ԴԱՇԻՆՔԻ ԽԱԽՏՈՒՄԸ` ՄԱՀԱՑՈՒ ՄԵՂՔ
![]() Արտակարգ և լիազոր դեսպան ![]() ՆԱՏՕ-ի, Վարշավյան պայմանագրի, ՍԵԱՏՕ-ի և մյուս ռազմաքաղաքական դաշինքների հիմքում ընկած են նույն սիմախիների սկզբունքներն ու նպատակները: Գոյություն ունեին երկու խոշոր միություններ՝ Լակեդեմոնյանը, որի անդամներն էին Պելոպոնեսյան թերակղզու քաղաքներն ու համայնքները` Սպարտայի գլխավորությամբ, և Աթենքյան կամ Դելոսյան ռազմածովային միությունը, որը կազմավորվեց հույն-պարսկական պատերազմի ժամանակ` թշնամու դեմ պայքարի նպատակով: Հունաստանի պատմության մեջ կարևոր դեր խաղաց Կորնթոսյան լիգան (337 թվական), որին անդամակցում էին բոլոր պետությունները՝ բացի Սպարտայից: Լիգան կազմավորվեց, երբ Մակեդոնիայի թագավոր Փիլիպոս II-ը փաստորեն իրեն ենթարկեց ողջ Հելլադան, դարձավ միացյալ զորքերի գերագույն հրամանատար և երկիրը պատրաստեց Պարսկաստանի դեմ պատերազմի: Մեզ է հասել Լիգային անդամակցելու երդման տեքստը: «Երդվում եմ Զևսով, Գեայով, Հելիոսով, Պոսեյդոնով, Աթենքով և Արեսով, բոլոր աստվածներով և աստվածուհիներով: Երդվում եմ հարգել խաղաղության պայմանները և չխախտել Փիլիպոս Մակեդոնացու հետ կնքված պայմանագիրը: Ո՛չ գետնի վրա, ո՛չ ծովում ես զենք չեմ բարձրացնի պայմանագրի որևէ անդամի դեմ: Ես թույլ չեմ տա որևէ ոտնձգություն պայմանագրի անդամ պետություն-քաղաքի, նրա ամրությունների և նավահանգիստների դեմ: Ես չեմ կռվի Փիլիպոս Մակեդոնացու և նրա հաջորդների դեմ: Եթե որևէ մեկը սպառնա պայմանագրի անդամ երկրին, ես պատրաստ եմ նրա կողքին կռվել ընդհանուր խաղաղությունը խախտողի դեմ…»: Եթե վերցնելու լինենք ժամանակակից պետությունների զինված ուժերում ընդունված երդումների տեքստերը, ապա կտեսնենք, որ դրանք շատ կետերով նմանակում են նշված երդումը, որից մեզ բաժանում է գրեթե երեք հազար տարի: Ենթադրվում էր, որ ռազմաքաղաքական միություններն ունեին կախարդական ուժ, հետևաբար դրանք խախտողը ենթակա էր աստվածային պատժի: Երդումից բացի՝ փաստաթղթերն ամրագրվում էին հեթանոսական զոհաբերություններով: Երդման արարողությունը տեղի էր ունենում այն քաղաքի մագիստրոսի ներկայությամբ, որտեղ ստորագրվում էր պայմանագիրը կամ համաձայնագիրը: Երդմանն ավելանում էր անեծքի տեքստը, որը կարող էր «թափվել» այն ոտնահարողի գլխին: Սրանք դատարկ սպառնալիքներ չէին: Պայմանագրի խախտումը քննարկում էր միջնորդ դատարանը և խախտողի նկատմամբ կիրառում պատժամիջոցներ, անգամ հայտարարում էր սրբազան պատերազմ: Եթե նման պրակտիկա այսօր կիրառվեր պետությունների իրավապայմանագրային փաստաթղթերի նկատմամբ, ապա արյունահեղ պատերազմներն անպակաս կլինեին երկրագնդի վրա: Հունական պայմանագիրը կազմվում էր մի քանի, այդ թվում՝ բանակցող կողմերի լեզուներով: Մեկ օրինակը հանձնվում էր արխիվ, իսկ եթե դիվանագիտական հարաբերությունները նրանց միջև խզվում էին, կամ պատերազմ էր հայտարարվում, այն ոչնչացվում էր, ինչը նշանակում էր, որ միջպետական փաստաթուղթը կորցրել է իր ուժը: Եթե չկա փաստաթուղթ, ուրեմն չկա և պարտավորություն: Միջազգային իրավունքի հին հունական պրակտիկան կարող էր լավ օրինակ լինել ժամանակակից միջպետական հարաբերություններում: Գաղտնիք չէ, որ պետությունների միջև կնքված պայմանագրերն ու համաձայնագրերն այսօր հաճախ չեն գործում կամ գործում են կիսատ-պռատ: Ամերիկյան մասնագետների կարծիքով, եթե դրանք իրականացվում են 25%-ով, արդեն լավ է: Դիվանագիտական շատ ծառայություններ պատշաճ հսկողություն չեն սահմանում վերցված պարտավորությունների նկատմամբ, և հասարակությունն անտեղյակ է մնում, թե այս կամ այն երկրի հետ կնքված պայմանագիրն ինչպե՞ս է կատարվում և ի՞նչ օգուտ բերում: Հայաստանի ԱԳՆ-ն իր օրինակով կարող է փաստել այս իրողությունը: Եթե, իհարկե, ցանկանա: Սակայն գերագնահատել հելլենական փորձը նույնպես ճիշտ չէր լինի: Փաստաթղթերի նկատմամբ գոյություն ունեցող ակնածալի վերաբերմունքն ամենևին չէր նշանակում, որ այդ շրջանի պետական ու ռազմական գործիչներն ազնվության մարմնացում էին, և նրանց խոստումն անսասան էր: ![]() Իսկ պարսիկների երդմնազանցության մի դիպված ունեցել է էլ ավելի տխուր հետևանքներ: …Արքայորդի Արքեսիլիաոսը մեծ խառնակչություններ է անում իր հայրենակիցների նկատմամբ, նեղացնում նրանց: Հետո դավեր է նյութում հարազատ եղբայրների դեմ և փախչում Բարկայից: Որոշ ժամանակ անց նա ծպտված վերադառնում է հայրենի քաղաք: Մարդիկ շուկայում ճանաչում են նրան և տեղում սպանում: Արքայորդու մայրը` Փերետիմեն, տենչում է վրեժ լուծել տղայի մահվան համար: Փախստականի կարգավիճակով գտնվելով Եգիպտոսում` նա համոզում է Դարեհի սատրապ Արյուանդեսին զորքեր տրամադրել իրեն՝ Բարկան կործանելու համար: Պարսիկներին համոզելու հարկ չկար. նրանց առիթ էր պետք Հունաստանին վատություն անելու համար: Եգիպտոսում տեղակայված պարսկական ցամաքային և ծովային ուժերը դրվում են վրիժառու կնոջ տրամադրության տակ: Պարսիկները պաշարում են հելլենական Բարկան ամբողջ ինն ամիս: Շատերն են ընկնում երկու կողմից էլ: Պարսից հետևակի զորապետ Ամասիսը, համոզվելով, որ հնարավոր չէ ուժով նվաճել բարկացիներին, այլ միայն խորամանկությամբ, այսպիսի մի հնար է մտածում: Գիշերվա ընթացքում լայն խրամատ փորելով՝ այն ծածկում է տախտակներով, վրան փռում է հողի բարակ շերտ և հավասարեցնում գետնին: Առավոտյան Ամասիսը բարկացիներին առաջարկում է դիվանագիտական բանակցություններ սկսել: Բարկացիները հոժարությամբ ընդունում են, քանի որ նրանք արդեն սովամահ էին լինում և հաշտության էին ձգտում: Եվ մոտավորապես այսպիսի համաձայնության են հանգում: Պարսիկները, ուշադրություն դարձրեք, երդվում են քողարկված խրամատի վրա կանգնած` ասելով. «Քանի դեռ այս հողն այսպես ամուր է, մեր երդումը ևս հաստատ կլինի»: Բարկացիները համաձայնվում են արքային հարկ վճարել, իսկ պարսիկները խոստանում են այսուհետև բարկացիներին չվնասել: Այս երդումից հետո բարկացիները, հավատալով պայմաններին, ոչ միայն իրենք են դուրս գալիս քաղաքից, այլև բացում են բոլոր դարպասները: Պարսիկները նախ քանդում են խրամատը ծածկող գաղտնի տախտակամածը, հետո խուժում են քաղաք: Ինչու՞ են նրանք քանդում տախտակամածը: Այն բանի համար, որպեսզի խախտած չլինեն խոստումը: Իսկ հողածածկ տախտակամածը քանդելուց հետո, երդումը կորցնում է իր ուժը… Երևի տարբեր ժամանակներում մարդիկ տարբեր միջոցներ են հորինել խոստումն ու երդումը դրժելու, հետո խղճի ձայնը խլացնելու համար: Միջնադարում կաթոլիկական եկեղեցին, պապի անունից, փողով կամ այլ ծառայությունների համար մեղքերի թողության թուղթ էր տալիս` գործած և գործվելիք օրինախախտումների համար: Այն ուներ հնչուն անուն` ինդուլգենցիա: ![]() Ուրեմն, պարսիկները, ներխուժելով քաղաք, carte blanche (ֆրանս., գործելու անսահմանափակ ազատություն) են տալիս անչափ գազազած Փերետիմեին: «Տիկին, արա սրտիդ ուզածը»: Սա էլ կատարում է սահմռկեցուցիչ արարք: Հրամայում է տղամարդկանց ցցահան անել պարսպի վրա, իսկ կանանց ստինքները կտրել ու գամել նրանց կողքին: Հետո զորքը ճամփա է ընկնում դեպի Եգիպտոս: Սակայն պարսիկների մեծ մասը տեղ չի հասնում. նրանցից շատերին անապատի ավազուտներում սպանում են լիբիացիները: Փերետիմեին հաջողվում է հասնել Եգիպտոս, բայց քիչ անց նա մեռնում է դաժան մահով. դեռևս կենդանություն օրոք նրա մարմինը սկսում է փտել վխտացող որդերից: Ճիշտ է նկատում Հերոդոտոսը, երբ ասում է. «Դաժան վրեժը մարդկանց ատելի է դարձնում անգամ աստվածներին»: Նրա վրեժը համաքաղաքացիների վրեժից դաժան էր: Դաժան եղավ նաև մահը: | |
ՀԵԼԼԱԴԱՅԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐՈԳԱՅԹՆԵՐԸ. ՀԱՅԱՑՔ 21-ՐԴ ԴԱՐԻՑ | |
2112 reads | 03.10.2013
| |