ՉԻՆԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. ԵՐԲ ԴԻՄԱՑԻՆԴ ՏԿԱՐԱՄԻՏ Է ՁԵՎԱՆՈՒՄ (ՄԱՍ ՎԵՑԵՐՈՐԴ)
![]() Արտակարգ և լիազոր դեսպան Փորձառու դիվանագետների սիրած տրյուկներից մեկը, հատկապես բարդ բանակցությունների կամ լարված զրույցների ժամանակ, գիտակցված ձևով համեստություն, անհասկացողություն, անգամ ինքնանվաստացում ցուցադրելն է, որը, դրանք վարպետորեն օգտագործելու դեպքում, դիմացինի մոտ առաջացնում է շփոթություն և տալիս է ցանկալի արդյունք: ![]() 27-րդ ստրատագեման զարգացնելով այս թեման` խորացնում և ընդարձակում է այն` ներառելով շփման այնպիսի ձևեր, երբ կողմերից մեկը իր նպատակները թաքցնելու և դիմացինի պլաններն իմանալու նպատակով խաղում է հիվանդի, հիմարի, հոգեկան հիվանդի կամ խենթի դեր: Հատկապես հետաքրքրություն են ներկայացնում սուտ խենթերը: Օրինակ, նույն Ոդիսևսը խելագար է ձևանում պատերազմին չմասնակցելու համար: Խենթի կերպարանք են ընդունում Դավիթը հին կատակարանում, շեքսպիրյան Համլետը, Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XIII-րդը, Րաֆֆու «Խենթի» հերոս Վարդանը, հեղափոխական Կամո-Տեր Պետրոսյանը և շատ ուրիշ գրական դեմքեր և քաղաքական գործիչներ Ի դեպ, քաղաքական այրերի մոտ նկատվում է հակառակ երևույթը ևս` հիվանդությունը թաքցնելու և հասարակության առաջ առողջական խնդիրները կեղծելու ձևով: Այսպես, 1971 թվականին իր Ասիական ճանապարհորդության ընթացքում Քիսինջերը Պակիստանում ձևացրեց, թե ստամոքսի անհանգստություն ունի և երեք օր անհետացավ տեսադաշտից ու գաղտնի այցելեց Չինաստան: ![]() Խոշոր քաղաքական գործիչների հիվանդությունների մասին հաճախ լռում են կամ թաքցնում: Վուդրո Վիլսոնը ունեցել է սրտի խնդիրներ: Սակայն կինը և բուժող բժիշկը վարպետորեն թաքցրել են նրա հիվանդությունը: Ֆրանկլին Ռուզվելտը բուժվել է հիվանդանոցում ուրիշի անվան տակ: Ջոն Քենեդին և բժիշկները թաքցրել են, որ նա տառապել է անդիսոնային հիվանդությամբ և երկու անգամ հազիվ է փրկվել մահից: Հասարակությունից թաքցրել են Ժորժ Պոմպիդուի մահացու հիվանդությունը, ինչպես նաև Ֆրանսու Միտերանի քաղցկեղը: 36 ստրագեմաններից որն էլ վերցնելու լինեք, ունի արդիական հնչեղություն և, իմ կարծիքով, կարող է միանգամայն օգտակար լինել դիվանագետի գործունեությունում, հատկապես բանակցային դիվանագիտության մեջ: Դատեք ինքներդ: ![]() *«Հեռացրեք կրակը կաթսայի տակից». նախքան որևէ քայլ ձեռնարկելը զրկեք հակառակորդին ներուժից` իմանալով նրա բոլոր փաստարկներն ու կապերը: *«Ստեղծեք ինչ-որ մի բան ոչնչից». ձևացրեք, որ ռեզերվում ունեք ուժ, կապեր և ազդեցություն, եթե նույնիսկ դա չի համապատասխանում իրականությանը: *Օգտագործեք դիվանագիտական բլեֆ. Անհրաժեշտության դեպքում խաբեք, եթե կարող եք *«Հետևեք գետի մյուս ափում բռնկված հրդեհին». թող որ հակառակորդները մարտնչեն իրար հետ, դուք պետք է լինեք կողմնակի դիտորդ: *«Զոհեք սալորը դեղձի համար». միշտ զիջեք փոքրում ավեի մեծը շահելու համար: | |
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ | |
1903 reads | 16.08.2013
| |