ԱԹԵՆՔԻ ԱՆԿՈՒՄԸ
![]() Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ ![]() Դիվանագիտական հերթական սայթաքում: Այնուհետև Սպարտական դաշնությունը պելոպոնեսյան նավատորմի ծովակալ նշանակեց սպարտացի Լիսանդրին, որը, բարեկամական հարաբերություններ ունենալով պարսիկների հետ, նրանց փողերով սարքեց տեխնիկայի վերջին խոսքով հագեցած (անտիկ ժամանակների չափանիշներով) 200 ռազմանավ: Լիսանդրի թատերաբեմ իջնելը ճակատագրական եղավ Աթենքի համար: Նա հմուտ զորավար էր, հանդուգն և համարձակ՝ իր գործողությունների մեջ: Բնավորությամբ՝ դաժան ու ցինիկ: Երբ նրան ասում էին, որ Հերկուլեսի սերունդներին վայել չէ հաղթանակ ձեռք բերել խորամանկությամբ, նա արհամարհանքով ծիծաղում էր. "Այնտեղ, որտեղ առյուծն անզոր է, զորավոր է աղվեսը”: Նրա երդմնազանցության շուրջ առասպելներ էին պտտվում: ![]() Լիսանդրը խորհուրդ էր տալիս, օրինակ, խաբել մեծերին, ինչպես երեխաներին են խաբում... Լիսանդրը նավատորմը շարժեց Հելլեսպոնտոս և մտավ Լամպսակոս նավահանգիստը, իսկ որոշ ժամանակ անց դեմ դիմաց՝ նեղուցի մյուս կողմում՝ երեք կիլոմետր հեռավորությամբ, խարիսխ նետեց աթենական նավատորմը (180 միավոր): Աթենացիների բոլոր փորձերը հրահրել ծովամարտ` մնացին անպատասխան: Կողմերը փորձում էին միմյանց նյարդերի ամրությունը: Մեկ շաբաթ անց աթենացիները, իրենց սովորության համաձայն, թուլացրին զգոնությունը, նավաստիներն սկսեցին ափ դուրս գալ ու անհոգ զբոսնել: Իսկ սպարտացիների հետախուզությունը հետևում էր թշնամու ամեն մի քայլին: Լիսանդրը դրան էր սպասում: Նա իր արագընթաց նավերով կտրեց նեղուցը և անսպասելի հարված հասցրեց աթենացիների գրեթե անտեր կանգնած ռազմանավերին: Նրանք կորցրին գրեթե ողջ նավատորմը` 171 նավ: Լիսանդրը գերի վերցրեց հազարավոր նավաստիների և զինվորների: Հետո հրավիրեց դաշնակիցներին: Բաց դատի նման մի բան սարքեց: Նրանք հիշեցրին աթենացիներին նրանց դաժանությունները, մասնավորապես այն, թե ինչպես մի քանի օր առաջ նրանք, գերի վերցնելով նավաբեկության ենթարկված երկու սպարտական ռազմանավեր, կտրեցին բոլոր նավաստիների աջ ձեռքը: Դաշնակիցներն աթենացի բոլոր գերիներին գլխատեցին: Նրանք 3.000 էին: Լիսանդրը հետո արեց սատանայական, նենգ քայլ. շարժվելով Էգեյան ծովով՝ նա տեղահան արեց հունական համայնքներում մշտապես բնակվող Աթենքի բոլոր քաղաքացիներին և պարտադրեց վերադառնալ Աթենք` սպառնալով մահապատժի ենթարկել բոլորին, ովքեր կմնան այդ քաղաքի սահմաններից դուրս: Այսպիսով նա բոլոր աթենացիներին ստիպողաբար քշեց հարազատ քաղաքը, որպեսզի այն գերբնակեցվի և մատնվի սովի ու խուճապի: Լիսանդրի հաշվարկները ճիշտ դուրս եկան: 405 թվականի նոյեմբերին նրա նավատորմը շրջափակեց Պիրեոս նավահանգիստը, իսկ Սպարտայի զորքերն Ագիս թագավորի հրամանատարությամբ պաշարեցին Աթենքը: Դա վերջի սկիզբն էր: Սովամահ լինելու սպառնալիքի տակ մեկ ամիս հետո՝ դեկտեմբերին, Աթենքն ընկավ: Սպարտայի որոշ դաշնակիցներ առաջարկեցին Աթենքում անցկացնել andropodismos, այսինքն` սպանել բոլոր տղամարդկանց, ստրկացնել կանանց և երեխաներին: Մի խոսքով՝ անել այն, ինչ արել էին աթենացիները Մինոս կղզում և ուրիշ տեղերում խաղաղ բնակչության հետ: Սակայն Սպարտան մեծահոգություն ցուցաբերեց և չուզեց կործանել այն քաղաքը, որն այնքան բան էր արել Հելլադայի համար Պարսկաստանի դեմ պայքարում: Բոլոր դեպքերում խաղաղության պայմանները ծանր և նվաստացուցիչ էին Աթենքի համար. դաշինքի կազմալուծում, Աթենքի և Պիրեոսի "Երկար պատերի” վերացում, որոնք նրանց պաշտպանության հիմնական կառույցներն էին, նավատորմի հանձնում` բացի 16 հասարակ նավերից, արտաքին քաղաքականության բոլոր հարցերում ենթակայություն Սպարտային: Մեր թեմայի սահմաններում անդրադառնանք Պելոպոնեսյան պատերազմի գլխավոր ոլորտներից մեկին` դիվանագիտությանը: Քաղաքացիական պատերազմը կասեցրեց հունական դիվանագիտության հետագա զարգացումն ու առաջընթացը: Պատերազմը` ամբողջությամբ, և Աթենքի անկումը` մասնավորապես, աթենական դիվանագիտության կոպիտ սխալների հետևանք էին: Տեղի ունեցավ միջազգային հարաբերությունների կազուս. Հունաստանը հաղթեց պատերազմում, սակայն դիվանագիտությունն անկարող եղավ այդ հաղթանակն ամրագրել: Դուրս է գալիս, որ հազարավոր տարիներ առաջ էլ միջազգային հարաբերություններում տեղի էին ունենում կազուսներ` երբ ռազմական հաղթանակին հաջորդում էր դիվանագիտական պարտությունը: Ուրեմն, եթե մենք՝ հայերս, այսօր մեզ պարտադրվող պայմաններում գնանք Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման, այդ հարցում, փառք Աստծո, պիոներներ չենք լինի: Ինչ լավ է, որ պատմությունը կրկնվելու հատկություն ունի… Սպարտան գրավեց Աթենքը, սակայն հունական պատերազմից հաղթող դուրս եկավ Պարսկաստանը: Նրանք գրեթե առանց կռվի, առանց մի կաթիլ արյուն թափելու հասան այն բանին, որին չհասան Դարեհ Iը և Քսերքսեսը` գործադրելով ողջ ռազմական հզորությունը: Հունաստանի արևելյան տարածքները կրկին դարձան պարսկական թագավորության նահանգներ, իսկ Եվրոպական Հունաստանում ճանաչվեց պարսիկների եթե ոչ տիրապետությունը, գոնե նրանց գերիշխանությունը: Պարսիկներն, այսպիսով, ամրացրին իրենց թուլացած դիրքերը տարածաշրջանում: Թերևս համեմատությունը տեղին չէ, բայց այս կապակցությամբ ակամայից հիշում ես Երևանում կատակով շրջանառվող արտահայտությունը, թե այն, ինչ չկարողացան անել սասանյաններն Ավարայրում, այսօր արվում է խաղաղ ճանապարհով... Հունական պատերազմը պատգամ է ներկա ու ապագա սերունդներին: Խուսափեք պատերազմներից, եթե կարող եք: Բայց ամենից շատ վախեցեք քաղաքացիական պատերազմից: Այն օտարի դեմ կռվից վտանգավոր է, քանզի որդի նման կրծում է ազգը ներսից: | |
ՀԵԼԼԱԴԱՅԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐՈԳԱՅԹՆԵՐԸ. ՀԱՅԱՑՔ 21-ՐԴ ԴԱՐԻՑ | |
5154 reads | 28.07.2014
| |