ԴՅՈՒՑԱԶՈՒՆՆԵՐԸ ԿԱՆԳՆԱԾ ԵՆ ՄԱՀԱՆՈՒՄ
![]() Աթենքի ու Սպարտայի համար հայրենիքի ազատությունն ու անկախությունը եղել են բացարձակ արժեքներ, հանուն որոնց նրանք պայքարել են դարեր շարունակ, ընկել են, բարձրացել, սակայն երբեք չեն ընկրկել: Հետաքրքիրն այն է, որ այս համատեքստում նրանց հարաբերությունները միմյանց հետ զարգացել են զիգզագաձև: Նրանք մերթ պայքարել են Հելլադայում գերակայելու համար, երեսուն տարի եղբայրասպան պատերազմում իրար արյուն են թափել, ինչը, բնականաբար, մասնատել է երկիրը և բացել դարպասներն օտար նվաճողների առաջ: Մերթ միացել, դիմակայել և միասին հաղթել են ահեղ թշնամուն, մերթ էլ նույն բանն արել են զատ-զատ` ասես մրցելով, թե ով ավելին կանի հայրենիքի համար, քանզի այն հավասարապես թանկ է եղել և՜ մեկի, և՜ մյուսի համար: Ի դեպ, այս սիրո եռանկյունին` ԱթենքՍպարտա-Հելլադա, մշտական մտորումների և ուսումնասիրությունների առարկա է մասնագետների համար՝ ոչ միայն անտիկ աշխարհի գաղտնիքներին հասու լինելու առումով: Այդ հեռավոր ժամանակների քաղաքական և դիվանագիտական շատ երևույթներ ուշադիր զննելիս տեսնում ենք, որ իրենց մեջ պարունակում են արդի միջազգային հարաբերությունների վերլուծության կոդը… Իսկ երբ արքայից արքա Քսերքսեսը 481 թվականին ձեռնարկեց մեծ արշավանքը Հելլադայի դեմ, Սպարտան և Աթենքը բարեբախտաբար իրար կողքի էին, չնայած պարսից տիրակալն ամեն ինչ արեց նրանց մեջ սեպ խրելու համար: Ապարդյուն: Այդ հետո էր, որ հույն-պարսկական պատերազմին անմիջապես հաջորդելու էր Պելոպոնեսյան պատերազմը, երբ հույնը թափելու էր հույնի արյունը: Իսկ այժմ Հունաստանի գլխին կախվել էր մահացու` լինել-չլինելու վտանգը: Այդ վտանգը միաձուլել էր Աթենքն ու Սպարտան: Նվաճումը մեծ ծավալի ուժ է պահանջում: Քսերքսեսը, լինելով լավ զորավար, հասկանում էր դա և ըստ այդմ էլ պատրաստվել էր: Նա կարողացել էր ստեղծել ժամանակի ամենամեծ, ի դեպ՝ ինտերնացիոնալ, ցամաքային և ծովային ռազմական մեքենան: Հերոդոտոսը գրում է, որ դրանց մեջ կային նաև արմեններ, նկարագրում է նրանց հանդերձանքն ու զենքերը: Նրա վկայությամբ, երբ պարսկական բանակը դադար էր առնում որևէ ոչ շատ մեծ գետի մոտ, այն ցամաքում էր: Նա գրում է, որ այդ բանակում հաշվվում էր 1.700.000 մարդ, իսկ ռազմական նավատորմում կար 3000 միավոր: Ուսումնասիրողները կարծում են, որ Հերոդոտոսի բերած թվերը չափազանցված են: Կան տարբեր վարկածներ: Ինչևէ: Եվ ահա, պարսկական նավատորմը հասնում է Մագնեսիայի ծովափ ու խարիսխ նետում Կասթանեա քաղաքի և Սեպիաս հրվանդանի միջև: Առավոտյան ծովային հետևակը դուրս էր գալու ցամաք՝ ամեն ինչ հողին հավասարեցնելու մտադրությամբ: Իսկ գիշերն այնպիսի մի փոթորիկ պայթեց, որը կործանեց ավելի քան 400 նավ: Արդ աթենացիները հաստատ համոզված էին, որ կատարվածը Բորեասի` հյուսիսային քամիների աստծո սարքած գործն է, որին նրանք նախօրեին օգնության էին կոչել աստծո պատգամով և զոհ մատուցել` խնդրելով խորտակել թշնամու նավերը: Բորեասն էլ, անսալով խնդրանքին, ուժեղ փոթորիկ սարքեց պարսիկների գլխին: Պատերազմից հետո աթենացիներն Իլիսոս գետի ափին տաճար կառուցեցին նրա պատվին… Պարսկական նավատորմին փոթորկի պատճառած վնասը նույնն էր, ինչ մոծակի խայթոցը փղին: Ռազմական հրեշը շարժվում էր առաջ: Զորքն այնքան բազմաքանակ էր, այնքան ահարկու, որ երբ Ասիայից Եվրոպա էր անցնում Հելլեսպոնտոսի վրա կառուցած նավակամուրջներով, ականատեսներից մեկը բացկանչեց. "Ո՛վ, Զևս, ինչո՞ւ դու, պարսիկի կերպարանք ընդունելով և Քսերքսես անունը ստանալով, ամբողջ աշխարհը բերել ես քեզ հետ և ուզում ես ամայացնել Հելլադան: Չէ՞ որ կարող էիր այդ ամենն անել առանց դրա”: Արքայից արքան, չնայած նավատորմին փոթորկի հասցրած որոշ վնասին, բարձր տրամադրության մեջ էր և դույզն ինչ չէր կասկածում, որ առանց դժվարության մտնելու է Եվրոպա: Եվ հանկարծ նրա ճանապահին հայտնվեց ինչ-որ մի կիրճ՝ տարօրինակ՝ Թերմոպիլե անունով, որը թարգմանվում է "Տաք դարպասներ”: Այդ այսօր է, որ աշխարհը ճանաչում է այն որպես արիության, խիզախության, անձնազոհության և հայրենասիրության խորհրդանիշ: Կիրճին հարող բլրի վրա կա մի հասարակ և անշուք գերեզմանաքար, որի տապանագիրը (էպիտաֆիա) խնդրում է. Անցորդ, ավետիր Լակեդեմիոնի մարդկանց, թե այստեղ Պառկել ենք հավերժ մենք՝ հավատարիմ նրանց պատվերին: ![]() Այս խորհրդի ազդեցության տակ Քսերքսեսը դեսպաններ է ուղարկում սպարտացիների մոտ և պահանջում զենքերը հանձնել: Սպարտացիները մերժում են, հետ էլ ծաղրում պարսիկներին: Կատաղած սպարտացիների "անամոթ հիմարությունից”՝ արքայից արքան նրանց դեմ է ուղարկում մեդիացիների զորախմբերին՝ կարգադրելով գերի վերցնել սպարտացիներին և բերել իր մոտ: Մեդիացիները, բազմաթիվ զոհեր տալով, նահանջում են: Այնժամ մարտի է նետվում "Անմահների գվարդիան”, որի մարտիկները մեռնում են, բայց չեն նահանջում: Լակեդեմոնացիները ցուցաբերում են ![]() Նրանց խեղճացնում էր իրենց նիզակների կարճությունը սպարտացիների նիզակների համեմատությամբ: Սպարտացիները հարձակվում էին, հետո փախուստ ձևացնում: Պարսիկները ոգևորված, գոռում-գոչյունով ընկնում էին սպարտացիների հետևից և այն պահին, երբ հասնում էին նրանց, վերջիններս դեմքով շրջվում էին դեպի բարբարոսներն ու թրատում: Սպարտացիները մշակել էին մարտավարելու իրենց տեխնիկան, որի դեմ պարսիկներն անզոր էին: Գտնվելով թշնամուն դեմ առ դեմ՝ նրանք գալարաձև շարժումով, ասես օղակ (hulla hupa) էին պտտեցնում գոտկատեղին, դուրս էին գալիս հարվածի տակից և հասցնում անկասելի պատասխան հարված վզին կամ ուսին` ճեղքելով պարսիկների մարմինը մինչև ազդրամեջ: Ընդ որում, սպարտացիները հավասարապես աշխատում էին և՜ աջով, և՜ ձախով՝ ակնթարթային արագությամբ զենքը մի ձեռքից փոխելով մյուսը: Այս դեպքում հակառակորդը դառնում էր միանգամայն անպաշտպան: Հարվածից փրկություն չկար: Սպարտացիները փակել էին կիրճի մուտքը և որքան պարսիկ թողնում էին մտնել այնտեղ, այնքան էլ կոտորում էին՝ հազարներով: Պարսից "Անմահները” լրիվ արդարացրին իրենց կոչումը` չնահանջեցին, բայց զանգվածաբար կոտորվեցին: Քսերքսեսը ահաբեկված էր: Իսկ երբ ընկան նրա երկու խորթ եղբայրները, ինքն էլ ընկավ կատարյալ հուսալքության (պրոստրացիա) մեջ: Նա չէր կարողանում հասկանալ, թե ինչ է կատարվում: Մի՞թե հնարավոր բան է. երեք հարյուր հոգի քայքայում են իր բազմահազարանոց բանակը: Ամեն ինչ վերջացավ այնպես, ինչպես վերջանում են բոլոր հերոսապատումները: Գտնվեց կամավոր մատնիչ` Եպիալտես անունով: Մեծ պարգև ստանալու ակնկալությամբ նա ներկայացավ Քսերքսեսին և հայտնեց այն կածանի մասին, որը լեռան վրայով տանում էր Թերմոպիլե, և դրանով իսկ կործանեց հելլեններին` ինքը լինելով հելլեն: Նա պարսիկների համար կանաչ լույս վառեց դեպի Աթենք… Սպարտացիները պատվի և խղճի խնդիր համարեցին վրիժառությունը և իսկական որս սկսեցին փախած մատնիչին գտնելու համար: Երկար փնտրտուքներից և հետապնդումներից հետո Եպիալտեսին բռնեցին ու տանջամահ արեցին: Ամփիկտիոնները նրան նզովեցին, և սերունդները անեծքով են հիշում նրա անունը: Թերմոպիլեի կռիվներում զոհվածների թիվը բոլոր աղբյուրներում նույնն է. սպարտացիներ՝ 300, պարսիկներ՝ 20.000, այդ թվում՝ երկու հոգի, ինչպես նշեցինք, արքայական ընտանիքից: Փրկվեց ընդամենը երկու սպարտացի: Մեկին աչքերի հիվանդության պատճառով Լեոնի դասը հեռացրել էր մարտի դաշտից: Նա վերադարձավ Սպարտա, բայց հայրենակիցները չընդունեցին նրան և հորջորջեցին "վախկոտ”, որը հավասար էր մահվան դատավճռի: Երկրորդին թագավորը դիվանագիտական առաքելությամբ ուղարկել էր Թեսալիա, և երբ դեսպանն իմացավ ընկերների հետ կատարվածը, կախվեց: Արքայից արքան, որը գնում էր Եվրոպա նոր աշխարհակարգ ստեղծելու համար, նա, ով իրեն հռչակում էր Արդարության և Օրենքի ջերմ պաշտպան, Ստի ու Խաբեության երդվյալ թշնամի, որը քարոզում էր վեհ և ազնիվ գաղափարներ, վրեժ լուծեց սպանվածներից: Նա Լեոնիդասի գլուխը կտրեց և ցցահան արեց, իսկ մարմինը խաչեց: Հետո հրամայեց հազար պարսիկի դիակ պատվավոր թաղել, իսկ մնացած զոհվածներին լցնել մի ընդհանուր փոսի մեջ և հողը հավասարեցնել, որպեսզի կեղծի կորստի քանակը: Ապա հրավիրեց իր զորքին և մատնացույց անելով մի տեղում իրար վրա թափված հելլենների դիակները՝ ծաղրանքով ասաց. "Խելացնոր մարդիկ, որոնք երազում էին հաղթել արքայի հզորությանը”: Մի խոսքով, սրբապղծեց դիակները: | |
ՀԵԼԼԱԴԱՅԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐՈԳԱՅԹՆԵՐԸ. ՀԱՅԱՑՔ 21-ՐԴ ԴԱՐԻՑ | |
3536 reads | 22.04.2014
| |