ՓԼԱՏԱԿՆԵՐԻՑ ՎԵՐԱԾՆՎԱԾ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ. ԳԵՐՄԱՆԻԱ
![]() Արտակարգ և լիազոր դեսպան Գերմանիայի արտաքին քաղաքականությունը վերջին 100 տարում զարգացել է զիգզագաձև. ունեցել է վերելքներ և անկումներ` արտացոլելով համաշխարհային միջազգային հարաբերությունների բոլոր միտումները և Եվրոպայի ժողովուրդների ճակատագրերի ամբողջ ոդիսականը: ![]() Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը գերմանական դիվանագիտությունն ամեն կերպ նպաստում էր Երրորդ ռայխի ուժային քաղաքականության իրագործմանը: Այսպես, առաջին դիվանագիտական «հաղթանակը» 1938 թվականին Ավստրիայի բռնակցումն էր Գերմանիային (Անշլյուս): Ավստրիան կուլ գնաց Գերմանիային, իսկ քաղաքակիրթ Եվրոպան, ինչպես Հիտլերը գոռգոռալով զգուշացրել էր Ավստրիայի կանցլեր Շուշինգին, մատը մատին չխփեց այն կանխելու համար: Անշլյուսը փաստորեն կանաչ լույս վառեց ֆյուրերի աշխարհակուլ նկրտումների ճանապարհին: Ֆաշիստական Գերմանիայի նույն տարվա ռազմադիվանագիտական հաջորդ դեմարշը, որն իր խայտառակությամբ և անամոթությամբ մնաց չգերազանցված նորագույն պատմության էջերում, Մյունխենյան գործարքն էր, որով Անգլիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան, առանց Չեխոսլովակիայի մասնակցության, օտարեցին ու Հիտլերին նվիրեցին այդ երկրի 41 հազար քկմ տարածքը՝ 5 միլիոն բնակչությամբ: Նացիստական ո՛չ այս, ո՛չ էլ մյուս դիվանագիտական կոմբինացիաները՝ ներառյալ 1939 թվականի Մոլոտով-Ռիբենտրոպ տխրահռչակ պակտը, որով Մոսկվան և Բեռլինը իրար մեջ բաժանել էին Եվրոպան, չփոխեցին Երրորդ ռայխի անփառունակ վախճանը: Գերմանիայի վերջին փլուզումը շատ ավելի դաժան և խորը եղավ, քան դարասկզբին էր. ազգային ստորացում, տնտեսության փլուզում, ընդհանուր հուսալքություն, արտագաղթ: Հիտլերը ոչ միայն չկարողացավ պահել ու ամրապնդել երկաթյա կանցլեր, տաղանդավոր դիվանագետ Օտտո ֆոն Բիսմարկի XIX դարում կառուցած միացյալ Գերմանիան, այլև մասնատեց այն, իսկ գերմանացիները մեկընդմիշտ մոռացան «Drag nach Osten»-«Ձգտում դեպի Արևելք» վտանգաշատ կարգախոսը, վտանգաշատ՝ հենց իրենց համար: ![]() Եվ այսպես, հզոր պետությունը վերածվեց փլատակների, որոնց վրա նստած հայրենակիցներին առաջին կանցլեր Կոնդրատ Ադենաուերը «հաց ու կարագ չխոստացավ», այլ խորհուրդ տվեց աշխատել և հասնել լավ կյանքի: Իսկ գերմանացիներն աշխատասեր են, ֆանտաստիկ աշխատասեր, նպատակասլաց, ունեն ուժեղ բարոյակամային հատկանիշներ և կարողացան բարգավաճել ու ծաղկել: Իհարկե, նրանց օգնեց նաև Մարշալի հայտնի պլանը: (Չգիտես ինչու՝ նման պլանները շրջանցում են մեզ): Այժմ, երկու երկրների միացումից հետո, Գերմանիան դարձել է միջազգային և դիվանագիտական հարաբերությունների ամենահեղինակավոր մասնակիցներից, Եվրոպայի առանցքային դերակատարներից մեկը, Եվրամիության հզոր գեներատորը: Այսօր առանց Գերմանիայի չի կարող գոյություն ունենալ ո՛չ եվրոպական, ո՛չ էլ համաշխարհային քաղաքականությունը: Գերմանիայի տեղը և դերը քաղաքական գլոբալ գործընթացներում ու դիվանագիտության մեջ միանգամայն ծանրակշիռ են: Գերմանիայի վերածննդի մեջ առաջնային դեր է ունեցել դիվանագիտությունը` միանշանակ: Գերմանացիները, ի տարբերություն որոշ երկրների, այդ թվում Հայաստանի, դիվանագիտական ծառայությունը սերտորեն կապում են երկրի ներքին խնդիրների իրագործման հետ: Գերմանական դիվանագիտությունը հատկապես ակտիվ է միջազգային տնտեսական կապերի, շուկաների նվաճման, տեխնոլոգիաների արտահանման ու ներկրման, ներդրումային քաղաքականության, գիտության, կրթության, տեխնիկայի, արվեստների և շատ ուրիշ ոլորտների զարգացման գործում: ![]() Իսկ ի՞նչ կարելի է ասել գերմանացի դիվանագետների, նրանց բանակցային արվեստի մասին: Իրո՞ք 100 տարի առաջվա՝ Հարոլդ Նիկոլսոնի գնահատականը ճիշտ է, որ գերմանացիները բանակցելիս ագրեսիվ են և նմանվում են կռվող զինվորների: Որոշ առումով` այո: Սակայն ավելի ճիշտ կլիներ այն անվանել սեփական դիրքերն ու սկզբունքները համառորեն և մինչև վերջ պաշտպանելու հաստատակամություն, որը, իմ կարծիքով, այնքան էլ վատ չէ, եթե, իհարկե, չի անցնում տրամաբանության ու դիվանագիտական թույլատրելիության սահմանները: Պատերազմից հետո կադրերի պատրաստումը պետության ուշադրության կենտրոնում է: Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության դիվանագետներից շատերն են ուսանել Մոսկվայում: Տողերիս հեղինակը 1970-ական թվականների սկզբին առիթ է ունեցել մի խումբ գերմանացիների հետ սովորելու ԽՍՀՄ դիվանագիտական ակադեմիայում և բարձր կարծիքի է նրանց մտավոր կարողությունների ու մարդկային հատկանիշների մասին: ![]() Հարկ է նշել, որ գերմանացի դիվանագետները հատկապես հմուտ են միջազգային իրավունքի և միջազգային տնտեսագիտության մեջ, խորապես տիրապետում են դրանց նրբություններին: Իսկ եթե ինձ հարցնելու լինեն, թե «գերմանացի դիվանագետների ո՞ր հատկանիշը կառանձնացնես», կպատասխանեմ՝ «Ժամանակի սուր զգացողությունը և ճշտապահությունը»: Դիվանագիտական ակադեմիայի վերոնշյալ գերմանացի ունկնդիրներից մեկը մի առիթով ինձ ասաց. «Դուք՝ խորհրդային մարդիկ, սխալ եք հաշվում ժամանակը: Ինչու՞ եք «Հնգամյակը» պլանավորում հինգ տարվա համար, երբ այն ավարտում եք չորս տարում»: (ԽՍՀՄ պլանային տնտեսությունը ծրագրավորվում էր յուրաքանչյուր հինգ տարվա համար, որը կոչվում էր «Հնգամյակ», բայց իրագործվում էր չորս տարում: Այստեղից` մշտապես գործող նշանաբանը. «Կատարենք հնգամյակը չորս տարում»): | |
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ | |
4488 reads | 18.06.2013
| |