ԻՆՉՊԵՍ ԵՂԱՎ, ՈՐ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ԵՎ ՀԵՏԱԽՈՒՅԶԸ ՏԵՂԱՓՈԽԵՑԻՆ ԴԻՎԻԶԻԱՆԵՐԸ
![]() Արտակարգ և լիազոր դեսպան ![]() ![]() Ստալինը Կրեմլ է հրավիրում Անկարայում իր դեսպան Սերգեյ Վինոգրադովին: Սա նրանց երկրորդ հանդիպումն էր երկու տարվա ընթացքում: Առաջինը 1941 թվականին էր, երբ Վինոգրադովը պատրաստվում էր հավատարմագրերը հանձնել նախագահ Իսմեթ Ինյոնյուին, Ստալինը որոշակի խնդիր էր դրել դիվանագետի առաջ` հնարավորինս խոչընդոտել թուրքերին` պատերազմի մեջ մտնելու Առանցքի երկրների (պետությունների ռազմաքաղաքական բլոկ՝ Գերմանիայի և Իտալիայի գլխավորությամբ) կողմից: Ստալինը «Սակկո-Վանցետի» հաստ, կարմիր մատիտը ձեռքին մոտենում է քարտեզին և կարծես շարունակում մեկ տարի առաջ ընդհատած խոսակցությունը: Մատիտը տանելով անդրկովկասյան սահմանի երկայնքով` նա, առանց շուռ գալու, հարցնում է. – Ի՞նչ գործողություններ կձեռնարկեն թուրքերը, եթե այստեղ տեղակայված մեր դիվիզիաների մի մասը տեղափոխենք ռազմաճակատ: Վինոգրադովը լռում է: Ստալինը, մոտենալով դեսպանին և վերևից նայելով նրան, այս անգամ ուղղակի հարցնում է. – Թուրքիան կհարձակվի՞ մեզ վրա: Լռելն այլևս անիմաստ էր: – Իոսիֆ Վիսարիոնովիչ, Թուրքիան չի հարձակվի Խորհրդային Միության վրա,– համոզված պատասխանում է դեսպանը: ![]() ![]() …Երբ Մոսկվայի պաշտպանության ծանր օրերին Գլխավոր շտաբը թարմ ուժեր` սիբիրյան ընտրյալ դիվիզիաներն ուղարկեց Արևմուտք, Կրեմլը համոզված էր, որ ծագող արևի երկիրը` Ճապոնիան, չի սկսելու ռազմական գործողություններ: Եվ դա շնորհիվ մի մարդու` ռազմական լեգենդար հետախույզ Ռիխարդ Զորգեի ստույգ ինֆորմացիայի, որ ստացել էր Տոկիոյից: Մոսկվան փրկվեց, իսկ Զորգեին ճապոնացիները մահապատժի ենթարկեցին: Երբ նա, հետախույզների ժարգոնով ասած, «վառվեց», այսինքն` բռնվեց, Ստալինը մատը մատին չխփեց իր հերոսին փրկելու համար: Ի դեպ, Խորհրդային Միության հերոսի կոչումը նա ստացավ շատ ուշ` տարիներ անց: ...Իսկ Մոսկվան Թուրքիայում ունե՞ր իր «Զորգեն»: Եվ, ի վերջո, որտեղի՞ց էր Վինոգրադովի ինքնավստահությունը: Այս մասին պատմությունը լռում է, սակայն չի ժխտում, որ դիվանագիտությունը և հետախուզությունը նույն մեդալի երկու երեսներն են, որոնք կոչված են պահպանելու և ամրապնդելու պետականությունը: Սերգեյ Վինոգրադովը մեծ ավանդ ունի Խորհրդային Միության դիվանագիտական ծառայության մեջ: Այլապես ինչո՞վ բացատրել, որ Ստալինը, խախտելով պետական արարողակարգը, պատերազմից հետո դեսպանին անձամբ հանձնեց նրան շնորհված Լենինի շքանշանը: Նման դեպք խորհրդային դիվանագիտության պատմության մեջ չի եղել ո՜չ առաջ, ո՜չ էլ հետո: | |
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ | |
2135 reads | 06.07.2013
| |