ԹԵ ԻՆՉՊԵՍ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՆ «ՕԿՈՒՊԱՑՐԵՑ» ՉԻՆԱՍՏԱՆԸ
![]() Արտակարգ և լիազոր դեսպան Գոյություն ունի ոսկե օրենք. թարգմանիչը ճշգրտորեն լեզվից լեզու է փոխանցում գրավոր կամ բանավոր խոսքը: Ոչ մի քայլ` այս կամ այն կողմ: Սակայն կյանքը մտցնում է իր ուղղումները, և լինում են դեպքեր, երբ թարգմանիչը միանգամայն հակառակն է ասում, որը լիովին արդարացված է: Այսպես` ԽՍՀՄ-ի տեխնիկական օգնությամբ Ալժիրում կառուցված Էլ Հաջարի մետալուրգիական գործարանի բացման արարողությանը մասնակցելու նպատակով Մոսկվայից ժամանում է պաշտոնական պատվիրակություն` Տնտեսական համագործակցության պետական կոմիտեի նախագահ Կիրիլ Սկաչկովի գլխավորությամբ: Բացի այն, որ նրա տարիքը բավական առաջացած էր, ինքն էլ` վատառողջ, ինքնաթիռից իջնելուց հետո` մինչև մեկնելը, ինչպես ռուսներն են ասում` «չէր չորանում», այսինքն` խմում էր: Պաշտոնական արարողության ժամանակ, չնայած նրա համար գրված տեքստին, նա սկսում է այսպես. – Սիրելի թուրք բարեկամնե՜ր: Թարգմանում էր երիտասարդ դիվանագետ Յուրի Ֆեդոտովը, (տարիներ անց նա դարձավ ՌԴ-ի ներկայացուցչի տեղակալը ՄԱԿ-ում, այնուհետև նշանակվեց փոխարտգործնախարար, իսկ ներկայումս ՌԴ-ի դեսպանն է Լոնդոնում): – Սիրելի ալժիրցի բարեկամներ,– թարգմանում է Ֆեդոտովը: Արարողությանը ներկա բազմաթիվ ալժիրցիներ, որ խորհրդային բուհերի շրջանավարտներ էին, սկսում են ծիծաղել: Սկաչկովն առանց հասկանալու, թե ինչ է կատարվում, շարունակում է. – Սիրելի թուրք բարեկամնե՜ր, Խորհրդային Միությունն օգնեց ձեզ կառուցելու Իսկենդերունի մետալուրգիական գործարանը: – Սիրելի ալժիրցի բարեկամներ, Խորհրդային Միությունն օգնեց ձեզ կառուցելու Էլ Հաջարի մետալուրգիական գործարանը,– թարգմանում է Ֆեդոտովը: Ծիծաղը սաստկանում է: Սկաչկովի կողքին կանգնած դեսպան Վասիլի Ռիկովը արմունկով հրում է նրան. – Լսիր, դու Ալժիրում ես, սրանք էլ թուրքեր չեն: – Մեղա քեզ, Տեր, ուրեմն սրանք թուրքեր չեն (Ой, батюшки, оказывается они не турки!),– բացականչում է բանախոսը: Սկաչկովի «ռեկորդը» ավելի ուշ կրկնել է Բրեժնևը՝ Բաքվում: ![]() Այս քարացած սովորույթը մի օր պատճառ դարձավ դիվանագիտական սկանդալի, երբ թուրքական պատվիրակության հայտարարության մեջ նշված հնչյունաբանության ազդեցությամբ կամ պարզապես թարգմանչի «թեթև ձեռքով» հայկական Լաչինը դարձավ Լա Շին, այսինքն` ոչ ավել, ոչ պակաս` Չինաստան: ![]() Հոֆբուրգ պալատում, որտեղ տեղի էին ունենում ԵԱՀԽ-ի (1995-ից` ԵԱՀԿ) նիստերը, բուռն քննարկումներ էին սկսվել Լաչինի՝ հայկական զինուժի կողմից գրավման կապակցությամբ: Թուրքերի ճնշմամբ ընդունված բանաձում ասվում էր. «Երեկ Հայկական զորքերն օկուպացրին Լաչինը»: Թարգմանությունը վեց լեզվով էր, այդ թվում` ֆրանսերեն: Եվ այսպես` ֆրանսերեն թարգմանիչն ասում է. – Hier l'Armée d'Arménie a` occupée la Chine (Երեկ Հայաստանի բանակն օկուպացրեց Չինաստանը): Ասվածը թերևս մնար աննկատ կամ գրավեր միայն ֆրանսերեն իմացողների ուշադրությունը: Սակայն դահլիճում ներկա էր Չինաստանի ներկայացուցիչը` ԵԱՀԽ-ի դիտորդի կարգավիճակով: Նա սկանդալ է սարքում, որը դուրս է գալիս դիվանագիտական նորմերի սահմաններից: Նիստն ընդհատվում է: Հետո` վերսկսվում: Բոլոր պատվիրակները միացնում են վահանակի ֆրանսիական ալիքը և դնում ականջակալները: Թարգմանիչը հայտարարում է. – Excusez-moi, s'il vous plait, ce m'est pas l'Armée d'Arménie, qui a occupée la Chine, c'est l'Armée de Haut Karabakh, qui a occupée la Chine (Ներեցեք, խնդրում եմ: Հայաստանի բանակը չէ, որ օկուպացրել է Չինաստանը: Դա Լեռնային Ղարաբաղի բանակն է, որ օկուպացրել է Չինաստանը): | |
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ | |
3100 reads | 21.06.2013
| |