ԹԵ ԻՆՉՊԵՍ ԿԱԴԱՖԻՆ ՀՅՈՒՐ ԵԿԱՎ ԻՐ ԵՂԲԱՅՐ ԲՐԵԺՆԵՎԻՆ
![]() Արտակարգ և լիազոր դեսպան ![]() Խորհրդային ԱԳՆ-ի Աֆրիկայի առաջին բաժնում պարբերաբար նորություններ էին հայտնվում այդ էկզոտիկ քաղաքական գործչի մասին, որը դառնում էր զվարճության առարկա: Սակայն 1978 թվականի հունվարյան մի առավոտ` ամենօրյա խորհրդակցության ժամանակ, բաժնի վարիչ Ալեքսեյ Շվեդովի հայտնածը դուրս էր երևակայությունից: Պարզվում է, որ գիշերը նրան հանել են անկողնուց և շտապ կանչել «Շերեմետևո» միջազգային օդանավակայան: Այնտեղ են եղել Անդրեյ Գրոմիկոյի առաջին տեղակալ Վասիլի Կուզնեցովը` իր օգնականներով, պետանվտանգության կոմիտեի աշխատակիցներ, պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ: Կուզնեցովին զեկուցել են, որ մեկ ժամ առաջ Բոինգ-707-ն անցել է պետական սահմանը: Ի պատասխան հարցման` ինքնաթիռից հայտնել են, որ «գնդապետ Մուամար Կադաֆին հյուր է գալիս իր եղբայր Բրեժնևին»: Բարեբախտաբար, հակաօդային պաշտպանությունը չի կասեցրել թռիչքը, ինչպես արվեց մի քանի տարի անց` հարավկորեական մարդատար ինքնաթիռի դեպքում, որի բոլոր ուղևորներն ու անձնակազմը զոհվեցին: Մի խոսքով` Կադաֆին ձեռնարկել էր այց, որի մասին մինչ այդ ակնարկ անգամ չէր եղել: Շուտով լիբիական ինքնաթիռն իրոք վայրէջք է կատարում ու անշարժանում: Մոտենում է շարժասանդուղքը: Դուռը բացվում է, և լիբիացի սպան վերևից մաքուր ռուսերենով հարցնում է. – Իսկ եղբայր Բրեժնևը եկե՞լ է իր եղբորը դիմավորելու: Ներքևից պատասխանում են, որ խորհրդային ղեկավարությունը Կադաֆիին կընդունի վաղը, իսկ հիմա նրան հրավիրում են պետական առանձնատուն` հանգստանալու: Սպան հեռանում է, դուռը փակվում: Դիմավորողները սպասում են: Հանկարծ, խախտելով անվտանգության բոլոր կանոնները, ինքնաթիռի շարժիչներն սկսում են աշխատել: Շարժասանդուղքն արագ հեռացնում են, իսկ դիմավորողները գրեթե վազելով հեռանում են: Ինքնաթիռը շարժվում է դեպի թռիչքուղի և օդ բարձրանում: ... Բաժնի ամենօրյա օպերատիվ խորհրդակցությունն սկսելով այս հաղորդագրությամբ և դեմքի լուրջ արտահայտությամբ, Շվեդովն այն ավարտում է ներկաների հետ բարձրաձայն ծիծաղով: ![]() Բաժինը հույս չուներ, որ իր «եղբայր Բրեժնևից» վիրավորված Կադաֆիին կհաջողվի բերել Մոսկվա: Շվեդովը, տաղանդավոր Շվեդովը (այս խոսքերի տակ կստորագրեն խորհրդային բոլոր դիվանագետները) ընդամենը մեկ տարի անց կազմակերպում է այդ այցը` բավական հաջող, բայց արկածներով: Կադաֆին առաջին օրը հրաժարվում է սենյակից դուրս գալ` պատճառաբանելով, որ աստղերի դասավորվածությունն այն չէ, իսկ հաջորդ օրը պաշտպանության նախարարություն այցելելու փոխարեն ցանկություն է հայտնում ներկա լինել որևէ մահմեդականի հուղարկավորության: Շվեդովը կեսկատակ-կեսլուրջ դիմում է չեկիստներին. «Չսպանեք, բայց գտեք չթաղված մահմեդականի»: Հաշվված ժամերի ընթացքում հաջողվում է գտնել մոսկովացի թաթար հավաքարարների մի ընտանիքի, որի` Կազանից հյուր եկած ազգականը նախօրեին հանկարծամահ էր եղել: Հուրախություն հավաքարարների ընտանիքի` Նախարարների խորհրդի պահուստային ֆոնդի հաշվին տեղնուտեղը կազմակերպվում է ազգականի թաղումը: Սակայն Կադաֆին արարողությունը հանկարծ ընդհատում է հայտարարելով` ծիսակարգը խախտում են: Հնարամիտ Շվեդովն առաջարկում է, որ պատվավոր հյուրն ինքը ղեկավարի արարողությունը: Կադաֆին հաճույքով համաձայնում է և ավարտում այն: | |
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ | |
2211 reads | 14.06.2013
| |