ՊԻՆԳ-ՊՈՆԳՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
![]() ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող ![]() Չշեղվելով թեմայից՝ պետք է հիշել նաև 20-րդ դարի 70-ական թվականներին տեղի ունեցած պինգ-պոնգյան դիվանագիտության մասին, երբ ԱՄՆ և Չինաստանի դիվանագիտական կորպուսները չկարողացան անել այնքան, ինչքան սեղանի թենիսի նրանց ներկայացուցիչները:
Պինգ-պոնգյան դիվանագիտությոնը, որն իրականացվեց 1970-ական թվականներին ԱՄՆ և Չինաստանի միջև, մեծ առաջընթաց էր չին-ամերիկյան հարաբերություններում: Այդ հիանալի խաղի շնորհիվ և ԱՄՆ պետքարտուղար Հենրի Քիսինջերի և ՉԺՀ Պետխորհրդի ղեկավար Չժոու Էնլայի ջանքերով կոտրվեց Պեկինի և Վաշինգթոնի միջև գոյացած հաստ շերտով սառույցը: Ինչպես նաև այն օգնեց ԱՄՆ-ԽՍՀՄ-ՉԺՀ եռանկյունու աշխարհաքաղաքական վիճակը փոխել և կայունացնել, սակայն դրանից հետո սկսվեց թուլանալ ԽՍՀՄ-ի դերը միջազգային ասպարեզում: ![]() Ապրիլի 11-17-ն ընկած ժամանակահատվածում Չինաստան այցի ժամանակ ամերիկյան սեղանի թենիսի հավաքականը մի քանի խաղ անցկացրեց չինացիների հետ, այցելեցին Ամառային Դղյակը, ինչպես նաև չինական Մեծ պարիսպը, տեսան չինացիների կյանքն ավելի մոտիկից: Դա ամերիկացիների առաջին պաշտոնական այցն էր ՉԺՀ 1949-ից այս կողմ: Իսկ 1972-ին ԱՄՆ այցելեցին չինացի սեղանի թենիսի մարզիկները: Նրանք նույնպես շրջեցին ԱՄՆ-ի ողջ տարածքով, ծանոթացան ամերիկյան մշակույթի հետ: Պինգ-պոնգյան դիվանագիտությունը ստեղծեց հիանալի քաղաքական իրավիճակ, որի շնորհիվ Հենրի Քիսսինջերն այցելեց Չինաստան 1971-ի հուլիսին և հոկտեմբերին: Իր առաջին այցի ժամանակ նա նշեց, որ ԱՄՆ-ն այլևս Չինաստանին թշնամի չի համարում, այլևս տնտեսական սանկցիաներ չի կիրառի Չինաստանի նկատմամբ և ցանկանում է, որ սկսվեն երկու պետությունների միջև լավ, բարիդրացիական հարաբերություններ: Իսկ երկրորդ հանդիպման ժամանակ կողմերը զրուցեցին Վիետնամի պատերազմից, ԽՍՀՄ-ՉԺՀ հարաբերություններից, Բանգլադեշի հակամարտությունից, ճապոնական պաշտպանական քաղաքականությունից և այլն: ԱՄՆ-ՉԺՀ հարաբերություններն էլ ավելի լավացան, երբ 1972-ի փետրվարի 21-ին տեղի ունեցավ ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնի այցը Չինաստան, որը համարվում էր պատմական այց և որին երկար էին սպասում բոլորը: Պաշտոնական այցի ժամանակ քննարկվեցին բավական շատ հարցեր, իսկ ամենակարևոր խնդիրն այն էր, որ երկու պետությունները ցանկանում էին թուլացնել ԽՍՀՄ-ի դերը Ասիայում, ինչպես նաև աշխարհում: Այսպիսով, սկսվեց նոր ժամանակաշրջան ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի միջև: Երկար ժամանակ ճանապարհներ էին փնտրվում, որ այդ երկու պետությունների միջև վերականգնվեն հարաբերությունները, սակայն դա արվեց նրանց մարզիկներին իրար կապող խաղի միջոցով, որի շնորհիվ տեղի ունեցան մեծ փոփոխություններ: Իսկ այս դիվանագիտական պատմությունը կնքվեց պինգ-պոնգյան դիվանագիտություն անունով: | |
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՅԲՈՒԲԵՆ | |
3862 reads | 23.04.2013
| |