ՀԱՐՑ Diplomat.AM կայքի ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանին. Հարգելի պրն. Նավասարդյան, Ողջունում եմ ձեր կայքի նորամուտը, ցանկանում եմ անխափան աշխատանք: Հետևելով Ձեր կայքին, որոշեցի նամակ-հոդվածով հարցնել և իմանալ Ձեր կարծիքը, որպես պրոֆեսիոնալ դիվանագետ, նաև թե ինչ է իրենից ներկայացնում դիվանգիտությունը: Կարելի՞ է արդյոք այն կոնկրետ սահմանել: Նախապես շնորհակալ եմ և կրկին անգամ շնորհավորում եմ կայքի նորամուտը: ՆԱՄԱԿՆ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ. Հարց, որի պատասխանը չեմ կարողանում գտնել մինչ օրս: Սովորելով ԵՊՀ միջազգային հարաբերությունների դիվանագիտության բաժնում` փորձել եմ գտնել այս հարցի պատասխանը, սակայն չի հաջողվել: Բազմաթիվ են կարծիքներն այս հարցի շուրջ, սակայն ես ունեմ իմ սուբյեկտիվ կարծիքը, որը ցանկանում եմ ներկայացնել ձեզ: Դիվանագիտություն բառն ասելիս ես հասկանում եմ մի մեծ աշխարհ, որն իր մեջ ներառում է և° գիտություն, և° մասնագիտություն, և° աշխարհաճանաչում, ուստի չեմ ցանկանում առանձնացնել այդ բազմաթիվ հատկանիշներից մեկը և տալ որակում, թե ինչ է դիվանագիտություն ասվածը:Կարծում եմ` սա այն մասնագիտություն է, որը մարդուն չի սահմանփակում ինչ-որ կոնկրետ ճյուղի մեջ, և ահա հենց սրանում է ամփոփված դիվանագիտության առեղծվածն ու գաղտնիքը: Ծանոթանալով դիվանգիտությանը հասկանում ես, որ ծանոթանում ես աշխարհի հետ, ուսումնասիրելով դիվանագիտությունը ակամայից հանրավորություն ես ստանում գիտելիքներ ստանալ նաև մշակույթի, իրավագիտության, տնտեսագիտության, հոգեբանության, և մի շարք այլ գիտությունների մասին: Մասնագիտություն, որը չի սահմանափակում մարդու ուղեղը այլ ավելին` հնարավորություն է տալիս ճանաչել աշխարհը նորովի: Ստանալով դիվանագետի մասնագիտություն` դու դառնում ես բազմակողմանի զարգացած մարդ, ով ունակ է հաղորդկացվել տարբեր բնագավառների տարբեր մարդկանց հետ, ինչն էլ հնարավորություն է տալիս մարդուն ավելին անել: Ավելի կարճ ասած` դիվանգետ լինելով, մարդ կարող է իր գիտելիքները կիրառել ոչ միայն պետական ապարատում, այլև բիզնեսում, առօրյայում և բազմաթիվ այլ ոլորտներում: Ինքս, ծավալելով տարբեր գործունեություն, հասկացել եմ, որ կարողանում եմ հաղորդակցվել տարբեր բնագավառների և տարբեր մասնագիտության տեր մարդկանց հետ, ինչը ինձ հնարավորություն է ընձեռել զբաղվել թե° բիզնեսվ, թե° հասարակական կյանքով, թե° աշխատել մեկ այլ ոլորտում և որ ամենակարևորն է` ձևավորել եմ խելացի մարդկանց մեծ շրջապատ, ինչը, թերևս, 21-րդ դարում ապրելու և ավելի լայն շերտերում կարևոր նախապայմաններից մեկն է: Այսպիսով եկել եմ այն եզրահանգման, որ դառնալով դիվանագետ, ես դառնում եմ բազմակողմանի զարգացած, գիտելիքների մեծ պաշար ունեցող մի անձնավորություն, տիրապետում եմ մարդկանց հետ հաղորդակցվելու արվեստին և որ ամենակրևորն է` հնարավորություն եմ ստանում իմ գիտելիքները կիրառել թե° առօրյայում և թե° աշխատանքում: Հարգանքներով` Հայկ Ավագյան ![]() Մի քանի ամիս առաջ գրել էի, բայց այդպես էլ չէի հրապարակել ‹‹Դիվանագիտություն. արվե՞ստ, արհե՞ստ, թե՞ գիտություն›› հոդվածը: Ձեր նամակը ինձ դրդեց այն զետեղել մեր նորաբաց կայքում, հուսալով, որ ինչ-որ չափով պատասխանած կլինեմ Ձեր հարցադրումներին: Դիվանագիտության մեկնաբանման հարցը մեծ, խորը և հետաքրքիր թեմա է: Ուրախ կլինեի շարունակել մտքերի փոխանակումը, ինչպես Ձեր, այնպես էլ այն երիտասարդների հետ, որոնք որոշել են դառնալ դիվանագետներ: Համոզված եմ, որ դա օգտաշատ կլինի և' նրանց, և' մեր կայքի համար, որը բաց է բոլորի առաջ: Հարգանքով` Ձեր Արման Նավասարդյան Դիվանագիտություն. արվե՞ստ, արհե՞ստ, թե՞ գիտություն. Այս հարցը վերջերս, հանդիպման ժամանակ, ուղղեցի ‹‹Այբ›› դպրոցի ավարտական դասարանների աշակերտներին, որոնք պատրաստվում են ուսումը շարունակել միջազգային հարաբերությունների ֆակուլտետներում: Աշակերտներից երկուսը պատասխանեցին, որ դիվանագիտությունն արվեստ է, մեկն այն անվանեց արհեստ, ոչ մեկը այն չանվանեց գիտություն, մնացած երեսունհինգի կարծիքով դիվանագիտությունը, արտաքին քաղաքականությունը և միջազգային հարաբերությունները մեկ ամբողջականությունն են հանդիսանում: ![]() Այսօր մենք արհամարանքով ենք արտահայտվում արհեստավորների և նրանց արհեստների մասին: Մինչդեռ արվեստների հիմքում ընկած են բարձրորակ արհեստներ: Պատահական չէ, որ հայերենում պրոֆեսիոնալ բառը թարգմանվում է արհեստավարժ: Հիմա գանք այն խնդրին, որին նախորդում են վերոբերյալ մտորումները: Իսկ խնդիրը հետևյալն է. ի՞նչ է դիվանագիտությունը. գիտությու՞ն, արվե՞ստ, թե՞ արհեստ: Այն որ դիվանագիտությունը արվեստ է` նաև գիտություն, երկու կարծիք լինել չի կարող: Ավելին: Ի տարբերություն շատ պրոֆեսիաների դիվանագիտությունը կենսակերպ է, որը ձևավորվում է մասնագետի գործունեության առաջին իսկ քայլերից և ուղեկցում է մինչև վերջ: Պատահական չէ ասված, որ նախկին դիվանագետ, ինչպես և նախկին հետախույզ չի լինում: Դիվանագիտական միջոցները, ձևերն ու մեթոդները, որոնք մենք հանգիստ կարող ենք անվանել նաև արհեստի գաղտնիքներ, ժամանակի ընթացքում և բարենպաստ պայմաններում դիվանագետի մոտ վերածվում են ցայտուն վարքագծի` դոմինանտի, որը գլխուղեղի գործունեության ֆիզիլոգիական երևույթից տեղափոխվում է հոգեբանական մակարդակ և դրսևորվում է որպես ռեակցիա, ապրում, կայուն միտք, ուշադրության կենտրոնացում, դիրքորոշում (մոտիվացիա)` անձանց, սոցիալական խմբերի և ողջ հասարակության նկատմամբ: Այդ դոմինանտը դառնում է դիվանագետի երկրորդ ‹‹Ես››-ը, որով նա առաջնորդվում է և' կյանքում և', գործում: Արդ, դիվանագետի գործունեությունը հստակ պատկերացնելու համար անհրաժեշտ է նախ հասկանալ, թե ինչ է դիվանագիտությունը, որը, չգիտես ինչու և' օտար, և' հայրենական տեղեկագրերում սահմանվում է խիստ պարզունակ եզրի շրջանակներում: Այն աստիճան պարզունակ, որ անգամ չի ընդգրկում դիվանագիտության և դիվանագետի գործառույթի հիմնական ուղղությունները: ![]() Եթե դիվանագիտական առարկայի վերաբերյալ եղած կցկտուր մեկնաբանություններն անգամ մասնագետներին չեն բավարարում, էլ ինչ ասել դրանից հեռու կանգնած մարդկանց մասին: Լայն հասարակության համար դիվանագիտությունը խաբեության արվեստ է, շքեղ և անհոգ կյանք, տոն, որը միշտ քեզ հետ է: Սա պայմանավորված է նրանով, որ դիվանագիտությունը փակ տիրույթ է` երբեմն պարուրված անհարկի և արհեստածին գաղտնապահության շղարշով, որն ավելի շատ դիվանագետների անհաջողությունը քողարկելու, քան գաղտնիքի արտահոսքը կանխելու նպատակ է հետապնդում: Այս ենթատեքստում հետաքրքիր է նշել, որ դիվանագիտության և դիվանագետների մասին ավելի քիչ ճշգրտված ինֆորմացիա կա քան հետախուզության և հետախույզների վերաբերյալ: Գոյություն ունի հսկայական քանակությամբ վավերագրական և գեղարվեստական գրականություն, կինոարտադրանք, որոնք նկարագրում են թիկնոցի և դաշույնի ասպետների արկածները: Միայն ‹‹Ագենտ 007-ը›› ինչ ասես արժե: Դիվանագիտության խնդիրների և նպատակների, ինչպես նաև այդ ծառայության մեթոդների և միջոցների վերաբերյալ որոշակի թույր ըմռնում կա նաև մեզ մոտ` Հայաստանում: Պատճառը միանգամայն հասկանալի է. դարեր շարունակ պետականություն չունեցող մեր ժողովուրդը ընդամենը վերջին քսան տարում է առնչվում դիվանագիտության հետ, և ժամանակ է պետք, որ այն գտնի իր ‹‹որմնախորշը›› պետական կառուցվածքում, ձևավորվի որպես դպրոց և ‹‹նստի›› մարդկանց ուղեղներում` դառնալով սովորական և դյուրըմբռնելի երևույթ: Այն ինչ անսովոր ու անհասկանալի է առաջացնում է դժգոհություն և բացասական էմոցիաներ: Բացի զուտ քաղաքական դրդապատճառներից, ես մասամբ այս հանգամանքով եմ բացատրում մեր հասարակությունում և լրատվական միջոցներում հաճախ հանդիպող քննադատական դիտողությունները հայկական դիվանագիտության հասցեին: Մեր դիվանագետներին հանգստացնելու համար ասեմ, որ այդ դժվարին և ‹‹ոչ ստանդարտ›› մասնագիտության տեր անձինք հաճախ են հանդիսացել քննադատության թիրախ բոլոր ժամանակներում: Դիվանագետներին դատափետել են այնպիսի մեծություններ, որ ապշում ես: Այսպես` Գյոթեն դիվանագետներին համարում է ‹‹ապուշ պեդանտներ››, Մարսել Պրուստը ‹‹անձրևի նման ձանձրացնողներ››, ֆրանսիացի գրող Լա Բրույերը ‹‹քամելիոններ››, նրա անգլիացի գործընկեր Զեյմս Օլդրիջը ‹‹երեսապաշտներ››: Դիվանագիտության և դիվանագետների մասին քամհարանքով է արտահայտվել մտքի հսկա Օնորե դը Բալզակը, իսկ ամենազարմանալին այն է, որ անվտանգության գծով ԱՄՆ-ի նախագահի նախկին օգնական Զբիգնև Բժեզինսկին դիվանագետներին քաղաքակամության մեջ համարում է ‹‹ավելորդներ››: Անկախ այն բանից, թե ովքեր են դիվանագետների ընդդիմախոսները, իմ կարծիքով նրանք հազիվ թե կարողանան անարգանքի սյունին գամել իսկական դիվանագետին: ‹‹Իսկական›› ասելով ես նկատի ունեմ բարձրակարգ պրոֆեսիոնալներին, որոնք անձնավիրաբար ծառայում են իրենց երկրներին: Կան մի քանի մասնագիտություններ, որոնք մերժում են դիլետանտիզմը: Դիվանագիտությունը մտնում է այդ մասնագիտությունների առաջին եռյակի մեջ (բժիշկ, սակրավոր, դիվանագետ), որտեղ դիլետանտիզմը և պրոֆեսիոնալիզը ասիմետրիկ և անհամատեղելի կատեգորիաներ են: Պրոֆեսիոնալիզմը դիվանագիտական արվեստի պարտադիր բաղադրիչն է, նրա քվինտէսսենցիան: Դիվանագիտական արվեստը կարող է առաջանալ և շյուղեր արձակել արտաքին գործերի ա'յն գերատեսչություններում և նրա արտասահմանյան ա'յն ներկայացուցչություններում, որոնք ղեկավարվում են արհեստավարժ, ծառայության բոլոր աստիճաններով անցած և նրա գաղտիքներին տիրապետող պրոֆեսիոնալների կողմից: Կադրային քաղաքականություն իրագործելիս, հատկապես արտասահմանյան նշանակումների ժամանակ, չպետք է մոռանալ այս անժխտելի կանխադրույթը: Այդ իսկ պատճառով խորհուրդ է տրվում խելքով և ունակություններով չփայլող, անորակ կադրին օգտագործել տանը, որտեղ նրա գործած սխալները հնարավոր է քողարկել ու չեզոքացնել, այլ ոչ թե գործուղել արտասահման, որտեղ դիվանագետի վնասաբեր վրիպումները շատ հաճախ պարզապես անհնար է լինում շտկել: Զուր չի ասված, որ ավելի լավ է չունենալ դիվանագիտական ներկայացուցիչ, քան այդ պաշտոնում ունենալ անճարակ, թույլ և ամենավատը` ոչ արհեստավարժ մեկին: Եվս մի կարևոր հարց: Անցանկալի է, ոչ էլ օգտաշատ, երբ նույնացվում` իդենտիֆիկացվում են արտաքին քաղաքականությունը, միջազգային հարաբերությունները և դիվանագիտությունը, ինչը հաճախ է պատահում: Լինելով մեկ ամբողջականություն և լրացնելով մեկմեկու դրանցից ամեն մեկն իր դերն է խաղում երկրների փոխկապակցության գործընթացում: Արևմուտքում վաղուց են տարանջատել այս երեք սեգմենտները, հաշվելով որ արտաքին քաղաքականությունը դիվանագիտության ռազմավարությունն է: Իսկ անգլիացի անվանի դիվանագետ Էռնեստ Սատոուն այդ տարբերությունը բացատրում է ‹‹մատների վրա››: ‹‹Արտաքին քաղաքականությունը երաժշտություն է, կատարողները` դիվանագետներ››,- ասում է նա և ավելացնում: ‹‹Մեկն այն կատարում է վիրտուոզ վարպետությամբ, իսկ մյուսն այնպես է նվագում, որ մարդիկ կեսից թողնում են դահլիճը: Իսկ նոտաները նույնն են››: Իրոք, վատ երաժիշտը ձախողում է համերգը, իսկ վատ դիվանագետը կարող է մեծ վնաս հասցնել երկրի ազգային և պետական շահերին: Diplomat.am | |
ՀԱՐՑ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆ ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ՀԵՏ | |
7308 reads | 03.02.2013
| |