ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԸ` ՄԱՐԴԱԿԵՐԻ ՊԱՏԳԱՐԱԿԱԿԻՐՆԵՐ
![]() Արտակարգ և լիազոր դեսպան ![]() Ամինն ահաբեկչության չգերազանցված վարպետ էր, որի քաղաքականությանը զոհ դարձավ մոտ կես միլիոն մարդ. երկու հազարին նա սպանել է անձամբ: Հատուկ նշանակության նրա ջոկատայինները ոչնչացրել են բանակի սպայակազմը, իսկ շտաբի պետի` Սուլեյման Հուսեյնի կտրած գլուխը` որպես ռազմավար, Ամինը պահել է սառնարանում: Նախագահի զոհերի թիվը տարեցտարի աճում էր. մարդկանց չէին հասցնում թաղել և նետում էին Նեղոսը` կոկորդիլոսներին կեր: Իշխանությունները մի քանի անգամ ստիպված էին կանգնեցնել Ջինջե հիդրոէլեկտրակայանը. դիակները խցանել էին ջրընդունիչ խողովակները: Ամինն առանձին դաժանություն էր ցուցաբերում երկրի քրիստոնյա բնակչության նկատմամբ: Նա անձամբ գնդակահարել է Ուգանդայի, Ռուանդայի և Բուրունդիի արքեպիսկոպոս Յանանի Լուվումին: Իսկ մեկ ամիս անց Կահիրեում` աֆրոասիական երկրների գագաթնաժողովում, առանց կարմրելու (եթե անգամ կարմրեր, մեկ է՝ չէր երևալու) հայտարարել է. «Ուգանդայում բանտեր չկան: Մենք ապրում ենք խաղաղ և անվտանգ պայմաններում: Ուգանդան ազատ երկիր է, և նրա ժողովուրդը բարգավաճում է»: Բոլոր բռնակալների բառապաշարը նույն է… Ամինի «քաջագործությունների» ցանկը մեծ է: Նա Ուգանդայի Էնթեբե քաղաքի օդանավակայանը տրամադրել է պաղեստինցի ահաբեկիչների փախցրած «Էյր Ֆրանս» մարդատար ինքնաթիռին և պատրաստվում էր հաշվեհարդար տեսնել 256 ուղևորի հետ, որոնց մեծ մասը Իսրայելի քաղաքացի էր: Սակայն Իսրայելի հատուկ ծառայությունները (Մոսսադ) ազատեցին պատանդներին` սպանելով երեք տասնյակ ուգանդացի զինվորների և ահաբեկիչների, պայթեցրին օդանավակայանի բոլոր ռազմական ինքնաթիռները, ի դեպ, խորհրդային արտադրության ՄԻԳ-երը: Սա պատմության մեջ ահաբեկչության դեմ իրականացված փայլուն գործողություններից է: Ինչպես բոլոր բռնակալներին, Ամինին նույնպես վիճակված էր անփառունակ վախճան: Նա պատերազմ հայտարարեց հարևան Տանզանիային` մոռանալով, որ Ուգանդայից փախած հարյուր-հազարավոր մարդիկ միանալու են հակառակորդին: Ամինը պարտություն կրեց: Փախավ արտասահման և մահացավ Սաուդյան Արաբիայում` կասկածելի մահով: Իդի Ամինը XX դարի ամենանողկալի և զազրելի անձանցից էր: Անկախ ամեն ինչից` նա ունեցել է հոգեկան լուրջ խանգարումներ և սեքսուալ շեղումներ: Պաշտոնապես նա ամուսնացել է յոթ անգամ և իր հաշվին գրանցել մոտ 30 սիրուհի: Նրա երեխաների թիվը հասնում էր 60-ի: ![]() Եվ այդ պարանոիկ մարդակերը նախագահության օրոք այնպիսի քմահաճություններ է արել, որ չգիտես` լա՞ս, թե՞ խնդաս: Տոնակատարությունների ժամանակ նրան, ինչպես փարավոններին և կեսարներին, տեղից տեղ տարել են հատուկ պատգարակով: Եվ այդ խելապակասը կարգադրել է, որ պատգարակը կրողների մեջ լինեն… նաև օտարերկրյա դեսպաններ: Դժվարանում եմ ասել, թե որ երկրների դիվանագետներն են ստորացել այդ աստիճանի, բայց որ այդպիսիք եղել են, փաստ է: Նրանց հավանաբար առաջնորդել է իրենց և դեսպանընկալ երկրի միջև բարեկամական հարաբերությունները պահպանելու և խորացնելու սուրբ առաքելությունը, կամ էլ երևի վախեցել են մարդակերի ստամոքսում հայտնվելուց: Ասում են, որ պատգարակիր դիվանագետները դեռ կատակել են, թե ծանր գործ է Ամինին կրելը. նրա քաշը 120 կիլոգրամ էր: | |
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐ | |
2688 reads | 16.03.2013
| |