ԴԵՍՊԱՆՆ ԻՐՈ՞Ք ՊԱՏՎԱՎՈՐ ԼՐՏԵՍ Է
![]() Արտակարգ և լիազոր դեսպան ![]() Իսկ ո՞րն է այդ ծառայության էությունը: Նրանք իրենց երկրների շահերի պաշտպանության նպատակով հայթայթում են ինֆորմացիա օտար երկրների գործողությունների և ծրագրերի վերաբերյալ: Սա է դիվանագիտության և հետախուզության հիմնական ընդհանրությունը: Իսկ տարբերությունն այն է, որ այդ ինֆորմացիայի ձեռքբերման մեթոդներն ու աղբյուրներն ամենևին էլ նույնը չեն և նման չեն: Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի 1961 թվականի համաձայնագիրը (կոնվենցիա) թույլատրում է դիվանագետին ինֆորմացիա ստանալ միայն և միայն օրինական ճանապարհով: Իսկ հետախուզությունն իր ինֆորմացիայի ձեռքբերման համար դիմում է մեթոդների, որոնք հեռու են օրինական լինելուց: Իսկ ի՞նչ է` դեսպանությունը չի՞ իրականացնում լրտեսական գործունեություն: Իհարկե, իրականացնում է: Այն էլ ինչպես: Սակայն դրանով զբաղվում են ոչ թե դիվանագետները, այլ հատուկ այդ նպատակով արտասահման գործուղված պրոֆեսիոնալ հետախույզները: Նրանք աշխատում են դեսպանությունների, հյուպատոսությունների և միջազգային կազմակերպությունների «տանիքի» տակ և հենց այդպես էլ կոչվում են` «տանիքայիններ»: Սրանք իրենց հերթին բաժանվում են երկու մասի` քաղաքական հետախուզություն ու ռազմական հետախուզություն, և, համապատասխանաբար, ենթարկվում են իրենց երկրների անվտանգության ու պաշտպանության գերատեսչություններին: Այսինքն` մի հարկի տակ երեք տնտեսություն` մեկ դիվանագիտական և երկու հետախուզական: Այդ փակ` դեսպանընկալ երկրի օրենքներից անդին գտնվող տարածքում ով ո՞ւմ է ենթարկվում, ինչպե՞ս են կանոնակարգվում երեք տարբեր ծառայություններում մարդկային և աշխատանքային փոխհարաբերությունները... Այս հարցերին դժվար է միանշանակ պատասխան տալ: Չնայած այն բանին, որ բոլոր համակարգերում նրանք ծառայում են իրենց երկրների շահերին, այնուամենայնիվ, նրանց միջև ժամանակ առ ժամանակ ծագում են խնդիրներ, առաջանում է մի տեսակ անառողջ մրցակցություն` նախանձ` ով ավելի շուտ և ավելի կարևոր ինֆորմացիա կուղարկի Կենտրոն: Ճիշտ է, դեսպանը պետության բարձրագույն իշխանության ներկայացուցիչն է արտասահմանում, և այնտեղ գործող բոլոր կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք պարտավոր են ենթարկվել ու հաշվետու լինել նրան, սակայն նշված հետախուզություններն ունեն նաև իրենց ռեզիդենտները և կապի սեփական միջոցները Կենտրոնի հետ: Եվ, ամենագլխավորը, ռեզիդենտը դեսպանին չի ծանոթացնում իր ինֆորմացիային: Այսպես է դրվածքը բոլոր երկրների դեսպանություններում: Թերևս բացառություններ կան, բայց դա օրինաչափություն չէ: Եվ պատահական չէ, որ Կենտրոնը հաճախ ստանում է տարբեր, անգամ՝ հակասական ինֆորմացիա, որը երբեմն աղետալի հետևանքներ է ունենում երկրի արտաքին քաղաքականության կուրսը որոշելու ժամանակ: ![]() ![]() Չգիտեմ` սա՞ է եղել պատճառը, թե՞ բնական գերկասկածամտությունը, բայց Ստալինը քամահրանքով է ընդունել իր հետախույզ Ռիխարդ Զորգեի հաղորդագրությունը, որտեղ նա հստակ նշում էր ֆաշիստական Գերմանիայի` Խորհրդային Միության վրա հարձակվելու օրը: Միգուցե Ստալինի անվստահությունը հիմքեր ուներ: Բանն այն է, որ հետախուզությունները մեկ անգամ չէ, որ ապատեղեկացրել են իրենց կառավարություններին: Այսպես` 1941 թվականին ԱՄՆ-ի հետախուզության մեղքով Ճապոնիան կարողացավ ամբողջովին ոչնչացնել նրա խաղաղօվկիանոսյան Պըռլ-Հարբոր ռազմածովային հենակետը (բազա): Նույն այդ հետախուզությունը գաղափար չուներ, որ Իրանի շահը տապալվելու է, և իշխանության է գալու Այաթոլլա Խոմեյնին: Երևի նման գործելակերպն է նկատի ունեցել նախագահ Ռիչարդ Նիքսոնը, երբ դառնությամբ ասել է. «Ամերիկան արտասահմանում պահում է 40 հազար լրտես, որոնք թերթ են կարդում»: ![]() Իսկ անգլիական հնագույն հետախուզությունը` Ինթելիջենս սերվիսը, 1989 թվականին ճիշտ չհաշվարկեց Արգենտինայի ռազմական գործողությունները Ֆոլկլենդյան կղզիներում: Աֆղանական պատերազմում թաքնված է խորհրդային, իսկ իրաքյանում` ամերիկյան հետախուզությունների մեղքը: Իսկ Կենտրոնական հետախուզական վարչությունը մի՞թե երբևէ կարող է թոթափել 2001 թվականի սեպտեմբերի 11-ի նյույորքյան ողբերգության մեղքի իր բաժինը: Ուշագրավ է Չերչիլի մոտեցումը հետախուզական աշխատանքին: Երբ Անգլիայի հատուկ ծառայությունները ներկայացնում են իրենց եզրակացությունը, թե Գերմանիան չի հարձակվելու Խորհրդային Միության վրա, և որ Հիտլերն ու Ստալինը համաձայնության են գալու, պրեմիեր-մինիստրը վերլուծում է հետախույզների կանխատեսումը նրանց իսկ տվյալների հիման վրա և պնդում հակառակը, որ Գերմանիան հարձակվելու է ԽՍՀՄ-ի վրա հենց 1941-ին և այդ մասին հայտնում է Ստալինին: Վերջինս նրան նույնպես չի հավատում: | |
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ | |
2053 reads | 21.04.2013
| |