԼԼԱԴԱՅԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐՈԳԱՅԹՆԵՐԸ. ՀԱՅԱՑՔ 21-ՐԴ ԴԱՐԻՑ | |
5838 reads | 26.11.2013
| |