ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՐՐՈՐԴ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ` ՆԱՍԵՐԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ
![]() Արտակարգ և լիազոր դեսպան ![]() Ներկայացնում ենք զրույցի գրառումը որոշ կրճատումներով: Դեսպան. -Հասկանու՞մ եք, ընկե’ր նախագահ, չէ՞ որ դրանք իմպերիալիստներ են, կապիտալիստներ, իսկ մենք ձեր բարեկամներն ենք… Նասերը նայում է դեսպանին, բոլորին ծանոթ իր խորաթափանց հայացքով: Նասեր. -Սաֆի’ր, (դեսպան: Ա. Ն.), այդ բոլորը ես գիտեմ, ինձ այդ պետք չէ, ասե’ք, թե իմ ընդդիմախոսներին ինչպե՞ս ապացուցեմ, որ ռուսական նախագիծը մյուսներից ձեռնտու է: ![]() Դեսպանը նորից է փորձում գաղափարախոսական դիրքերից համոզել Նասերին, ով կարծես թե սկսում է հետաքրքրությունը կորցնել զրուցակցի նկատմամբ: Հանդիպումը ձախողման վտանգի տակ է: Հակոբովը դեսպանից թույլտվություն է խնդրում` նախագահին դիմելու համար: Նա դժկամությամբ համաձայնում է: Հակոբով. -Ռաի'ս, /նախագահ: Ա. Ն./ ի՞նչ գործարան եք դուք ուզում. գործարան, որտեղ եգիպտացինե՞րը պետք է աշխատեն: Գործարան, որի արտադրած մետաղի ինքնարժեքն ավելի ցա՞ծր լինի, քան համաշխարհային շուկայում: Գործարան, որը կարողանան աշխատեցնել եգիպտացի՞ մասնագետները: Անշուշտ, դուք կարող եք ընտրել գերմանացիների նախագիծը, տեխնոլոգիական տեսակետից նրանց սարքավորումներն ավելի առաջադեմ են, քան մերը, բայց ռուսականներն ավելի պարզ են և հուսալի: Եգիպտացի բանվորները մի ամսվա ընթացքում կտիրապետեն դրանց տեխնոլոգիային: Ինժեներներին ևս մենք տեղում կսովորեցնենք: Իսկ գերմանական սարքավորումներին վարժվելու համար բանվորներին և ինժեներներին մեկ-երկու տարով պետք է ուղարկեք Գերմանիա: Այդ բոլորը թանկ է: Եվ երբ գործարանը սկսի աշխատել, առանց գերմանացի մասնագետների չեք կարող: Հետո մեր մասնագետներին դուք վճարելու եք 500 եգիպտական ֆունտ, իսկ գերմանացիներին` 1000: Եվ եթե այդ ամենը մտնի մետաղի ինքնարժեքի մեջ, արտադրանքը մրցունակ չի լինի. ու՞մ է դա պետք: Նասերը ուշադիր լսում է երիտասարդ դիվանագետի մաքուր արաբերենով համարձակ ելույթը և պատասխանի փոխարեն հարցնում, թե որտե՞ղ է նա սովորել և աշխատել մինչև Կահիրե գալը, հետո շրջվում է դեպի դեսպանը. -Սաֆի'ր, թույլ տուր երիտասարդին լինել իմ խորհրդականը` հասարակական հիմունքներով: Այդ կարգավիճակով Հակոբովը սկսեց երևալ նախագահական պալատում: Շուտով ստորագրվեց պայմանագիր, որով Հելուանի շինարարությունը հանձնարարվեց Խորհրդային Միությանը: Դա քաղաքական և դիվանագիտական հաղթանակ էր, որի մեջ մեծ էր Պողոս Հակոբովի դերը: Նասերի խնդրանքով նա կազմակերպեց խորհրդային մասնագետների մի մեծ խմբի այցելություն Եգիպտոս: Նրանք որոշ ժամանակ տեղում աշխատելուց հետո կազմեցին երկրի տնտեսական զարգացման հեռանակարային նախագիծ: Նասերի կառավարությունն իր կեդանության օրոք այդ պլանը ընդունեց` որպես գործողության հիմք: Հակոբովը խորապես ուսումնասիրեց Եգիպտոսի տնտեսությունը և ակտիվորեն մասնակցեց խորհրդա-եգիպտական առևտրատնտեսական և ռազմական համագործակցության մի շարք պայմանագրերի ստորագրմանը, որոնք այդ երկիրը դարձրին աֆրիկյան մայրցամաքում Մոսկվայի առաջին գործընկերը: Հակոբովի ջանքերի շնորհիվ է նաև, որ Խորհրդային Միությունն ամեն տարի սկսեց ներմուծել 1.000.000 տոննա եգիպտական բարձրորակ բամբակ: Եգիպտական շրջանի Հակոբովի գործերից հիշատակության է արժանի հետևյալը. դեսպան Սերգեյ Վինոգրադովի մոտ միտք է հղանում Կահիրեում և Ալեքսանդրիայում, որտեղ ԽՍՀՄ ունի գլխավոր հյուպատոսություն, կառուցել դիվանագիտական համալիրներ: Հաշվարկումները հանձնարարվում են Հակոբովին: Նա այն կազմում է կովկասյան թափով` 17 միլիոն եգիպտական ֆունտ կամ 34 միլիոն ամերիկյան դոլար: Մնում է մի «մանրուք». հայաթայթել այդ գումարը, քանի որ կենտրոնը երբեք այն չէր հատկացնի: Սկսվում են բանակցություններ Նասերի հետ, ում համոզում են պարտքերի հաշվին հատկացնել այդ գումարը, չնայած եղած պայմանագրերի համաձայն` դրանց դիմաց խորհրդային կողմը իրավունք չուներ Եգիպտոսում շինարարություն ծավալել: Հակոբովի անմիջական հսկողությամբ Եգիպտոսում կառուցված խորհրդային համալիրը արտասահմանում եղած լավագույններից է. երկնաքեր շենքեր, բնակելի տներ, մշակույթի, առողջապահության և մարզական կենտրոններ` քաղաք քաղաքի մեջ: Դիվանագետների հաջորդ սերունդները և նրանց ընտանիքի անդամները պետք է երախտագիտությամբ հիշեն այն մարդկանց անունները, ովքեր Նեղոսի և Միջերկրականի գեղատեսիլ ափերին ստեղծել են այդ ամենը: ![]() -Օ՜, որդի’ս, գիտցիր, որ Եգիպտոսի դարպասները միշտ բաց են քո առաջ: Քո գործերով դու իրավունք ես վաստակել դառնալ Եգիպտոսի քաղաքացի, միայն ցանկացիր այն: Սադաթի թևավոր խոսք դարձած ողջերթի մաղթանքը, բերնեբերան անցնելով, հասել է մինչև մեր օրերը: Ինքը` Հակոբովը, լավ էր հասկանում Սադաթի խոսքերի իսկական արժեքը և անկեղծության աստիճանը: Նախ` Սադաթը երբեք չէր ների Հակոբովի մտերիմ հարաբերություններն իր նախորդի` Նասերի հետ, և այն ակտիվ դերը, որ խաղացել էր խորհրդային դիվանագետը` երկու երկրների հարաբերությունները բարձր մակարդակի վրա դնելու ուղղությամբ: Հակոբովը երկար ուսումնասիրել էր նոր նախագահին և եկել այն եզրակացության, որ Խորհրդային Միության իսկական բարեկամ Նասերին փոխարինելու է եկել նենգ, քաղաքական սկզբունքներից զուրկ, իր անձնականը` հանրայինից բարձր դասող արևելյան խորամանկ քաղաքական գործիչ: Եվ, վերջին հաշվով, ինչպե՞ս հավատար Սադաթին, երբ նա 10 հազար խորհրդային զինվորականների Եգիպտոսից վռնդելուց հետո կտրուկ փոխեց երկրի կողմնացույցի սլաքը, սկսեց ՙ պոչ խաղացնել՚ Ամերիկայի հետ, հայտարարեց ՙբաց դռների՚ քաղաքականություն, սառեցրեց ԽՍՀՄ-ի հետ բարեկամության և համագործակցության համաձայնագիրը, persona non grata-անցանկալի անձ հայտարարեց նրա դեսպանին: Այդ քաղաքականության շարունակությունը եղավ 1979-ին Իսրայելի հետ Քեմպ-Դեվիդի սեպարատ` առանձին համաձայնագրի կնքումը, որով Սադաթը կնքեց նաև իր մահկանացուն. 1981 թ.-ի հոկտեմբերի 6-ին, Հաղթանակի տարեդարձի շքերթի ժամանակ, նա սպանվեց իսլամական ծայրահեղականների ձեռքով: | |
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ | |
2093 reads | 15.06.2013
| |