ԻՆՉՈ՞Ւ ԿԱՄ ԻՆՉՊԵ՞Ս ԴԱՌՆԱԼ ԴԻՎԱՆԱԳԵՏ
![]() Արտակարգ և լիազոր դեսպան Եթե հարցադրման առաջին մասն ուղղեք միջազգային ֆակուլտետի դիմորդներին, նրանց ճնշող մեծամասնությունը կպատասխանի. ‹‹Որովհետեւ հետաքրքիր մասնագիտություն է››: Մինչդեռ շատերը, համոզված եմ, ցանկանում են դիվանագետ դառնալ` գայթակղվելով մասնագիտության արտաքին փայլով եւ խորհրդավորության շղարշով: Ընտրելով այդ մասնագիտությունը, պատանին կամ պարմանուհին պարզապես ձգտում են գեղեցիկ կյանքի՝ ոչ պակաս գեղեցիկ արտասահմանում: Դա շատ բնական է, դրանում ոչ մի վատ բան չկա: Սակայն այդ ընտրության մեջ որոշակի դեր է կատարում անտեղյակությունն ու ապատեղեկատվածությունը, ինչը հետագայում երիտասարդին կարող է կանգնեցնել դժվարությունների առջեւ: ![]() Հիմա անդրադառնանք հարցադրման երկրորդ մասին՝ ինչպե՞ս պատրաստել դիվանագետներ: Շուկայական հարաբերությունների պայմաններում մենք բնականաբար հանդես ենք գալիս ազատ մրցակցության, ապակենտրոնացման և անտիմոնոպոլիայի դիրքերից: Սա բխում է հասարակության շահերից և պարզ է, ինչպես երկու անգամ երկու: Մաղթենք, որ զարգացման այս ֆորմացիան հաջողությամբ զարգանա և ընդգրկի բոլոր ոլորտները: Սակայն դիվանագիտության և դիվանագիտական կադրերի ուսուցման գործում նման զարգացումը հակացուցված է և անընդունելի: Դիվանագիտությունը պետականության կարևորագույն սեգմենտ է, նրա առանցքային բաղադրիչը, հետևաբար պետական հսկողությունից և հովանավորությունից դուրս, մասնավոր կարգով դիվանագետների, ինչպես նաև հետախույզների և բանակային սպաների պատրաստումը նոնսենս է, միջոցների ու ժամանակի ավելորդ վատնում: Մինչդեռ ոչ պետական բուհերում դիվանագետներ պատրաստելու ձգտումը դարձել է մոդայիկ, տվյալ հաստատության հեղինակության ցուցանիշ: Գտեք մի մասնավոր համալսարան կամ ինստիտուտ, որ չունենա միջազգային հարաբերությունների ֆակուլտետ: Հազիվ թե գտնեք: Սա արատավոր պրակտիկա է: Իսկ մայր բուհը` պետհամալսարա՞նը, որն ունի որակյալ պրոֆեսորադասախոսական կազմ, գիտական բազա, ֆինանսներ, վերջապես գործում է պետական հովանավորության տակ: Արդ, կարո՞ղ է պետհամալսարանը պատրաստել պրոֆեսիոնալ դիվանագետներ: Աչքի անցկացրեք այստեղ դասավադվող առարկաների ցանկը կամ մագիստարատուրայի և ասպիրանտուրայի ընդունելության հարցաշարը: Դրանք գրեթե ամբողջությամբ վերաբերում են պատմությանը կամ լավագույն դեպքում դիվանագիտության պատմությանը: (Նույն պատկերն է գիտությունների ակադեմիայի ասպիրանտուրայում և մագիստարատուրայում): Այսպիսի մեթոդոլոգիան պատմագիտության համար է, այլ ոչ թե դիվանագիտության: Նույն մոտեցումն է ապագա միջազգայնագետ-տնտեսագետների կամ միջազգային իրավունքի մասնագետների նկատմամբ: Այն տպավորությունն է ստեղծվում, որ համալսարանի համապատասխան ֆակուլտետը պատրաստում է պատմաբան, տնտեսագետ կամ իրավաբան: Հարց է ծագու՞մ: Կարո՞ղ է միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտը զբաղեցնել դիվանագիտական ամենացածր աստիճանը տանը կամ դրսում: Հավանաբար, չի կարող… Մի խոսքով, և պետական, և մասնավոր ուսումնական հաստատություններում դիվանագետներ պատրաստելու ծրագրերը, մոտեցումը, մեթոդիկան վերանայման կարիք ունեն` ամբողջությամբ, եթե նրանք հավակնում են պատրաստել դիվանագետներ: Ի դեպ, ստեղծված իրավիճակը մեր կրթական համակարգի մեղքը չէ: Մենք չենք ունեցել ինքնուրույն արտաքին քաղաքականություն, հետևաբար չենք ունեցել դիվանագիտական դպրոց և ավանդույթներ: Կրթական համակարգի այն պաշտոնյաները, ովքեր ծրագրավորում են պետական բուհերում դիվանագետների պատրաստման խնդիրը, չպետք է մոռանան մի պարզ, աքսիոմատիկ ճշմարտություն. դիվանագետի ուսուցումը անհատական, ոչ կոնվեյերային, ոսկերչական աշխատանք է: Անհնար է այդ հազվագյուտ մասնագիտությանը հաղորդակից դարձնել սովորողին, եթե լսարանում նստած են հարյուրի հասնող ունկընդիրներ: Պետք է նվազագույնի հասցնել բազմալսարանային դասախոսությունները եւ կիրառել մեկ, առանձին դեպքում՝ երկու ունկնդրի հետ բարձրակարգ դասախոս-էքսպերտի պարապմունքների պրակտիկան: Դուք կարող եք առարկել, հապա ծախսե՞րը: Համաձայն եմ, դա խիստ ծախսատար գործընթաց է: Ընդհանրապես դիվանագիտությունը շատ թանկ հաճույք է: Բայց բարձրորակ դիվանագիտության արդյունքը շատ ավելի արժեքավոր է: ‹‹Քիչ, բայց լավ››: Ընտրենք ա’յս նշանաբանը: Իսկ ո՞վ ասաց, որ հանրապետությունը մասսայական ‹‹դիպլոմատիզացման›› կարիք ունի: Հայաստանն այսօր այնքան դիվանագետ, (թող լինի միջազգայանգետ) է ‹‹արտադրում››, որ եթե մենք դեսպանություններ բանանք անգամ Մարշալյան կղզիներում եւ Բարբադոսում, էլի չտեղավորված կադրեր կունենանք: Մինչդեռ Ամերիկայի նման երկիրն անգամ ‹‹ժլատ›› է դիվանագետներ պատրաստելու հարցում: Այս մոտեցումն, ի դեպ, գալիս է Ֆրանկլին Ռուզվելտի ժամանակներից: Երբ ԱՄՆ 1933 թվականին դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Խորհրդային Միության հետ, հանկարծ պարզվեց, որ Նահանգներում կարգին ռուսերեն եւ Ռուսաստանն իմացող չկա: Նախագահի անմիջական ցուցումով Ամերիկայի լավագույն համալսարաններից հավաքեցին 15 (!) շրջանավարտներ եւ Պետական դեպարտամենտում սկսեցին անհատական ուսուցում անցկացնել նրանց հետ: Այսպիսով ստեղծվեց խորհրդային իրականության եւ ռուսերենին տիրապետող ‹‹բարձր պիլոտաժի›› էքսպերտների հզոր խումբ, որը կես դարից ավելի ղեկավարում էր Վաշինգտոնի արտաքին քաղաքականության ռուսական վեկտորը: Նրանցից շատերը որպես դեսպաններ աշխատեցին Մոսկվայում, այդ թվում՝ 20-րդ դարի փայլուն դիվանագետներից մեկը՝ Ջորջ Քեննանը: Հ.Գ. Հայ դիվանագետների պատրաստման պետական կարևորություն ունեցող խնդիրը բարձր մակարդակի վրա դնելու մտահոգությունից ելնելով է, հավանաբար, ԱԳՆ ստեղծել դիվանագիտական ակադեմիա: Նրա գործունեության մասին դժվար է դատել, ինֆորմացիայի բացակայության պատճառով: Հուսանք, որ այստեղ հաշվի կառնվեն քսան տարվա ընթացքում կուտակված բացթողումները և կշտկեն իրավիճակը: Մաղթենք հաջողություն: | |
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՅԲՈՒԲԵՆ | |
9475 reads | 28.01.2013
| |