![]() ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ Արտակարգ և լիազոր դեսպան Դիվանագիտության տեսաբանների համար անվիճելի
փաստ է, որ պետության արտաքին քաղաքականությունը, միջազգային հարաբերությունները եւ
դիվանագիտությունը մեկ ամբողջականություն են կազմում: Իսկ որ դիվանագիտությունն այդ ‹‹եռապատկերում›› առանձին երևույթ է, նրանցից շատերի համար վիճահարույց
թեմա է: Թերևս սա է պատճառը, որ դիվանագիտությունը գտնվում է վերլուծաբանների ուշադրության
հետնաբակում` չարժանանալով գիտական համակարգված ուսումնասիրության եւ խորը վերլուծության`
հատկապես Հայաստանում:
Չկա դիվանագիտություն, չկան միջազգային հարաբերություններ, չկա արտաքին քաղաքականություն: Դիվանագիտությունը գիտություն է, դիվանագիտությունը արվեստ է, բազմապրոֆիլ եւ բազմաշերտ ֆենոմեն, որը մի մարդու` պետության ղեկավարի մենաշնորհն է: Նրա անմիջական ղեկավարության տակ է գործում արտաքին գործերի նախարարությունը: Առանձին դեպքերում գործադիր օրգաններին եւ կառավարության անդամներին ևս հանձնարարվում է միջազգային բնույթի կոնկրետ խնդիրների լուծումը: Դիվանագիտությունը սովորաբար փակ է մասսաների համար, հեռու նրանց տեսադաշտից: Հետաքրքրության աստիճանն էլ նրա նկատմամբ տարբեր երկրներում, տարբեր է: Որքան զարգացած է երկիրը, նրա արտաքին քաղաքականության նկատմամբ լայն հասարակության հետաքրքրությունն այնքան փոքր է, իսկ դիվանագիտության որակը բարձր է: Առաջատար երկրներում դիվանագիտությամբ սովորաբար զբաղվում են պրոֆեսիոնալները, քանզի այն պրոֆեսիա է եւ ոչ թե ‹‹պարապ վախտվա խաղալիք››: Իսկ որքան երկիրն աղքատ է, իսկ հասարակությունը չկայացած, այնքան քաղաքականությանը խառնվողների բանակը ստվար է: Արեւմուտքում շարքային քաղաքացիներից շատերը չգիտեն անգամ իրենց պետական գործիչներին եւ կառավարության անդամներին: Դա նրանց պետք էլ չէ: Այնտեղ շարժվում են ‹‹Թող ամեն մեկը զբաղվի իր գործով›› սկզբունքով: ‹‹Անու՞մ է կառավարությունն իր գործը` թող անի: Իսկ եթե վատ անի, այն ժամանակ էլ կխառնվենք և հաշիվ կպահանջենք նրանցից, ովքեր անհարկի եւ աննպատակ մսխում են մեր հարկերը››,-մտածում են մարդիկ: ‹‹Ժողովրդի ձայնը Աստծո ձայնն է››, ‹‹Vox populi-Vox Dei››: Իսկ մեր փոքրիկ Հայաստանում բոլորը քաղաքագետներ ու դիվանագետներ են: Անխտիր: Դիվանագետներ են` պատգամավորները, որոնց նկատելի մասը, մեղմ ասած կիսագրագետ է, որն անգարագետից վատ է: Դիվանագիտական էքզերսիսներ` վարժություններ են անում յոթանասուն մեծ, միջին ու գաճաճ կուսակցությունները: Քաղաքականության նկատմամբ սուր հետաքրքրություն են ցուցաբերում, հատկապես, հասակավոր թոշակառուները եւ տաքսու վարորդները` մանավանդ, երբ խոսքը վերաբերում է կանխատեսումներին: Մի խոսքով մենք քաղաքականացված եւ ‹‹դիվանագիտացված›› ազգ ենք: Բարեբախտաբար արտաքին քաղաքական պլանավորումը կատարվում է մատների վրա հաշվված պետական այրերի կողմից: Այդ աշխատանքը լավ է արվում, թե վատ` այլ հարց է: Հետո՞: ‹‹Հետոն›› գալիս է հետո, երբ նրանց ծրագրավորածը փոխանցվում է արտաքին գերատեսչություն` ի կատարումն: Արժե՞ նշել, որ պետական այրերի ուղեղի արգասիքը հանդիսացող արտաքին քաղաքական որոշումները կմնան մեռած իդեաներ, եթե վատ գործի այն մեխանիզմը որի անունն է ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ: Իսկ եթե Բաղրամյան փողոցի բարձունքում անգամ հրաշամանուկ ծնվի, Հանրապետական հրապարակի ‹‹թալեյրաններն›› ու ‹‹մետեռնիխները›› այն կարող են վերածել գորշ մկնիկի: | |
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՅԲՈՒԲԵՆ | |
2402 reads | 06.02.2013
| |