ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ. ՖՐԱՆՍԻԱ
![]() ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ Արտակարգ և լիազոր դեսպան Հավատարիմ սեփական սկզբունքներին և խոստումներին, «Diplomat.am» նախագիծը հանդես է գալիս նոր ասելիքով: Դիվանագիտության՝ 1000-ամյակների հասնող պատմությանն անդրադառնալուն զուգահեռ, մենք նոր քայլ ենք անում՝ ցույց տալու տարբեր երկրների այն գաղափարախոսությունները, պատմական անցքերը և անհատներին, որոնց շնորհիվ արտաքին քաղաքական հարաբերությունները հասել են ներկա բարձունքների: Դրանց և առավել հետաքրքիր փաստերի այսուհետ ծանոթացեք «Դիվանագիտական դպրոց» խորագրի ներքո: ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ. ՖՐԱՆՍԻԱ ![]() Այս բոլորով հանդերձ, Ալբիոնի հոյակապ դիվանագիտական դպրոցի պրոֆեսիոնալներն անկեղծորեն խոստովանում են. «Այն (ֆրանսիական դիվանագիտությունը- Ա.Ն.) կարելի է ատել, բայց չհիանալ նրանով, անհնար է»: Իրոք, չհիանալ ֆրանսիական դիվանագիտությամբ դժվար է, դիվանագիտություն, որը ժամանակակից դիվանագիտության հիմնադիրն է կամ, ինչպես ընդունված է ասել, դիվանագիտությունների դիվանագիտությունն է: Ֆրանսիական դիվանագիտության քաղաքական նշանակությունը, նրա ազգային արժեքն առաջին հերթին այն է, որ իր ստեղծման պահից` X դարից, երբ իշխանության եկավ Կապետինգների դինաստիան, մինչև օրս նա իր գերագույն նպատակն է համարում Ֆրանսիայի հզորացումը և միջազգային դիրքերի ամրապնդումը: Մի՞թե կարելի է պատկերացնել ավելի վեհ և սուրբ առաքելություն, քան այսկերպ հայրենիքին ծառայելը… ![]() Ֆրանսիական դիվանագիտությունը չի ներփակվել ինքն իր մեջ, չի թաքցրել իր «գաղտնիքներն» աշխարհից: Մենք պետք է Ֆրանսիային երախտապարտ լինենք առաջին հերթին կարդինալ Արման Ռիշելյե-երևույթի համար: Այդ նա էր, որ ստեղծեց արտաքին գերատեսչության կառույցը և ապացուցեց, որ դեսպանությունները պետք է կառավարվեն մի կենտրոնից և անպայման պրոֆեսիոնալների կողմից: Այս աքսիոմատիկ ճշմարտությունն այսօր հաճախ է խախտվում: Ռիշելյեի ամենամեծ ավանդը, սակայն, բանակցային արվեստում նրա նորարարությունն է, համաձայն որի, պետությունները պարտավոր են բանակցել, եթե անգամ պատերազմական իրավիճակում են: (Սա մենք կարող ենք որպես քաղաքական պատգամ ընկալել մեր` հայկական դիվանագիտության համար, երբ «Պայքար, պայքար մինչև վերջ» լոզունգը կամա թե ակամա տարածում ենք արտաքին քաղաքականության վրա): Ֆրանսիական դիվանագետների հոյակապ կոհորտում իր հատուկ տեղն ունի Լյուդովկոս XIV-ի դեսպան Ֆրանսուա Կալյերը, որը գրեթե չորս հարյուր տարի առաջ պատասխանեց միջնադարում սկիզբ առնող և այսօր էլ միջազգային հարաբերություններում չարչրկվող սակրամենտալ (ավանդական) հարցին` «ստել, թե չստել»: Մեծ վերափոխիչն ապացուցում է, որ դեսպանի սուտը գործնականում ավելի վնաս է հասցնում, քան օգուտ բերում: «Եթե սուտն այսօր հաջողություն է խոստանում, ապա վաղն այն ստեղծում է կասկածի մթնոլորտ, որն անհնար է դարձնում հետագա հաջողությունը»,- ասում է Կալյերը: Նա գրել է մի աշխատություն, որտեղ համոզիչ կերպով թվարկում է այն հատկանիշները, որոնք պետք է ունենան դիվանագետները («On the Manner of Negotiating with Princes»): Սա, որը վարքի իսկական կոդեքս է, անտեսվում էր խորհրդային դիվանագիտության կողմից, մինչդեռ, իմ կարծիքով, պետք է սեղանի գիրք դառնա դիվանագետներ պատրաստող հայկական բուհերի համար: Այն ոչ միայն չի կորցրել իր այժմեականությունը, այլև պարունակում է այնպիսի նրբություններ, որոնք անտեսված կամ անծանոթ են մեր դիվանագիտական պրակտիկայում: Այդ ժամանակ Ֆրանսիայում սկիզբ է առնում և կյանքի ուժ ստանում այն գաղափարը, որ դիվանագիտությունը չպետք է լինի «ընդհատակյա», ինչպես մինչ այդ էր, այլ պետք է հիմնված լինի փոխադարձ վստահության վրա: Ֆրանսիական դիվանագիտության առանձնահատկությունն այն է, որ նրա ձևավորման և զարգացման գործընթացին ակտիվ մասնակցություն են ունեցել ազգի լավագույն ուղեղները` քաղաքական գործիչներ, անվանի գիտնականներ, գրողներ ու պոետներ: Մեծանուն գիտնական, մաթեմատիկոս, ֆիզիկոս և փիլիսոփա Բլեզ Պասկալը, օրինակ, ասես լրացնելով Կալյերին, թվարկում է այնպիսի հատկանիշներ` ազնվություն, քաջություն, կենսախնդություն, հավասարակշռություն, չափի զգացողություն, նուրբ դիտողականություն, շրջահայացություն, ճկունություն, որոնք պատիվ կարող են բերել ոչ միայն ֆրանսիացի դիվանագետներին, այլև նրանց այլազգի գործընկերներին: ![]() Թալեյրանի դիվանագիտական գործունեության գագաթնակետը դարձավ Վիեննայի 1815 թվականի համաժողովը, որտեղ նա, պարտված նապոլեոնական Ֆրանսիայի ներկայացուցիչը, կարողացավ հավասարի իրավունքով բանակցել հաղթանակած երկրների` Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Պրուսիայի և Ավստրիայի ներկայացուցիչների հետ և իր երկիրն անկորուստ դուրս բերել այդ գոտեմարտից: Դա դիվանագիտական արվեստի բարձրակարգ պիլոտաժ էր, որը քիչ է հանդիպում պատմության էջերում: (Ղարաբաղյան բանակցություններում մեզ պակասում է հայ Թալեյրանը): Այսպիսով, ի սկզբանե ֆրանսիական դիվանագիտական ծառայությունը հետևողաբար կարևորել է կազմակերպչական սկզբունքների կատարելագործումը, դիվանագիտական արվեստի հղկումը, կադրային քաղաքականության ձևավորումը, դիվանագետների որակավորման բարձրացումը: Ֆրանսիական մտածելակերպին հատուկ են քննադատական մոտեցումը, դեկարդյան կուռ տրամաբանությունը և մտքի համարձակ թռիչքը: Շնորհիվ այս բաղադրիչների, ֆրանսիական դիվանագիտությունը հեշտությամբ կարողանում է մի կողմ նետել հնացած սխեմաներն ու դրույթները և համարձակորեն փոխարինել դրանք նորերով: Սրանով է պայմանավորված ֆրանսիական դիվանագիտության բարձր մանևրունակությունը, անհրաժեշտության դեպքում՝ կուրսի կտրուկ փոփոխությունը և ներուժի մոբիլիզացման կարողությունը` արտաքին քաղաքականության անհաջողությունը մեղմելու և հաղթանակ ապահովելու համար: Ֆրանսիացու գործելակերպը հիմնականում վերլուծական է և ռացիոնալ, սակայն նրան խորթ չէ նաև վերացական (աբստրակտ) մտածողությունը: Ես դրանով եմ բացատրում հեղափոխության «Ազատություն, հավասարություն, եղբայրություն» փիլիսոփայությունը, որն այդպես էլ մնաց ուտոպիա, ինչպես ֆրանսիական, այնպես էլ մյուս բոլոր հեղափոխությունների համար: Ասվածը չի նշանակում, որ ֆրանսիական դիվանագիտությանը ևս հատուկ է իռացիոնալիզմը: ![]() Հատուկ ուսումնասիրություն է պահանջում ֆրանսիական դիվանագիտության բանակցային արվեստը, որն ունի իր առաձնահատկությունները: Ի տարբերություն մի շարք երկրների դիվանագետների, որոնք բանակցություններն սկսում են չեզոք թեմաներից (նախազրույց), ֆրանսիացիները միանգամից անցնում են բուն թեմային: Նրանք կարող են երկար մտածել իրենց որոշման վրա, սակայն մտադրությունների մասին հայտարարում են անկեղծ և ուղիղ: Ֆրանսիացիներն ուշադրության կենտրոնում են պահում նախկին պայմանավորվածությունները: Սովորաբար նրանք հարցերը քննարկում են փուլ առ փուլ, իսկ լուծում են մեկ ընդհանուր փաթեթով: Երբեք չպետք է խաբվել ֆրանսիացու թվացյալ անհոգությունից և բարեհոգությունից: Բանակցության ժամանակ նա խստապահանջ է և ծայրաստիճան նպատակամղված: Բանակցելիս ֆրանսիացիները գնում են առճակատման՝ առանց պահուստային տարբերակի` հնարավոր համարելով միայն հաղթանակը: Հավանաբար նրանք փորձում են շարունակել Նապոլեոնի բանակցային տակտիկան: (Բոնապարտին մի առիթով հարցնում են, թե որն է մարշալ Բլյուխերի դեմ իր հաղթանակների գաղտնիքը: «Բլյուխերն իր ստրատեգիական պլանները կառուցում է՝ ելնելով տարբեր նախադրյալներից: Ես իմ դիմաց տեսնում եմ միայն Նապոլեոնին, իսկ Նապոլեոնը միշտ հաղթում է»,-լինում է կայսեր պատասխանը): ![]() Ֆրանսիական դիվանագիտությունն ունի մի առանձնատկություն, որը դժվար է գտնել այլ դիվանագիտական դպրոցներում: Ֆրանսիացիները ծայրահեղությունների միջև կարողանում են պահել հակասական հավասարակշռություն: Դա նրանք ցայտուն ցուցադրեցին վերջերս, երբ սեղանին դրված էր Հայոց Մեծ եղեռնի ժխտումը քրեականացնող օրինագիծը: Նախագահ Սարկոզին հոյակապ մանևրեց Երևան-Անկարա-Փարիզ եռանկյունում, և վերջին հաշվով ընդունեց այն որոշումը, որը բխում էր իր պետական շահերից: Այդ ամենով հանդերձ, ֆրանսիական դիվանագիտական դպրոցը լավագույններից մեկն է աշխարհում, և կարծում եմ, մեծապես օգտաշատ կլիներ այն մանրամասն ուսումնասիրել և ստեղծագործաբար կիրառել մեր արտաքին քաղաքականությունում: Դրա համար կան անհարժեշտ հիմքեր. ա/ Ֆրանսիան բարեկամ երկիր է, բ/ Ֆրանսիան ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի երեք համանախագահներից մեկն է: | |
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ | |
6459 reads | 28.05.2013
| |