ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ. ԴԵՍՊԱՆԸ ՎԵՐ Է ԱՄԵՆ ԿԱՍԿԱԾԻՑ
![]() Արտակարգ և լիազոր դեսպան ![]() Մշտական գործող դեսպանությունները՝ իրենց հաստիքներով, նստավայրերով և կարգավիճակով, ինչպես որ ներկայումս է, չկային Հունաստանում: Դեսպանություն ասելով` այնտեղ նկատի էին ունենում բանբերների կամ դեսպանների պատվիրակություններ, որոնք կատարելով իրենց առաքելությունը` վերադառնում էին հայրենիք: Հետագա շարադրանքում մենք նույնպես դրանց կանվանենք դեսպանություններ: Միևնույն դեսպանության կազմում կարող էին լինել մեկից ավելի դեսպաններ` բոլորն էլ օժտված հավասար իրավասությամբ և արտոնություններով: Իսկ դրանք ավելի լայն էին, քան արդի դեսպաններինն են: Դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարն այսօր դեսպանընկալ երկրում համաձայնագիր կամ այլ պայմանաիրավական փաստաթուղթ ստորագրելու համար պետք է ունենա իր կառավարության հատուկ գրավոր լիազորությունը: Հելլեններն ազատված էին նման ձևականությունից: Ժամանակակից դեսպանը որևէ վճռական քայլ, բանավոր կամ գրավոր կարևոր հայտարարություն անելուց առաջ պետք է դրանք համաձայնեցնի Կենտրոնի, կոնկրետ՝ արտգործնախարարության հետ: Հին Հունաստանում դրա անհրաժեշտությունը չի եղել: Ընդհանրապես, նրա դիվանագետները շատ ավելի ազատ են եղել իրենց գործողություններում, քան մեր դիվանագետները: Ուրեմն, նրանց լոյալության նկատմամբ վստահությունն ավելի մեծ է եղել, քան այժմ մեր դեսպանների նկատմամբ է, որը, իր հերթին, ավելացրել է ինքնուրույն գործելու հնարավորությունը, հետևաբար՝ դիվանագիտական գործողությունների օպերատիվությունը: Սա խոսում է Հելլադայի դիվանագիտության դեմոկրատական բնույթի մասին: ![]() Հունական փորձից ելնելով՝ ամերիկյան դիվանագիտության մեջ հաճախ է կիրառվում առանցքային երկրներում հասուն տարիքի դեսպաններ նշանակելու պրակտիկան: Հայկական դիվանագիտությունն այլ մոտեցում ունի կադրային քաղաքականությանը: Այն միանգամայն տարբերվում է հունական և ամերիկյան պրակտիկայից: Մենք նոր արահետներ ենք բացում դիվանագիտության ջունգլիներում. երեսուն տարին չբոլորած և առաջին անգամ նախարարություն ոտք դրած անփորձ երիտասարդները՝ որպես դեսպաններ, աշխատանքի են մեկնում Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող երկրներ: Հետո, մենք հայհոյում ենք բոլշևիկներին, սակայն նրանք պետական պատասխանատու օղակներում հիմնականում կարգում էին հասուն և փորձառու կադրեր, որոնց կարիերայի դինամիկան կախված էր նրանց ծառայողական հաջողությունից: Ինչևէ: ![]() Դեմոկրատիայի, թափանցիկության և հրապարակայնության պայմաններում էր ընթանում ոչ միայն սեփական դեսպանների գործունեությունը, այլ նաև օտար դեսպանների ընդունելության արարողությունը: Աթենք ժամանած օտարերկրյա դեսպանությանը դիմավորում էր քաղաքային իշխանության այն ներկայացուցիչը, որը պատասխանատու էր միջազգային հարաբերությունների համար (այսօր՝ ԱԳՆ-ի արարողակարգ): Դեսպանությունը տեղավորվում էր Աթենքից դուրս՝ պանդոկներում, և նրան հայտնվում էր Ժողովրդական ժողով այցելելու օրն ու ժամը: Իհարկե, գործում էր քաղաքական հաշվարկը. որքան կարևոր երկիր էր ներկայացնում դեսպանությունը, այնքան բարձրորակ էր նրա իջևանած պանդոկը, այնքան արագ էր նա կանգնում Ekklisia-ի առաջ: Եվ հակառակը: Լինում էին դեպքեր, երբ դեսպանությունն ամիսներով սպասում էր շրջմոլիկների ու առնետների հարևանությամբ և ձեռնունայն վերադառնում տուն: Դա դեռ ամենասարսափելին չէր. դեսպանությանը կարող էին մեղադրել լրտեսության մեջ և նրա անդամներին մահապատժի ենթարկել: Ներկայանալով Ժողովրդական ժողով՝ դեսպանը կամ դեսպանները ներկաներին ծանոթացնում էին իրենց հավատարմագրերի բովանդակությանը: Այն գրանցված էր լինում երկտակ սալիկների վրա, որոնք հունարեն կոչվում էին դիպլոմա: Այստեղից էլ՝ շատ լեզուներում ընդունված դիպլոմատիա և դիպլոմատ բառերը: Իսկ հայերենում դիվանագիտություն և դիվանագետ արտահայտությունների հիմքում ընկած է պարսկերեն դիվան` արխիվ, գրասենյակ բառը: Հավատարմագրերի հանձնման արարողությանն իրավունք ուներ մասնակցել յուրաքանչյուր քաղաքացի, հարցեր տալ օտար դեսպանին, իր կարծիքը հայտնել, հանդես գալ դիտողություններով և առաջարկություններով: Պաշտոնական մասից հետո դեսպաններին հրավիրում էին նրանց պատվին կազմակերպված հատուկ ճաշկերույթի` Ակրոպոլիսին մերձակա ընդունելությունների տանը, թատերական ներկայացումների, խաղերի և տոնակատարությունների, մատուցում էին թանկարժեք ընծաներ: Այս ամենն այսօր էլ է կատարվում բոլոր պետությունների արարողակարգերում: Դիվանագիտությունն իրոք թանկ հաճույք է: | |
ՀԵԼԼԱԴԱՅԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐՈԳԱՅԹՆԵՐԸ. ՀԱՅԱՑՔ 21-ՐԴ ԴԱՐԻՑ | |
2213 reads | 27.09.2013
| |