ՇՎԵՅՑԱՐԱԿԱՆ ՉԵԶՈՔՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՆԴԵՄ
![]() Արտակարգ և լիազոր դեսպան ![]() Այստեղ նա նկատել էր զարմանալի հակասություն: Ատոմային ռումբին տիրապետող կամ դրա ստեղծմանը մասնակցած մեծ տերությունները միջազգային բանակցություններում ավելի «դյուրամատչելի» էին, քան նրանց արբանյակները և նախկին դոմինիոնները կամ փոքր երկրները: Ժամանակ առ ժամանակ խնդիրներ էին առաջանում նաև չեզոք երկրների հետ: Իհարկե, ոչ բոլորի: Երրորդ ռեյխի երեկվա դաշնակից Ավստրիան, օրինակ, նմանվում էր համեստ նորահարսի: Այլ կերպ չէր էլ կարող լինել. երկիրն իրար մեջ բաժանած դաշնակից զորքերի ներկայությամբ ավստրիացիները ռազմականացման մասին երազել անգամ չէին համարձակվի: Իսկ Շվեյցարիան` այդ կուշտ, երբևիցե վառոդի հոտ չառած, աշխարհի փողերի վրա նստած Գոբսեկը, իրեն պահում էր ինչպես երես առած երեխա` enfant gaté, (ֆրանս.): Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը, խախտելով սահմանադրությունը, շարունակում էր գանձել պատերազմի սկզբին հարկատուների վզին փաթաթած ռազմական տուրքերը, որոնց օրենքով սահմանված ժամկետն ավարտվել էր դեռևս 1951 թվականին: Եվ, ահա, այն երկարացնելու նպատակով իշխանությունները ծրագրում էին անցկացնել հանրաքվե և փոփոխություն կատարել սահմանադրության մեջ: Կարճ ասած` նրանք ձգտում էին երկիրը դնել ռազմականացման ռելսերի վրա: ԱՄՆ-ը և Անգլիան գաղտնի քաջալերում էին Բեռնի մարտաշունչ նկրտումները, Ֆրանսիան չեզոք դիրքորոշում ուներ, իսկ ԽՍՀՄ-ը վճռականապես դեմ էր` լավ հասկանալով, թե ո՜ր ճամբարում կհայտնվի միջուկային զենք ունեցող նոր երկիրը, և ո՜ւմ օգտին կփոխվի ուժերի հարաբերակցությունը միջազգային ասպարեզում: Դեսպան Ալֆրեդ Ցենդերը միշտ փորձում էր համոզել Հարությունյանին, որ իր երկրի քաղաքականության հիմքում դրված է միանգամայն նոր հայեցակարգ` «ռազմականացված չեզոքություն», ըստ որի` շվեյցարական բանակն ունենալու է արդիական զենք` ինքնուրույն ապահովելու համար երկրի պաշտպանությունը: Իսկ Հարությունյանն ապացուցում էր նման կուրսի վտանգավորությունը Եվրոպայի և առաջին հերթին` Շվեյցարիայի համար: Ուշագրավ է, որ Ցենդերը հավատացնում էր, որ անձամբ ինքն սկզբունքորեն դեմ է միջուկային զենքին և դեռևս արտգործնախարարության գլխավոր քարտուղար եղած ժամանակ ընդդիմանում էր ռազմական ծախսերի մեծացմանը: Այսպիսով` միջուկային զենքի չտարածման խնդիրը և այդ հենքի վրա` Շվեյցարիայի չեզոքությունը միջազգային հարաբերությունների ուշադրության կենտրոնում էին: Քաղաքական պայքարի հետնախորքում դիվանագիտական փայլուն մանևր կարելի է համարել հետևյալ դեպքը, որը ներկայացնում ենք՝ ըստ Համազասպ Հարությունյանի զրույցի գրառման: …1958 թվական: Հունիսի 12: Մոսկվա: Կրեմլ: Ընդունելություն Չեխոսլովակիայի ղեկավար Անտոնին Նովոտնիի պատվին: Ճաշից հետո օտարերկրյա դեսպանները շրջապատում են ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ Անաստաս Միկոյանին: Նկատելով Շվեյցարիայի դեսպանին` նա բարձրացնում է շամպայնի բաժակը. – Առաջարկում եմ խմել Շվեյցարիայի և նրա չեզոք քաղաքականության կենացը: Մի քանի քայլ այն կողմ կանգնած Հարությունյանը լարվում է… Ճաշկերույթից տառացիորեն րոպեներ առաջ Հարությունյանին զեկուցել էին արտասահմանյան ռադիոլսումների տեսությունը, ըստ որի, Շվեյցարիայի կառավարությունը որոշել էր բանակը զինել ատոմային ռումբով: Այդ մասին ընդունելության սկզբում նա հարցրել էր դեսպանին, որը խուսափողական պատասխան էր տվել` ասելով, որ հարցի ուսումնասիրման նպատակով ստեղծված է կառավարական հանձնախումբ, սակայն որոշում դեռևս չի կայացվել: Հարությունյանը պարզապես ֆիզիկապես ժամանակ չէր ունեցել ղեկավարությանը զեկուցելու այդ մասին: Ճիշտն ասած` առանձնապես չէր էլ կարևորել ոչ պաշտոնական տեղեկատվությունը, որն անպակաս էր ԶԼՄ-ներում: Եվ հիմա գործում էր «ստորության օրենքը»: Ում մտքով կարող էր անցնել, որ Միկոյանը խաղարկելու էր հենց շվեյցարական չեզոքության խաղաքարտը: Սակայն շփոթմունքը տևում է մի ակնթարթ: Հարությունյանը Հարությունյան չէր լինի, եթե վայրկենապես չարձագանքեր. – Ինֆորմացիա կա, որ նրանք ուզում են ձեռք բերել այն զենքը,–Միկոյանին հայերեն հասցնում է ասել Հարությունյանը: Միկոյանն էլ դարի լավագույն քաղաքագետներից չէր լինի, եթե չիմանար, թե ի՜նչ է ասելու և ինչպե՜ս է ասելու: – Այո,– առանց ընդհատելու շարունակում է նա,– ես առաջարկում եմ խմել Շվեյցարիայի և նրա վարած խելացի քաղաքականության կենացը: Այն բխում է Եվրոպայի ժողովուրդների և շվեյցարացիների շահերից: Հուսով ենք, որ Շվեյցարիայի չեզոք քաղաքականությունը կմնա անփոփոխ, և համոզված ենք, որ նրա ռազմականացման շուրջ պտտվող լուրերն անհիմն են: Դրանք կարելի է նետել քաղաքական բամբասանքների աղբարկղ, այդպես չէ՞, պարո՜ն դեսպան: Դեսպանը կարկամելով սկսում է բացատրել, որ լրատվական գործակալությունների, այդ թվում` Ռոյթերի հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը, և որ այդ հարցում իր կառավարության դիրքորոշման և հաղորդագրության մեջ մեծ տարբերություն կա: Այնուհետև Ցենդերը դիվանագիտական սայթաքում է անում. – Եվ, բացի այդ, մենք փոքր երկիր ենք, ո՞վ է մեզ ատոմային ռումբ վաճառողը,– հարցնում է նա և անմիջապես ստանում Միկոյանի պատասխան հարվածը: – Մե՜նք կարող ենք ձեզ վաճառել այդ ռումբը,– ծիծաղում է Միկոյանը:– Բայց ի՞նչ պետք է անի չեզոք Շվեյցարիան ատոմային զենքը: Հարցը կախվում է օդում: – Ես, ընդհանրապես, խորհուրդ չէի տա Շվեյցարիային նման զենք ձեռք բերել: Հաշվի առեք, որ եթե այդ զենքն ունենաք, ապա միջուկային տերությունների գլխավոր շտաբների քարտեզների վրա կհայտնվի նոր կետ` պատերազմի դեպքում կանխարգելիչ հարվածի թիրախ: Իսկ դա ամենևին չի բխում Շվեյցարիայի շահերից,– արդեն առանց ժպիտի հայտարարում է Միկոյանը: Դեսպանը նկատելիորեն գունատվում է և շտապում է հավաստիացնել, որ խորհրդային տեսակետի մասին անհապաղ կհայտնի իր կառավարությանը: – Եվ ճիշտ կանեք,– քաջալերական և խրատական տոնով նկատում է Միկոյանը:– Հայտնեք ձեր կառավարությանը, որ Խորհրդային Միությունը բարձր է գնահատում Շվեյցարիայի չեզոքությունը: Ավստրիայի հետ միջպետական պայմանագրի ստորագրման ժամանակ մենք առաջարկեցինք Շվեյցարիայի չեզոքության մոդելը: Հիմա պարզվում է, որ Ավստրիայի չեզոքությունը շվեյցարականին նմա՞ն չէ: Այդպես չի՜ լինում: Հետագայում, երբ Շվեյցարիան վերջնականապես հրաժարվում է միջուկային զենքի հավակնությունից, դեսպանը հայտնում է Հարությունյանին, որ այդ որոշման ընդունման վրա որոշակիորեն ազդել է Անաստաս Միկոյանի՝ Կրեմլում արած հայտարարությունը: Զուր չէ ասված, որ Միկոյանը Խորհրդային Միության ամենաճկուն դիվանագետներից մեկն էր: | |
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ | |
2374 reads | 10.06.2013
| |