ՀՈՒՅՆ-ՏՐՈՅԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՎԱՐՏՎՈՒՄ ԵՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՎ
![]() Արտակարգ և լիազոր դեսպան ![]() Սակայն պատերազմելուց առաջ հույները, այսինքն՝ նույն սպարտացիները փորձում են դիվանագիտական ճանապարհով հարթել հակամարտությունը և դեսպանություն են ուղարկում Տրոյա, որի կազմում էր, բացի Մենելավոսից, Հին Հունաստանի մեծագույն հերոսներից մեկը՝ Ոդիսևսը: Հիշենք, որ նա Իթակե կղզու առասպելական թագավորն էր, Պենելոպեի ամուսինը և Տելեմաքոսի հայրը: ![]() Նրա առաջարկը բարեբախտաբար մերժվում է, իսկ տարածաշրջանի հասարակայնությունը ցնցվում է նման դաժան, հակադիվանագիտական առաջարկից: Մեր պատգամավորները, եթե կարդացած լինեին "Իլիականը”, թերևս ձեռնպահ մնային իրենց գործընկերներին 2008-ին անձեռնմխելիությունից զրկելու և բանտ ուղարկելու քայլից: Եթե Անտիմաքոսի մտքով անգամ անցներ, թե գլխին ինչ փորձանք է գալու, նման առաջարկ հաստատ չէր անի և աստվածների զայրույթը չէր հրավիրի իր վրա: Հոմերոսը պատմում է, թե ինչպես հույն-տրոյական պատերազմի ժամանակ Անտիմաքոսի երկու որդիները վայր են գլորվում մարտակառքից և ընկնում Ագամեմնոնի ձեռքը: "Հիմա, վերջապես, դո՜ւք պատասխան կտաք ձեր հոր անամոթ քայլի համար”,– հայտարարում է արքան և հրամայում գլխատել խեղճ տղաներին: (Հետո էլ ասում են, թե որդիները պատասխանատու չեն ծնողների արարքների համար)… Եվ այսպես, դիվանագիտական բանակցությունները ձախողվում են: Առջևում արյունալի պատերազմն է: "Իլիականի” իններորդ երգում նկարագրվում է մեկ այլ դեսպանական առաքելություն: Նրա կազմում են դեսպանի կարգավիճակ ունեցող Ոդիսևսը, Աքիլլեսի հռետորական ու ռազմական արվեստի ուսուցիչ Ֆենիքսը և հունական պատերազմի երկու անբաժան հերոսները՝ Այաքսները, որոնք ճանաչված դյուցազուններ էին: Ուշադրություն դարձրեք, մեկից ավելի դեսպան` մեկ պատվիրակությունում: ![]() Մի՞թե երեք հազար տարին ոչինչ չի փոխում մարդկանց ուղեղներում և հոգիներում: Այս պատմությունը ճիշտ և ճիշտ հիշեցնում է տարբեր քաղաքական հոսանքներ ներկայացնող հայկական խորհրդարանական պատվիրակության վերջերս Ստրասբուրգ կատարած այցելությունը… Ուրեմն, վերոհիշյալ դեսպանությունն ուներ հստակ հանձնարարություն` համոզել Աքիլլեսին՝ մասնակցելու հույների կողմից Տրոյայի դեմ պատերազմին: Բանն այն է, որ Աքիլլեսը տասը տարի անձնվիրաբար և քաջությամբ հույների համար տրոյացիների դեմ կռվելուց հետո ծանր վիրավորանք էր կրել Ագամեմնոնից: Վերջինս գողացել էր նրա հոմանուհի Բրիսիեսին, որն առաջնակարգ գեղեցկուհի էր: Ըստ երևույթին, Անտիկ ժամանակներում կանանց փախցնելն արքաների հոբբին է եղել: Դրան դեռ կանդրադառնանք: Ոդիսևսի պատվիրակությունը գտնում է Աքիլլեսին իր ցեղակից միրմիդոնների վրաններում և փորձում է հերոսի զայրույթը մեղմել: Ոդիսևսը հորդորում է նրան` խաղալով նրա հայրենասիրական լարերի վրա, քաղցր լեզու է թափում: Հիշեցնում է նրա հոր` Պելևսի խոսքերը, որը պատվիրում է որդուն հաշտվել իր ցեղակիցների հետ: Սակայն Աքիլլեսն անդրդվելի է և անզիջում: Այնժամ Ոդիսևսը գործի է դնում իր վերջին միջոցը` կաշառքը: Նա թվարկում է ընծաները` մեծաքանակ ոսկի, զտարյուն նժույգներ, լեսբուհիներ, որոնք իրենց սեքսուալ հնարքներով, "իրենց գեղեցկությամբ գերազանցում են ողջ կանանց”, այդ թվում՝ առևանգված Բրիսիեսին: Ուրեմն, 21-րդ դարում որոշ կասկածելի գործարքներ կանանց օգնությամբ "ամրագրելու” պրակտիկան գալիս է անցյալ թվականության VIII դարից: ![]() Սակայն Աքիլլեսն անդրդվելի է, անաղարտ և անկաշառ: Եվ երբ տրոյացիներն արդեն շրջապատում են հույների ճամբարը և պատրաստվում են այրել նրանց ռազմանավերը, Աքիլլեսն իր սիրելի ընկերոջը` Պատրոկլոսին, օգնության է ուղարկում հույներին: Վերջինս սպանվում է: Այստեղ արդեն Աքիլլեսը մոռանում է քենը և մարտի է նետվում: Նա վրեժ է լուծում ընկերոջ համար` սպանելով տրոյացիների գլխավոր հերոսին` Հեկտորին: Հետո Պարիսի թունավոր նետը խոցում է Աքիլլեսի թույլ տեղը` գարշապարը, և նա զոհվում է: Աքիլլեսը քաջության, վեհանձնության և անձնազոհության կատարելատիպ է` զերծ խորամանկությունից, կեղծավորությունից և երկերեսանիությունից: Նա արհամարհում է շահը և ընկերոջ համար կյանքը չի խնայում: Հոմերոսն Աքիլլեսին օժտել է մարդկային լավագույն հատկանիշներով, իսկ ռուս քննադատ Վիսարիոն Բելինսկին նրան անվանել է "հերոսական Հունաստանի բանաստեղծական ապոթեոզ”: | |
ՀԵԼԼԱԴԱՅԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐՈԳԱՅԹՆԵՐԸ. ՀԱՅԱՑՔ 21-ՐԴ ԴԱՐԻՑ | |
5186 reads | 09.01.2014
| |