ՉԻՆԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻ ԶԵՆՔԸ (ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ)
![]() Արտակարգ և լիազոր դեսպան ![]() Դա օտարերկրացիների համար միանգամայն անծանոթ հարավասիական քաղաքակրթության արժեքային համակարգ է: Այդ համակարգի հիմքում ընկած է այսպես կոչված «ստրատագեման»: Մեր ականջին անսովոր ստրատագեմա բառը նշանակում է ռազմավարական պլան, որն իր մեջ պարունակում է թշնամու համար նախատեսված ինչ-որ ծուղակ, որևէ խորամանկ քայլ: Ստրատագեմիզմի հիմնադիրը մեծ զորավար Սուն Ցզին է: Նա ստեղծել և զարգացրել է ռազմական փիլիսոփայական-կիրառական մի ամբողջական տեսություն` 36 այսպես կոչված ստրագեմաներ, որոնք պատրաստի բանաձևեր են կյանքի բոլոր իրադրություններում ճիշտ կողմնորոշվելու և հաղթելու համար: «Ռազմական արվեստը մոլորեցնելու արվեստ է», «Թշնամուն նախընտրելի է հաղթել առանց զենք բանեցնելու», «Հաղթանակի համար պետք է օգտվել խորամանկությունից և խաբեությունից», «Հակառակորդը երբ վստահ է քո բարեկամական զգացմունքների և խաղաղասիրական նպատակների նկատմամբ, կորցնում է զգոնությունը: Այդ ընթացքում պատրաստվում ես հարձակվել հակառակորդի վրա, և ընտրվում է հարմար պահը, սակայն այնպես, որ վերջինս չգուշակի այդ մասին»: «Եթե թշնամին առանց նախնական պայմանավորվածության հանկարծ որոշում է կնքել հաշտություն, ապա նա լարում է որոգայթ»: «Եթե թշնամին հարձակվում է, մենք սկսում ենք բանակցել, եթե թշնամին սկսում է բանակցել, մենք հարձակվում ենք»: ![]() Այսօր էլ չինական մտածողությունը ստրատագեմային է, որի համար մեկնակետ է հնարամտությունների, որոգայթների, խարդավանքների, ապատեղեկատվության, «կեղծ նպատակների» հնուց կուտակված հարուստ շտեմարանը: Շվեյցարացի անվանի չինագետ Հարո ֆոն Զեգները, ուսումնասիրելով չինական հին ձեռագրերը և ժամանակակից չինարենը, հանգել է եզրակացության, որ ստրատագեմաներ գոյություն ունեն բոլոր էթնոսներում և կուլտուրաներում: Դրանք կարելի է գտնել և՛ Աստվածաշնչում, և՛ Գրիմ եղբայների հեքիաթներում, և՛ հունական դիցաբանությունում, և՛ աֆրիկյան առասպելներում: Ռուս չինագետ Վ. Մյասնիկովը այն կարծիքն է հայտնում, որ մյուս ժողովուրդները չեն վերծանել իրենց ստրատագեմները, մինչդեռ չինացիները դրանք, ինչպես բազմապատկման աղյուսակ, ունեն իրենց ձեռքի տակ և մանկությունից օգտագործում են կյանքի ամենատարբեր իրադրություններում: (Ինձ մոտ ծագում է բնական հարց: Իսկ հայ մշակույթո՞ւմ: Անշուշտ, մենք էլ ունենք մեր ստրատագեմաները, որոնք ուսումնասիրման կարիք ունեն): Արդյունքում` ստրատագեմիզմը դարձել է չինական ազգային սեփականություն և գաղտնի է պահվել օտարներից: Այն եղել է և այսօր էլ չինական դիվանագիտության գաղտնի զենք է: | |
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ | |
2609 reads | 11.07.2013
| |