ՀԵԼԼԱԴԱՆ ՊԱՐՍԿԱԿԱՆ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՐԴՈՍՏԱՅՆՈՒՄ
![]() Քսերքսեսն անձամբ էր հսկում նրանց գործունեությունը: Նա ճանաչում էր քիչ թե շատ արժեք ներկայացնող գործակալներին` իրենց ծածկանուններով, քանի որ ինքն էր հավաքագրել շատերին: Նա ծրագրում ու ղեկավարում էր հետախուզական բոլոր կարևոր գործողությունները և լրտեսական խաղերը: Կատարելության էր հասցված երկրի ներսում և դրսում հսկողության ու լրտեսման տեխնիկան: Ոչ ոք չգիտեր, թե ով է իրեն հետևում և լսում: Գործակալներին, որոնք շրջում էին կայսրությունով մեկ և հետամտում բոլորին, Քսենոֆոնն անվանում է "արքայի հազար աչքը և հազար ականջը”: Նրանք ամենուր էին, և նրանց իրավունք էր վերապահված հետևել բոլորին, անգամ արքայի հարազատներին ու արյունակիցներին: Ոչ մի հպատակ ազատված չէր լրտեսվելուց: Եվ հոգ չէ, թե կայսրության որ անկյունում է նա: Արքան տեսնում էր բոլորին, լսում էր բոլորին, և բոլորը հաշվետու էին նրան անձամբ, քանզի արքան մորն իսկ չէր վստահում: Մոլագարության հասնող այս մտածելակերպն ու գործելակերպը հատուկ է անխտիր բոլոր բռնակալներին: Ստալինին և նրա չեկիստներին կարելի է վստահաբար որակել իբրև պարսկական դպրոցի արժանավոր հետնորդների, որոնց լավագույն աշակերտներն էլ իրենց հերթին հիմնեցին Երրորդ ռեյխի հատուկ ծառայությունները: Պարսկական հետախուզությունը և հակահետախուզությունը, ղեկավարվելով մեկ կենտրոնից, աշխատում էին ներդաշնակ ու արդյունավետ: Հետագայում շատ պետություններում, այդ թվում՝ ԽՍՀՄում, ուժային այդ երկու ծառայությունները գործում էին անառողջ մրցակցության մթնոլորտում, որը վերջին հաշվով վնասում էր պետական շահերը: Մինչդեռ Քսերքսեսի հետախուզությունն ու հակահետախուզությունը սերտորեն համագործակցում էին, որի շնորհիվ պարսիկները մեկ անգամ չէ, որ չեզոքացրել էին հունական ծառայությունների պլանները: ![]() ա/ տեղեկատվական հուսալի աղբյուրների և հինգերորդ շարասյան ստեղծում թշնամի պետություններում. բ/ փայլուն ուղեղների ներհոսք Պարսկաստան, գ/ թշնամական պետությունների պետական և քաղաքական գործիչների անվանարկում, որոնք չէին դավաճանում հայրենիքին և չէին անցնում արքայից արքայի կողմը: Տարիներ շարունակ հետևելով այս սխեմային` պարսիկները հասել էին նկատելի հաջողությունների: Նրանք պոլիս-պետություններից շատերին էին գրավել իրենց կողմը, մյուսներում ստեղծել էին հուսալի կադրեր՝ այն հաշվով, որ առաջին իսկ առիթով նրանք պոկվեին հայրենիքից ու կանգնեին իրենց կողքին: Հավաքագրման օբյեկտ էին Հելլադայի ռազմական ու քաղաքական գործիչները, դեսպանները, անգամ պոլիս-պետությունների թագավորները: Պարսիկները կարողացել էին մինչև պատերազմը հունական բարձր խավն ինտեգրել պարսկական վերնախավի մեջ: Արքաներին հաջողվել էր իրենց կողմը գրավել շատ անվանի հելլենների, այդ թվում Թեսալիայի քաղաքական ղեկավարությանը, Աթենքի նախկին տիրաններ Պիսիստրատոսների տոհմի ներկայացուցիչներին՝ տխրահռչակ Հիպիասով հանդերձ, պատգամների մեկնիչ աթենացի Օնոմակրիտոսին և ուրիշների: Վտարանդիների մեջ առանձնակի տեղ էր գրավում Սպարտայի նախկին թագավոր Դեմարատոսը, որը համարվում էր Քսերքսեսի հարգված խորհրդականներից մեկը: Արքայից արքան իր կողմն անցած հելլեններին թաղել էր ոսկու մեջ, բայց ոչ նրանց գեղեցիկ աչքերի համար: Նա դավաճաններին ակտիվորեն օգտագործում էր քաղաքական դավերում և հոգեբանական պատերազմում: Ուժային կառույցների գլխավոր նպատակը պետության մարտունակության ամրապնդումն էր ու բազմապատկումը: Պարսկական բանակը հիմնականում բաղկացած էր արիստոկրատական հեծելազորից և ծանր հետևակից, ինչպես նաև ենթակա ժողովուրդների բանակներից, որոնք գործում էին սատրապների կամ տեղական իշխանավորների հրամանատարության ներքո: Պարսից արքաները քաջ գիտակցում էին ռազմավարական ճանապարհների կարևորությունը բանակի համար: Այդ հսկայական մեքենայի դյուրաշարժության համար Դարեհը ստեղծեց ճանապարհների բազմաճյուղ ցանց, որն սկիզբ էր առնում մայրաքաղաք Սուսայից: Դրանցից մեկը` "Արքայական ճանապարհը”, դուրս էր գալիս Էգեյան ծով՝ Եփեսոս քաղաքի մոտ: Ասֆալտի բացակայության պայմաններում պարսիկները հողը տոփանելով ու հարթեցնելով ստանում էին այնպիսի ողորկ, փոշեզուրկ մակերես, որի վրա տեխնիկան և հեծելազորը զարգացնում էին մեծ արագություն: Ի դեպ, այդ ճանապարներով մարդիկ կարող էին տեղափոխվել միայն հատուկ անցաթուղթ (viyataka) ունենալու դեպքում: Երկրի սահմանները, բոլոր ճանապարհները և ուղեկալները խիստ հսկողության տակ էին: Մենք այս գրքում հաճախ ենք երախտագիտությամբ հիշում այն հայտնագործությունները, որոնք հույներն են արել դիվանագիտության ասպարեզում: Եվ չենք սխալվում: Սակայն սխալված կլինենք, եթե մոռացության մատնենք պարսիկներին: Նրանք, օրինակ, V դարում ստեղծեցին սուրհանդակային կապը, որը հիմա անվանում են դիվանագիտական կապ կամ դիվանագիտական փոստ: Հետո, պարսիկներն առաջինն են մշակել պետական գաղտնիքների արտահոսքը կանխելու արդյունավետ կարգը, որը տարածվում էր գրասենյակային աշխատանքի, փաստաթղթերի հաշվառման, տեսակավորման և պահպանման վրա: | |
ՀԵԼԼԱԴԱՅԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐՈԳԱՅԹՆԵՐԸ. ՀԱՅԱՑՔ 21-ՐԴ ԴԱՐԻՑ | |
3794 reads | 01.04.2014
| |