ԱՆԴՐԵՅ ԱՆԴՐԵԵՎԻՉ ԳՐՈՄԻԿՈ (մաս երրորդ)
![]() ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ Արտակարգ և լիազոր դեսպան ![]() Գրոմիկո-(Լռություն)… Դեսպան-Չեք կարող: Մինչդեռ Խորհրդային հրթիռները Կուբայում գրեթե գտնվում էին Կաստրոյի տրամադրության տակ, որն այսօր էլ չի հրաժարվել իր պասսիանորիական և ուլտրահեղափոխական նկրտումներից: Իսկ այն ժամանակ նա ամեն վայրկյան պատրաստ էր պատերազմ սանձազերծել: Բոլոր դեպքերում, փառք Աստծո, կողմերն ի վերջո եկան համաձայնության, և աշխարհը փրկվեց խելահեղ վտանգից: Այնպես որ, Անդրեյ Անդրեևիչ, Կարիբյան ճգնաժամին Դուք ցուցաբերեցիք Ձեր անկարողությունը և թուլակամությունը, երևացիք խիստ ‹‹գունատ››: Իրեն հարգող նախարարը հրաժարական կտար: Իմիջիայլոց, Խրուշչովն ինքն էր պատրաստվում Ձեզ հեռացնել և նախարար նշանակել իր փեսային` ‹‹Իզվեստիայի›› գլխավոր խմբագիր Աջուբեյին, սակայն շուտով պաշտոնազուրկ եղավ: Գրոմիկո - (Խիստ բարկացած)- Լսեք, Դուք չափն անցնում եք: Ես խիստ փոշմանել եմ, որ համաձայնվեցի զրուցել: Դուրս է գալիս, որ ես ոչ մի դրական բան չե՞մ արել իմ երկրի և ժողովրդի համար: Եղել եմ անպետք նախարա՞ր: Դեսպան -Քավ լիցի, Անդրեյ Անդրեևիչ: Եթե մենք խոսում ենք թերությունների մասին, ամեևին չենք մոռանում, որ Դուք անցած դարի ակնառու դիվանագետներից մեկն եք: Եվ սա միայն իմ կարծիք չէ: Օրինակ` Ձեր ծննդյան 90-ամյակի կապակցությամբ բրիտանական Ֆորին օֆիսն այսպիսի գնահատական է տվել Ձեզ. «Խորհրդային պետական մեքենան երբեք և ոչ մի տեղ չի ունեցել ավելի պրոֆեսիոնալ, բարեխիղճ, հետևողական, նվիրված, լոյալ, սառնասիրտ, զգույշ, ինքնազոհ և բազմաչարչար ծառա, քան Անդրեյ Անդրեևիչ Գրոմիկոն էր»: Կարծես ամեն ինչ ասված է, այն էլ Ձեր դասակարգային թշնամու կողմից, այնպես որ, ավելացնելու ոչինչ չկա: Գրոմիկո - (Հաղթական տոնով)- Իսկ Դուք ասում եք… Դեսպան -Մեր կողմից նշենք, որ Դուք համարվել եք բանակցային դիվանագիտության անգերազանցելի վիրտուոզ, միջազգային հարաբերությունների այդ դժվարագույն ուղղության փայլուն գիտակ, որը, սակայն, հենվել է ուժային դիրքերի և մկանային դիվանագիտության ընձեռած հնարավորությունների վրա: Գրոմիկո -Կրկին Դուք ինձ խայթում եք: Դուք, ըստ երևույթին, կողմնակից եք հաշտվողական, թուլակամ և անհարկի կոմպրոմիսային քաղաքականության, որի շնորհիվ ԽՍՀՄ-ն անկախությունից հետո դադարեց գերտերություն լինելուց: Դեսպան -Անդրեյ Անդրեևիչ, դա վիճահարույց հարց է, և դժվար է տեղավորել մեկ զրույցի շրջանակներում: Մենք ակներևաբար կանգնած են տարբեր բևեռներում: Դուք, ինչպես հայտնի է, ագրեսիվ, հարձակողական դիվանագիտության ջատագով եք: Իսկ մենք` ոչ: Գրոմիկո -Այդ ե՞րբ և որտե՞ղ եք տեսել իմ ագրեսիվությունը: Դեսպան -Ձեր գործունեության տարիներին, հատկապես բրեժնևյան շրջանում, երբ Ձեր դերը խիստ բարձրացավ երկրի ներքին ու արտաքին քաղաքականության մեջ: Հատկապես, երբ Բրեժնևն ընկավ զառամախտի մեջ, և երկիրն սկսեց կառավարել Տրոյկան` հանձինս Ձեզ, պաշտպանության նախարար Ուստինովի և ԿԳԲ-ի նախագահ Անդրոպովի: Այդ դուք չէի՞ք, որ 1979 թ. դեկտեմբերի 12-ին ընդունեցիք պոլիտբյուրոյի N П 176/125 որոշումը զորքերն Աֆղանստան մտցնելու մասին: Այնպես որ, աֆղանական արյունալի կամպանիան նաև Ձեր խղճին է ծանրացած, Անդրեյ Անդրեևիչ: 9-ամյա պատերազմի ընթացքում խորհրդային զորքերը կորցրին 30.000 մարդ: Պատերազմի յուրաքանչյուր տարին երկրի վրա նստեց 3 միլիարդ դոլար: Գրոմիկո -Ես ինձ ամենևին մեղավոր չեմ համարում: Դեսպան -Այդ Դուք եք ասում: Սակայն Դժոխքի գլխավոր դատավոր Մինոսը, որը հայտնի է իր արդարամտությամբ, աֆղանական դեպքերի կապակցությամբ Ձեզ մեղադրել է դավաճանության մեջ և դատապարտել է հավիտյան տանջվելու Դժոխքի ամենաստորին հարկի պարունակում: Նա Ձեզ մեղադրում է նաև այն բանի համար, որ Ձեր հարգարժան տիկինը` Լիդիա Դմիտրիևնան, չարաշահելով իր կարգավիճակը, միջամտել է նախարարության կադրային հարցերին` ունենալով անձնական, այսինքն` նյութական շահագրգռվածություն: Օրինակներից մեկը Ձեր մերձավորագույն օգնական Արկադի Շևչենկոյի նշանակումն է ՄԱԿ-ում Խորհրդային Միության մշտական ներկայացուցչի տեղակալի պաշտոնում: Այդ նշանակումը հնարավոր է եղել այն բանի շնորհիվ, որ Շևչենկոյի կինը` Լեոնգինան, թանկարժեք զարդեր է նվիրել Ձեր կնոջը: Հետագայում Շևչենկոն դավաճանեց հայրենիքին և քաղաքական ապաստան խնդրեց ԱՄՆ-ում, իսկ Դուք հայտարարեցիք, որ չեք հիշում նման դիվանագետի: Գրոմիկո -(Երրորդ անգան լռում է զրույցի ընթացքում` նկատելիորեն խեղճացած): Դեսպան -Անդրեյ Անդրեևիչ, Դուք տարիներ շարունակ եղել եք հզոր, բազմազգ գերտերության ամենաբարձրագույն ոլորտներում` արտգործնախարար, պոլիտբյուրոյի անդամ, իսկ վերջին 4 տարում` ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահ: Այս վերջին պաշտոնին Դուք արժանացել եք շնորհիվ պանիգիրիկ հիշեցնող Ձեր ելույթի, որը վճռական նշանակություն է ունեցել Գորբաչովի` երկրի ղեկավար դառնալու գործում: Խնդրում եմ` ասեք, որպես լենինյան գվարդիայի գործիչ, ինչպե՞ս էիք պատկերացնում ազգային հարցի լուծումը Խորհրդային Միությունում: Գրոմիկո -Ծեծված հարց եք տալիս, սոցիալիզմի հաղթանակով ազգային հարցը ԽՍՀՄ-ում լուծված կարելի է համարել: Դեսպան - Այդ թվում նաև ազգերի հավասարությա՞ն հարցը: Գրոմիկո -Իհարկե, սակայն կոնկրետ ի՞նչը նկատի ունեք: Դեսպան -Նկատի ունեմ այն, որ Կենտկոմի միջազգային բաժնի վարիչի նախկին առաջին տեղակալ, Ռուսաստանի նախագահի նախկին խորհրդական Կարեն Բրուտենցն իր ‹‹Несбыбшееся. Неравнодушные заметки о перестройке›› գրքում գրում է, որ Հայոց մեծ եղեռնի 70-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանը 1985 թվականի Ապրիլի 24-ը հայտարարել էր սգո օր և որոշել էր Երևան հրավիրել պատվիրակություններ Ադրբեջանից, Վրաստանից, Ռուսաստանից և մյուս հանրապետություններից: Հարցը քննարկման էր դրվել պոլիտբյուրոյի նիստին, զեկուցողը Հայաստանի Կենտկոմի քարտուղար Կարեն Դեմիրճյանն էր: Պոլիտբյուրոն Ձեր առաջարկությամբ մերժեց Հայաստանի խնդրանքը: Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ: Գրոմիկո -Կասեմ, որ հավանաբար առաջնորդվել եմ` համամիութենական և միջազգային կարևոր շահերից ելնելով, որոնք գերակայում են առանձին վերցրած մի հանրապետության շահերը: Դեսպան - Շնորհակալություն անկեղծ զրույցի համար: Գրոմիկոն վեր է կենում ծանրությամբ, քթի տակ հրաժեշտ տալիս և ոտքերը քստքստացնելով դուրս գնում`մի փոքր կռացած և փոքրացած: Դե, տարիքն իրենն անում է: Մարդը 103 տարեկան է: Անդրեյ Գրոմիկոյի հետ զրուցեց Արման Նավասարդյանը | |
ՖԱՆՏԱՍՄԱԳՈՐԻԱ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐՈՎ | |
1987 reads | 23.04.2013
| |