ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ. ՍՈՒՐՀԱՆԴԱԿՆԵՐ
![]() Արտակարգ և լիազոր դեսպան ![]() Սուրհանդակների ինստիտուտը շատ հին է: Հելլադայում, օրինակ, հույն-պարսկական պատերազմների ժամանակ ինֆորմացիայի փոխանցման հետաքրքիր ձև էին գտել: Խուզում էին կապավորի գլուխը, չջնջվող թանաքով վրան գրում անհրաժեշտ տեքստը և սպասում, որ մազերն աճեն, ապա «կենդանի փոստն» ուղարկում էին տուն: Կապի այս միջոցը երկար չգործեց. պարսկական հակահետախուզությունը մատնությամբ հայտնաբերեց «գլուխ-փոստերը» և դրանք… հեռացրեց մարմիններից: Սուրհանդակների «փոստը» այդ տարիներին հատկապես զարգացրին պարսիկները: Նրանց կապն այն ժամանակների համար գործում էր ռեկորդային արագությամբ: Այնքան օր, որքան տևում էր փոստի տեղափոխումը, նույնքան թվով մարդ ու ձի էին կարգում ճանապարհին` յուրաքանչյուր օրվա համար մեկ մարդ և մեկ ձի: Ոչ ձյունը, ոչ անձրևը, ոչ տապը, ոչ գիշերը, ոչինչ չէր կարող սուրհանդակներին խանգարել, որ յուրաքանչյուրն արագ և ժամանակին անցնի իր համար սահմանված ճանապարհը: Փոխանցումը շղթայական էր. առաջին սուրհանդակն իրեն հանձնարարվածը հանձնում էր երկրորդին, երկրորդը` երրորդին, և այսպես` մինչև նշանակված կետը: Այս հեծյալ սուրհանդակներին պարսիկներն անվանում էին «անգարիոն»: Մինչև վերջին մանրուքը մշակված դիվանագիտական երթուղին ապշեցնում է իր օպերատիվությամբ: Հաղորդագրությունը Պերսեպոլիսից Էգեյանի ափեր հասնում էր 9–10 օրում: Կապի մյուս` ոչ պակաս արդյունավետ ձևերից էր կրակի ազդանշանը, երբ իրադարձության վայրից տեղեկությունը կայծակնային արագությամբ հասնում էր արքայից արքային: Կապի այս ձևին չէր զիջում ձայնային կապը: Օգտագործելով բնական ակուստիկայի և ռելյեֆի հնարավորությունները` պարսիկները, իրար ձայն տալով, լուրը տեղ էին հասցնում այնպիսի հեռավորությունից, որը ոտքով անցնելու դեպքում կպահանջվեր առնվազն մեկ ամիս: Դարեր շարունակ, այսօր ևս, երբ առկա են տեխնիկայի վերջին նվաճումները, պետությունները սուրհանդակային կապը շարունակում են օգտագործել դիվանագիտական, ռազմական, հետախուզական և այլ նպատակներով: Այդ աշխատանքը միշտ էլ վտանգաշատ է համարվել, քանի որ դիվանագիտական փոստի հափշտակումը բոլոր ժամանակներում եղել է հատուկ ծառայությունների հիմնական թիրախներից մեկը: …1918 թվականին Կովկասի գործերով խորհրդային կառավարության արտակարգ կոմիսար Ստեփան Շահումյանը դիվանագիտական առաքելությամբ Իրան է գործուղել Կոլոմինցևին և սուրհանդակ Կաշկարովին: Երկուսն էլ սպանվել են: Ութ տարի անց Եվրոպա փոստ տեղափոխելիս, երբ գնացքն անցնում էր Լիտվայի տարածքով, զինված հարձակում են գործել խորհրդային սուրհանդակներ Թեոդոր Նետտեի և Մախմալստալի վրա: Նետտեն սպանվել է, ընկերը` ծանր վիրավորվել: ...Այդ տարիներին խորհրդային արտաքին գործերի կոմիսարիատի դիվանագիտական սուրհանդակների մեջ աչքի էր ընկնում Արշակ Բարաթյանը: Քարտաշի տասնհինգամյա ղարաբաղցի աշակերտը կամավոր կռվում է Թուրքեստանում խորհրդային կարգերի հաստատման համար, հետո Մոսկվայում ավարտում է արևելյան լեզուների ինստիտուտը և դառնում սուրհանդակ: Նա կոմիսարիատ է գալիս նախարար Գեորգի Չիչերինի երաշխավորությամբ: Ու քանի դեռ վերջինս աշխատում էր որպես նախարար, կապեր է ունեցել անվանի դիվանագետի հետ, կատարել է նրա անձնական ու գաղտնի հանձնարարությունները հատկապես Աֆղանստանում, Իրանում և Թուրքիայում: ![]() Արշակը հնարամիտ էր, սառնասիրտ, ճարպիկ ու ֆիզիկապես կոփված: Օտար լեզուների իմացությունը, տեղական բարբառներին տիրապետելը, մարդկանց հետ դյուրությամբ շփվելու հատկությունն օգնում էին նրան դուրս գալու ամենավտանգավոր իրավիճակներից և կատարելու տրված առաջադրանքը: 1923 թվականին խորհրդա-բրիտանական հարաբերությունները ծայրաստիճան լարված էին: Բրիտանական կառավարությունն արտգործնախարար Քերզոնին հանձնարարում է վերջնագիր ուղարկել Մոսկվա՝ պահանջելով հետ կանչել խորհրդային դեսպաններին Պարսկաստանից և Աֆղանստանից: Բարաթյանը նոր էր վերադարձել Քաբուլից, երբ նրան իր մոտ է հրավիրում Չիչերինը: – Այս հույժ գաղտնի ծրարը պետք է անձամբ հասցնես Քաբուլում մեր դեսպանին: Ժամկետը` 25 օր: Այն ժամանակ Մոսկվայից Քաբուլ սովորական ուղևորությունը տևում էր 40–45 օր: 25 օրում կարելի է ընդամենը հասնել մինչև Մազարա: Իսկ այնտեղից Քաբո՞ւլ… – Գիտեմ,– գուշակում է նախարարն Արշակի միտքը:– Գտեք կարճ ուղի` լեռնաշղթայով: Երբ սուրհանդակն անցնում է Աֆղանստանի սահմանը, ծանոթ ցեղապետը հայտնում է, որ Քաբուլ տանող ճանապարհն անգլիացիները փակել են. փնտրում են ինչ-որ բոլշևիկի: Մնում էին Հինդուկուշի անանցանելի կածանները: Արշակն այլընտրանք չուներ… Նրան թվում էր, թե քայլում է աշխարհի տանիքի վրայով, և ամպերը շոյում են գանգուրները: «Կույր» կեռմաններից մեկում ձին գահավիժում է անդունդը: Բարեբախտաբար, Արշակը քայլում էր կողքից և կարողանում է ժամանակին ձեռքն ազատել սանձից ու մի կողմ ցատկել: Հովտում` աուլներից մեկում, Արշակին հաջողվում է ավանակ գնել: Մինչև Քաբուլ հասնելը փոխում է մի քանի գրաստ և ծրարը հասցնում դեսպանություն: Մոսկվայից Քաբուլ է հասնում տասներեք օրում. այն ժամանակների համար` անհավատալի, ռեկորդային արագություն: Երկու օր ու գիշեր քնելուց հետո, երբ Արշակն ուշքի է գալիս, հրավիրում են դեսպանի մոտ: Վերջինս ժպիտով դիմավորում է սուրհանդակին, հետո թղթապանակից մի թուղթ է հանում և ասում: – Այս շիֆրհեռագիրը Մոսկվայից է, քեզ է վերաբերում: Լսիր. «…Կարևոր և շտապ հանձնարարությունն անբասիր և անձնվիրաբար կատարելու համար դիվանագիտական սուրհանդակ Արշակ Քրիստափորի Բարաթյանին հայտնել շնորհակալություն և պարգևատրել անվանական ոսկե ժամացույցով»: Հեռագիրն ստորագրել էր Չիչերինը: | |
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ | |
2497 reads | 19.07.2013
| |